Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի խոսքով՝ իշխանական պատգամավորները Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում երեկ դեմ են քվեարկել իր, երեք ընդդիմադիր մյուս գործընկերների ու Եվրախորհրդարանի երկու սոցիալիստ պատգամավորների առաջարկին, որով Ադրբեջանին պահանջ էր ներկայացվում միջազգային անվտանգային երաշխիքների ներքո ապահովել արցախցիների անվտանգ հավաքական վերադարձի իրավունքը իրենց հայրենիք:
«Դեմ քվեարկել են միայն ՔՊ-ականները», - «Ազատությանն» ասաց նա:
Պատգամավորները Եվրանեսթի Քաղաքական կոմիտեի զեկույցի վերջնական տարբերակում էին առաջարկել փոփոխությունը: Ըստ Արթուր Խաչատրյանի՝ նախնական տարբերակում վերահաստատվել է Ադրբեջանում պահվող գերիների ու Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի հարցը լուծելու անհրաժեշտությունը, իրենք գրավոր առաջարկել էին ավելի հստակեցնել ձևակերպումները: Ի վերջո, նախնական տարբերակն է ընդունվել:
Երևանում անցկացված նիստի տեսագրությունից պարզ է դառնում՝ երբ Արթուր Խաչատրյանը իրենց առաջարկին կողմ քվեարկելու կոչ է անում, նրանից հետո խոսք է վերցնում «Քաղաքացիական պայմանագրից» Արման Եղոյանը՝ Հայաստանի իշխանության դիրքորոշումը ներկայացնելու համար:
«Պարոն Խաչատյանի նշած փոփոխությունը հետևյալն է՝ կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին և այլ պահվող անձանց: Մենք սրան դեմ չենք, բայց շարունակությունը հետևյալն է՝ ապահովել Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայերի անվտանգ, հավաքական վերադարձը իրենց հայրենիք՝ միջազգային պաշտպանության ներքո: Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ Հայաստանի կառավարությունը, արտաքին քաղաքականության համար պատասխանատու պաշտոնյաները նման պահանջ չեն ներկայացնում Ադրբեջանին», - ասել է նա:
Լուսատախտակին կոնկրետ քվեարկողների անունները տեսանելի չէին:
Արթուր Խաչատրյանի պնդմամբ՝ դեմ են քվեարկել իշխանական չորս պատգամավորներ, որոնցից մեկը Մարիա Կարապետյանն է եղել, մյուսը՝ Սարգիս Խանդանյանը, բայց քանի որ մեծամասնությունը ձեռնպահ է քվեարկել, կողմ ձայները բավարար չեն եղել փոփոխությունն ընդունելու համար:
«Ազատության» հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հաստատեց, որ դեմ է քվեարկել: Գրավոր պատասխանում նույն հանձնաժողովի պատգամավոր Մարիա Կարապետյանն, ըստ էության, չհերքեց.
«Հայաստանի արտաքին և անվտանգային քաղաքականությունը չի ներառում Լեռնային Ղարաբաղ վերադարձի հարց։ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի կառավարող ուժի պատգամավորները իրենց ելույթներում և քվեարկություններում, բնականաբար, հետևում են կառավարող ուժի արտաքին և անվտանգային քաղաքականությանը»։
Ընդդիմադիր Խաչատրյանի խոսքով՝ քվեարկությունից առաջ եվրոպացի գործընկերները իրեն գրել են, որ Հայաստանի կառավարությունն աշխատանքներ է տանում, որ պատգամավորները կողմ չքվեարկեն առաջարկին: Անուններ, Խաչատրյանի խոսքով, չեն տվել:
«Իրենք լոբբինգ արեցին, որպեսզի այդ փոփոխությունը չանցնի, կողմ չքվեարկեր, դեմ էլ քվեարկեր, բայց չասեր, որ դա Հայաստանի քաղաքականությունը, մարդ չհորդորեին կողմ չքվեարկել, այլ թողնեին, որ յուրաքանչյուր մարդ քվեարկեր իր ուզածով, իր որոշումով, ապա կանցներ, որովհետև այդ նույն եվրախորհրդարանականները Եվրոպայում այդ տեքստին կողմ են քվեարկել», - նշեց նա:
«Կառավարող ուժի պատգամավորներն ընդդիմադիր պատգամավորների առաջարկների վերաբերյալ նախահարձակ կարծիք չեն հայտնել ոչ մեկին և, մասնավորապես, Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին», - նշել է Կարապետյանը։
Ընդդիմությունը սա Ադրբեջանին հաճոյանալ է որակում. «Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն է ենթարկվել Ալիևի բոլոր պահանջներին, քանի որ գիտակցում է, որ իր պաշտոնավարումը և վերընտրությունն ամբողջապես կախված են Ալիևի կապրիզից: Իրեն պետք է մի թղթի կտոր, որի վրա գրված լինի խաղաղություն, տակը լինի Ալիևի ստորագրությունը, որ ինքը գնա և ասի՝ տեսեք, մենք արդեն խաղաղություն ենք հաստատել»:
Փաշինյանի թիմակից, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հարց է տալիս՝ կա՞ մեկը, որը կարող է հայտարարել, որ կապահովի հայերի վերադարձը Ղարաբաղ. «Տենց մեծ-մեծ խոսելով չէ, կենացներ ասելով չէ, բնական է, որ ինչ-որ ժամանակ անց, այո, ինչ-որ մարդիկ, երբ հարաբերությունները կնորմալան, կարող են գնալ, միգուցե իրենց տներում ապրել, եթե այդ հնարավորությունը լինի: Բայց այսօր խոսել, ո՞ւմ ենք մենք ձեռք առնում, լո՞ւրջ, այսինքն՝ հիմա Ղարաբաղի բնակիչների կա՞ն, մարդիկ կա՞ն՝ ուզում եմ գնալ, Հայաստանի իշխանությունն ասում է՝ չի մի գնացեք, մենք դեմ ե՞նք»:
ԱԺ նախագահը իր կուսակիցների քվեարկությանն այսօր չանդրադարձավ, երբ լրագրողները հարցնում էին՝ եվրոպացիների քվեարկության վրա ազդելու մասին, պնդում էր՝ չգիտի՝ ինչի մասին է խոսքը: Ադրբեջանը Եվրանեսթի երևանյան նիստին հրաժարվել էր մասնակցել՝ քննադատելով Եվրախորհրդարանի հայտարարությունները ու պնդելով, թե դրանք հակասում են Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: