Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբոր ու եղբորորդու գործը Քննչական կոմիտեն երկու շաբաթում ավարտեց ու ուղարկեց դատարան: Վարչապետ Փաշինյանի թիրախում հայտնված Գարեգին Երկրորդի մերձավորների դեմ մեկ հոգու ցուցմունքով հարուցված քրեական գործը կայծակնային արագությամբ հասավ դատարան, փոխանակ կարճվեր, ասում է փաստաբան Արա Զոհրաբյանը:
«Այն, որ այդ գործը քաղաքական նկատառումներով է հարուցվել և ընթացքի մեջ, կարծում եմ՝ անվիճելի է, որովհետև ստացվում է, որ մեկ անձի ցուցմունքի հիման վրա երկու անձ կալանավորվել է, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է», - ասաց նա:
Կաթողիկոսի հարազատները կալանավորված են իշխող ՔՊ-ի երևանյան կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն» կուսակցության անդամի հաղորդման հիման վրա: Վաղարշապատի համայնքապետի համար պայքարող թեկնածուն՝ Հարություն Մկրտչյանը, նախ Ֆեյսբուքում էր գրել, թե Ոսկեհատ գյուղում կաթողիկոսի եղբայրն ու եղբոր տղան խոչընդոտել են իրենց քարոզարշավը, հետո էլ իրենց թիմակիցներից մեկը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն:
«Այդ անձը, ըստ էության, իր ցուցմունքներով էլ նաև ինքնահակասական տեղեկություններ է հայտնել, նաև հաղորդումը երբ վերցրել են ոստիկանությունից, գրվել էր Հարություն Մկրտչյանի հեռախոսի համարը այդ հաղորդման մեջ, ընդ որում առերեսման ժամանակ ասել է, որ այդ հեռախոսահամարին չի էլ տիրապետում», - նշեց Զոհրաբյանը:
Փաստաբանը հետո հրապարակել էր տեսանյութ, որտեղ երեք հոգի զրուցում են, և որևէ լարվածություն, քաշքշուկ չկա: Տեսանյութն անձայն է: Փաստաբանը պատմել էր, որ կաթողիկոսի եղբորորդին՝ Համբարձումը, «Հանրապետություն» կուսակցության անդամի հետ զրույցում հրաժարվել է մասնակցել սպասվող հավաքին, այդ մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետև մոտեցել է Համբարձումի հայրը՝ Գևորգ Ներսիսյանը, երեքով խոսել են, այսքանով ավարտվել է:
Արա Զոհրաբյանն այս ապացույցը ներկայացրել էր դատարան, բայց դատարանը կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն կալանավորել է: Փաստաբանը համոզված է՝ այս քրեական հետապնդումը անհիմն է՝ մեկ հոգու ցուցմունքի հիման վրա, առանց հիմնավոր ապացույցի, Համբարձում և Գևորգ Ներսիսյաններին «կալանավորել են կաթողիկոսին ճնշելու նպատակով»:
«Այս գործն ուղղակի իրենք սարքել են, այդ մարդուն էլ օգտագործել են, որ ինքը գա, հաղորդում տա, հետո ցուցմունք տա», - նշեց Զոհրաբյանը:
Դատական նիստի օրը դեռ հայտնի չէ: Քննչականի նյութերը փաստաբանը ստացել է ու պնդում է, որ հաղորդում ներկայացրած անձը, որի անունը Գառնիկ է, հակասական ցուցմունքներ է տվել: Ասել է, թե իրեն մոտեցել է երիտասարդ, որին բուկլետ է տվել, իսկ տեսանյութում չկա դա: Նշել է, թե տնից է հայրը դուրս եկել, այնինչ տեսանյութում հայրը մեքենայով է մոտեցել:
Հարություն Մկրտչյանն «Ազատությանն» ասել էր՝ եթե գտնի, ինքն էլ տեսանյութ կփոխանցի Քննչական կոմիտե, թե ինչպես են խոչընդոտել իրենց: Այսօր արդեն ասաց՝ ՔԿ կադրեր չի ուղարկել: Ոսկեհատցիներն էին «Ազատության» հետ զրույցում պնդել էին, թե բոլոր թեկնածուներին էլ նորմալ ընդունել, ճանապարհել են, արտակարգ ոչինչ չի եղել:
«Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ վախենալու ստանդարտ է այսօր սահմանել Քննչական կոմիտեն, այսինքն՝ մեկ անձ կարող է ցուցմունք տալ, և դա դառնա ճակատագրական», - նշեց Արա Զոհրաբյանը:
Այս գործին անցած շաբաթ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խորհրդարանում անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանը, թե ընտրողների ազատ կամարտահայտման ապօրինի ներգործություններն անթույլատրելի են. «Իրավապահները պետք է արձագանքեն բոլոր և ցանկացած դեպքերին, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժի ներկայացուցիչներն են օրենքով արգելված գործունեություն անում»:
Հարություն Մկրտչյանը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների պես պահանջում է կաթողիկոսի հրաժարականը: «Հանրապետություն» կուսակցությունը, որ նրան էր առաջադրել Վաղարշապատի ընտրություններում, անցողիկ նվազագույն շեմն էլ չի հաղթահարել: