«Լսի, ներողություն եմ խնդրել, հեռացեք ստեղից». - «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը խորհրդարանի միջանցքներում լրագրողների վրա գոռգոռալով, նրանց որակումներ տալով ներողություն է խնդրում երեկվա իր հայտարարության համար, թե Արցախում 2023 թվականին 10 հոգի է զոհվել:
«Ուղեղիս մեջ էդ թիվն էր էղե, տենց շփոթված ասեցի, ներողություն եմ խնդրել ... Լավ, անհարմար չի՞: Հիմա սա օրինակ ձև ա՞, ասում եմ՝ ոչ, շփոթվել եմ, ներողություն եմ խնդրել, որովհետև, մարդ ես, ուղեղիս մեջ մի թիվ ա լինում, պատահաբար հա դա ես հայտարարում», - ասաց ՔՊ-ական պատգամավորը:
24 News-ի հետ զրույցում երեկ իշխանական Սուքիասյանը սոցիալական խնդիրներից բողոքող արցախցիներին նախատել էր, թե Հայաստանում ապրուստի, բնակարանի խնդիր ունեն, որովհետև չեն կռվել Ադրբեջանի հարձակման ժամանակ ու լքել են իրենց տները. - «Եվ էդպես պետք ա լինի»:
Լրագրողի դիտարկմանը, թե այդ օրերին մեծ թվով զոհեր են եղել, ՔՊ-ական պատգամավորը զայրացած հակադարձեց՝ նրան մեղադրելով սուտ խոսելու մեջ. - «Սուտ խոսեցիք, զոհ չեն ունեցել Ղարաբաղում 23 թվականին, 10 հոգի մարդ ա ... եթե բենզինի տրաքելուց ա, դա ուրիշ բան ա, զոհ չեն ունեցել, էդ սկզբի մի կռիվն ա էղե, որ մի քանի հոգի մարդ ա զոհվել»:
2023 թվականի սեպտեմբերին, ըստ Քննչական կոմիտեի, շուրջ ինն ամսվա շրջափակումից ու սովից հետո Արցախը մեկ օր էլ չտևած ռազմական գործողությունների հետևանքով 223 զոհ է տվել, որոնցից 25-ը՝ խաղաղ բնակիչներ, այդ թվում նաև երեխաներ: 244-ը վիրավորվել էր, նրանցից շուրջ ութ տասնյակը՝ քաղաքացիական անձինք:
Խաչատուր Սուքիասյանը ներողության տեքստում նշել էր, թե զոհերի թիվը 210 է: Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նախ ուշադրություն է հրավիրում փաստի վրա, որ Սուքիասյանն անգամ այստեղ է սխալ թիվ հրապարակել, ապա հավելում. - «Իշխանությունը նաև արհեստականորեն է փորձում հակաղարաբաղյան տրամադրություններ սերմանել: Սա, մի կողմից, հասարակության տարբեր խմբերի միջև բևեռացման մեծացումն է, մյուս կողմից, ես կարծում եմ, սա Ադրբեջանին հերթական նվեր փոխզիջում անելն է առ այն, թե իրենք ինչպիսի կոշտ դիրքորոշում ունեն Արցախի պետական ինստիտուտների և արցախցիների նկատմամբ»:
Խաչատուր Սուքիասյանը, որ երեկ պնդում էր, թե շփոթվել է և որևէ միտում չի եղել, այսօր արդեն հայտարարում էր, թե արցախցիները չեն կռվել 20 թվականի 44-օրյայի ժամանակ: Ըստ նրա՝ մի մասը սաբոտաժ է արել, ոմանք էլ փախել են մարտի դաշտից կամ հակառակորդին տվյալներ են փոխանցել:
«Մեծ մասը չի կռվել, լսեք, 3 հազար զոհ, 3 հազարից ավել զոհ տվել ա ընդհանուր Հայաստանի և Ղարաբաղի բնակչության մասով: Մենք պետք է մի բան ճշտենք՝ արդյո՞ք Արցախում բնակվող 150 հազարը, որը որ պետք է պաշտպաներ իր սահմանները, ... նրանք ինչքան են զոհվել, Հայաստանի Հանրապետությունից ինչքան», - ասաց ՔՊ-ական պատգամավորը:
