Կեսգիշերին դատարանի դահլիճից ազատ է արձակվել Վանաձորի համայնքապետարանի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնի պետ Արմեն Այվազյանը։ Դատարանը մերժել է կալանավորելու միջնորդությունը, երկրից բացակայելու արգելք կիրառել:
Երեք տարի այս պաշտոնն զբաղեցնող Այվազյանին երեկ բերման էին ենթարկել հենց իր աշխատասենյակից։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, նրան ձերբակալել էին երկու տարի առաջ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում՝ կաշառք ստանալու մեղադրանքով, որ ինքը՝ Արմեն Այվազյանը, չի ընդունում, անգամ հեքիաթ է որակում։
«Հեքիաթ ա, չեմ էլ ուզում արձագանքեմ, չեմ էլ ուզում, ասենք, տենց, ինչ-որ չպարզված հանգամանքներով ա, դատարանն էլ տվել ա, որ կալանք չկիրառել», - «Ազատության» հետ զրույցում ասաց համայնքապետարանի պաշտոնյան:
Կեսգիշերին Այվազյանի կինը՝ Վանաձորի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Լիլիթ Հովսեփյանը, տեսանյութ էր հրապարակել։ Դահլիճից ազատ արձակված Այվազյանը դիմում էր վանաձորցիներին ու ընկերներին՝ հայտնելով, թե անհանգստանալու ոչինչ չկա, ազատության մեջ է, վերադառնում է Վանաձոր։ Խոսքը եզրափակել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետհեղափոխական հայտնի կարգախոսով:
«Ես ձերբակալված չեմ, գտնվում եմ Երևանում, վերադառնում եմ Վանաձոր, վաղն էլ բնականոն գնալու եմ աշխատանքի: Շնորհակալ եմ անհանգստության համար: Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ», - հայտարարում էր Այվազյանը:
Դեռ երկու տարի առաջ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները խուզարկել էին Արմեն Այվազյանի ղեկավարած բաժինը։ Կասկածները վերաբերում էին գնումներին և համայնքի հողերի վարձակալությանը: Այն ժամանակ, սակայն, կաշառքի մասին խոսք չկար, մինչև երեկ էլ դեռ որևէ մեղադրանք էլ չկար։ Երեկ արդեն՝ ձերբակալությունից հետո, իրավապահները հայտնեցին, որ նույն գործի շրջանակներում կաշառքի մեջ են մեղադրում բաժնի պետին։ Թե ինչ նոր հանգամանք է ի հայտ եկել, որ քրեական վարույթում կաշառքի դրվագ են ավելացրել, Հակակոռուպցիոնից այդպես էլ չմեկնաբանեցին: Արմեն Այվազյանն էլ դրա պատասխանը չունի:
«Այ էդ հարցերը լրիվ տվեք նրանց, ովքեր անում են՝ ինչի են երկու տարի հետո մեղադրանք առաջադրել, [...] չեմ կարող պատասխանել: Որևէ նոր ապացույց ինձ չի ներկայացվել, որևէ փաստական նախադրյալ չի ներկայացվել, ամբողջովին հին ինֆորմացիա ա, հին բաներ են, որևէ նոր գործողություն չի իրականացվել: Ոչ էն ժամանակ են ինձ կանչել հարցաքննել, ոչ հիմի, ոչ էլ ինձ ինֆորմացիա կամ ինչ-որ բան տվել են», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց պաշտոնյան:
Այվազյանը 2021 թվականի Վանաձորի ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի երկրորդ համարն էր։ Բայց պաշտոն ստացավ Վանաձորի ժամանակավոր կառավարման շրջանում, իսկ նույն կուսակցությունից ավագանի անցավ նրա կինը՝ Լիլիթ Հովսեփյանը։
Երբ կալանավորվեց ամենաշատ ձայներ ստացած Մամիկոն Ասլանյանը, և վարչապետը Վանաձորում ղեկավարի պաշտոնակատար նշանակեց, «Ապրելու երկիր»-ի ավագանի անցած երկու անդամները՝ այդ թվում Այվազյանի կինը, չմիացան ընդդիմության բոյկոտին։ Ավագանու արտահերթ նիստերին ներկայացան նաև կալանավորված Մամիկոն Ասլանյանի երկու թիմակիցներ, ինչի շնորհիվ իշխանությունները կարողանում էին քվորում ապահովել ու արտահերթ նիստեր գումարել։
Վերջին մեկ տարում, սակայն, ընդամենը երկու մանդատ ունեցող «Ապրելու երկիր»-ի անդամների ջրերը մի առվով չգնացին: Խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանը բոյկոտում էր, նրա թիմակից Լիլիթ Հովսեփյանը, ում ամուսինն արդեն երկու տարի պաշտոն ուներ քաղաքապետարանում, նիստերին մասնակցում էր:
Այժմ, արդեն ութ ամիս, ավագանիում իշխանության համար անցանկալի պատկեր է: Թեև բանակցում են ընդդիմադիրների հետ, անգամ ամբիոններից կոչ անում՝ մասնակցելու նիստերին, բայց տարեվերջին իշխանություններն անգամ հաջորդ տարվա բյուջեն և սուբվենցիոն ծրագրերը հաստատելու հնարավորություն չունեն:
Քրեական հետապնդումից հետո ի՞նչ որոշում կընդունեն ավագանու անդամ Լիլիթ Հովսեփյանն ու կաշառք ստանալու մեջ մեղադրվող նրա ամուսինը։ Արդյո՞ք նախկինի պես կաջակցեն քաղաքի գործող իշխանություններին, հայտնի չէ։ Այվազյանը խուսափեց պատասխանել «Ազատության» այս հարցերին. - «Ինձ ոչ համայնքի ղեկավարի ընտրությունն ա հետաքրքիր, ոչ ավագանու նիստը, ոչ էլ կարամ բան ասեմ, ինձ հետաքրքիր ա իմ էս հարցերի լուծումները, էլի: Անկեղծ՝ չեմ կարա ոչ մի բան պատասխանեմ»:
Արմեն Այվազյանը վերջին մեկ տարում Վանաձորի քաղաքապետարանի երկրորդ պաշտոնյան է, որ մեղադրվում է կաշառքի համար։ Անցած տարի կալանավորվեց, ամիսներ անց՝ ազատ արձակվեց ճարտարապետության բաժնի պետ Սուրեն Աբովյանը։ Նրա քրեական գործը դեռ մեկ տարի առաջ դատարան է հասել, բայց, ըստ դատական տեղեկատվական համակարգի, մինչ այսօր դատարանը միայն խափանման միջոցի հարցերն է քննել։ Վերջին դատական նիստը ութ ամիս առաջ է տեղի ունեցել։ Ճարտարապետության բաժնի պետը կոռուպցիոն մեկ այլ մեղադրանքով մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել՝ առանց ազատությունից զրկվելու։