Կենտրոնական Եվրոպայում տեղի ունեցած` վերջին երկու տասնամյակների ընթացքում ամենաավերիչ ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվն աճել է և հասել 15-ի։
Ռումինիայի արևելքում 6 մարդ է զոհվել։ Լեհաստանում, ըստ պետական PAP գործակալության, 5 զոհ կա, Չեխիայում մեկ զոհի մասին հայտնում է ոստիկանությունը։ Ավստրիայում կիրակի օրը մեկ հրշեջ է զոհվել, իսկ այսօր ոստիկանությունը հայտնել է, որ իրենց տներում խեղդված են գտել 70 և 80 տարեկան երկու տղամարդու։
Չեխիայի և Լեհաստանի սահմանամերձ շրջաններում ջրհեղեղները կամուրջներ են քանդել, վնասել շենք-շինություններ և ավտոմեքենաներ։ Լեհաստանի կառավարությունն աղետի գոտի է հայտարարել, և տուժածներին օգնելու նպատակով որոշվել է ավելի քան 260 միլիոն դոլար հատկացնել։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն ասել է, որ շփումների մեջ է մյուս երկրների առաջնորդների հետ, և դիմելու են Եվրամիությանը ֆինանսական օգնության համար։
Չեխիայում Մորավիա գետը դուրս գալով ափերից հեղեղել է Լիտովել քաղաքի 70 տոկոսը, փակվել են դպրոցներն ու բժշկական հաստատություները, հայտնել է քաղաքապետը Ֆեյսբուքում տեղադրված տեսանյութում։ Մեծապես տուժել է Յասենիկ քաղաքը։ Օստրավա քաղաքում դադարեցվել է էլեկտրակայանի և քիմիական երկու գործարանի աշխատանքը։
Բրատիսլավան ու Բուդապեշտը պատրաստվում են դիմակայել ջրհեղեղին, մտավախություն ունենալով, որ Դանուբի մակարդակը հնարավոր է բարձրանա։