44-օրյա պատերազմին Արցախը 700 զոհ է ունեցել, այն դեպքում, երբ բնակչությունը շուրջ 150 հազար էր, իսկ Հայաստանինը՝ 3 միլիոն։
Սուքիասյանն իշխանական առաջին պատգամավորը չէ, որ արցախցիների վերաբերյալ աղմկահարույց հայտարարություն է անում, ասում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Նրա կարծիքով՝ իշխանական պաշտոնյաներն այդպես փորձում են իրենք իրենց արդարացնել՝ փորձելով հասարակության շրջանում ընկալում ձևավորել, որ տեղի ունեցածի մեղավորը արցախցիներն են:
«Տպավորությունը էնպիսին է, որ 150 հազար մարդուց սպասվում էր, որ երեխա, կին, տարեց և այլն՝ բոլորը պիտի կռվեին, և ինչպե՞ս պիտի կռվեին, եթե էդ կռիվն էլ գլխավորապես օդից էր, եթե մարդկանց գլխին ռումբ է գրոհում: Այսինքն, ես կարծում եմ, որ քանի որ ընդհանուր առմամբ Հայաստանը անընդհատ փորձում է արդարանալ 20 թվականի պատերազմում պարտությունը, զգալի չափով սա տեղափոխում է Արցախի ուսերին, Արցախի բնակչության ուսերին», - «Ազատության» հետ զրույցում նշեց Խառատյանը:
Արցախի տեղեկատվական շտաբն է արձագանքել Խաչատուր Սուքիասյանի հայտարարությանը: Պատգամավորի պահվածքը որակել են անպատասխանատու, որը պարունակում է արցախցիների նկատմամբ ատելության, ներազգային պառակտման տարրեր:
Միջադեպին այսօր անդրադարձավ նաև Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը. - «Խիստ դատապարտել ենք նման հայտարարությունները՝ և՛ Ազգային ժողովի նախագահի կողմից, և՛ Խաչատուր Սուքիասյանի կողմից»:
Խաչատուր Սուքիասյանի թիմակից Անդրանիկ Քոչարյանն այսօր կոչ էր անում տեղի ունեցածից մեծ փոթորիկ չսարքել, կարևոր է, որ Սուքիասյանն ընդունել է սխալը:
Հրանուշ Խառատյանը կարծում է՝ օրեցօր սաստկացող ատելության այս մթնոլորտին իշխանությունը պետք է վերջ տա:
«Ցանկացած պարագայում այս խնդրի պատասխանատուն գլխավոր իշխանությունն է: Եթե նա չի կարողանում անել, եթե ուժը չի պատում, ես չեմ ուզում ասել՝ եթե ուզում է, որ հենց էսպիսի տարբերակումներ, տարբերություններ, և խտանա էս մթնոլորտը, սա մի բան է, եթե չի ստեղծում, ուրեմն չի կարողանում, և սա, ես կարծում եմ, կարելի ասել՝ լավագույն դեպքում չի կարողանում, ուրեմն՝ պիտի ինքը դուրս գա խաղից», - ընդգծեց ազգագրագետը:
Ի դեպ, Խաչատուր Սուքիասյանն այսօր դժգոհում էր լրագրողների հարցերից, նրանց հորդորում չխախտել մասնագիտական էթիկան: Զուգահեռ, համացանցում երեկվանից մարդիկ քննադատում են լրատվամիջոցներից մեկին հրապարակված կարճ տեսանյութի համար, որտեղ մի կին արցախցիներին ֆիզիկապես ոչնչացնելու կոչեր է հնչեցնում: Այդ լրատվամիջոցի լրագրողին Խաչատուր Սուքիասյանը գովում էր ու շեշտում, թե նա իր լրագրողական աշխատանքը լավ է կատարում: