Թեև հայաստանցի պաշտոնյաները մշտապես վստահեցնում են, թե Սահմանադրության հարցով ադրբեջանցիների մտահոգությունները չեն ընդունում ու նրանց հետ չեն բանակցում, շաբաթ օրը Ադրբեջանի նախագահը ուղիղ հայտարարեց՝ երկու երկրների ղեկավարությունը այս հարցում փոխըմբռնում ունի:
«Եվ կարծում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև կա մեծ, այսպես ասած, փոխըմբռնում այն մասին, թե ինչ պետք է արվի և ինչ հաջորդականությամբ», - ասաց Իլհամ Ալիևը:
Ալիևի այս պնդմանը հայկական կողմից արձագանք դեռ չկա: Մինչ այս հայ պաշտոնյաները մշտապես շեշտել են, թե նոր Սահմանադրության ընդունումը ներքին օրակարգ է:
«Մենք չենք ընդունում սա որպես բանակցային օրակարգ և չենք բանակցում սրա շուրջ», - հայտարարել է, մասնավորապես, արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Հաստատված խաղաղության մասին գրեթե ամեն օր հնչող պնդումներին զուգահեռ՝ Ադրբեջանի նախագահը վերահաստատեց՝ քանի դեռ Հայաստանի Սահմանադրությունը չի փոխվել, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի: Իլհամ Ալիևը կրկին պնդեց՝ Սահմանադրության նախաբանում արդեն երեք տասնամյակ առկա հղումն Անկախության հռչակագրին Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ է պարունակում:
«Հենց դա չլինի, հաջորդ օրը պաշտոնապես կստորագրվի խաղաղության համաձայնագիրը», - վստահեցրեց Ադրբեջանի նախագահը:
Ալիևն այս հայտարարությունն արեց Մյուխենի համաժողովի պանելային քննարկմանը: Դրանից հետո նույն քննարկմանը մասնակցող հայաստանցի փորձագետ Սյոպա Սաֆարյանը հիշեցրեց Սահմանադրության նախաբանի վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումն, ըստ որի՝ Սահմանադրությունը չի պարունակում որևէ երկրի, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ:
Ադրբեջանի նախագահն առաջարկեց դիմել Վիքիպեդիայի օգնությանը. - «Եկեք հիմա ստուգենք Վիքիպեդիայում... Սահմանադրական դատարանի ոչ մի որոշում ավելի բարձր չէ, քան Սահմանադրությունը։ Ես իրավաբան չեմ, բայց նույնիսկ ես գիտեմ դա։ Հետևաբար՝ Անկախության հռչակագիրը հանելը Հայաստանի Սահմանադրությունից խաղաղության համաձայնագրի ստորագրման միակ մնացած նախապայմանն է»:
Կառավարությունը նոր Սահմանադրության ընդունելու որոշում ունի, ավելին՝ արդարադատության նախարարը խոստացել է՝ մարտ ամսին տեքստը պատրաստ կլինի: Թե ինչ որոշում կկայացնեն հռչակագրի հարցով, դեռ չեն բացահայտել, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կարծիքն արդեն հայտնել է՝ նոր Մայր օրենքում Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի:
Ադրբեջանի նախագահը չբավարարվեց միայն Հայաստանի Սահմանադրության մասին մեկնաբանություններով և ըստ էության հեգնանքով արձագանքեց Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորության մասին հայ փորձագետի հիշեցմանը:
«Այսպես կոչված «Խաղաղության խաչմերուկի» վերաբերյալ: Գիտեք, երբ նախագահ Թրամփը վերադարձավ, նա սկսեց TRIPP-ը։ Երբ նախագահ Բայդենը վերադառնա, նա կվերագործարկի ձեր «Խաղաղության խաչմերուկը», - հայտարարեց Ալիևը:
Ըստ պաշտոնական Երևանի՝ «Խաղաղության խաչմերուկով» Հայաստանն ամբողջությամբ կապաշրջափակվի: Բայց անցած շաբաթավերջին Նիկոլ Փաշինյանը պնդեց՝ փորձ է արվում Հայաստանը դուրս թողնել երկաթուղային ցանցից միայն այն պատճառով, որ կառավարումն իրականացնում է Ռուսաստանը:
«Ձևավորվում է սա, բյուրեղանում է, ես զգում եմ, որ դա բյուրեղանում է: Մենք չենք կարողանում, ինչքան էլ խոսում ենք, ինչքան էլ ակտիվ պարզաբանում ենք, մենք տեսնում ենք, որ սա բյուրեղանում է, և կողմնակիցները, որ այո, ուրեմն պետք է Հայաստանը շրջանցել, նկատի ունեմ՝ Նախիջևանից հետո, մեծանում են», - հայտարարեց վարչապետը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վաշինգտոնյան համաձայնություններից հետո ասել էր՝ պայմանավորվածությունները ենթակառուցվածքային ռեգիոնալ ինտեգրացիա են ենթադրում, և բոլոր հնարավոր կապուղիները պետք է բացվեն:
«Հակառակ դեպքում՝ ենթակառուցվածքի ֆրագմենտը չի կատարի այն դերը, չի ունենա այն դերը, որի մասին մենք խոսում ենք», - ընդգծել էր փոխվարչապետը:
Արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը անցած շաբաթ «Ազատության» հետ զրույցում դեռ սպասվող աշխատանքի մասին էր խոսում, որ Հայաստան - Ադրբեջան և Հայաստան - Թուրքիա երկաթուղին ոչ միայն գործարկվի, այլ նաև մաս դառնա միջազգային տրանզիտային ուղիների:
«Դա հետ կապված կան որոշակի խնդիրներ, և այդ խնդիրների հասցեագրման ուղղությամբ մենք մեր տարբեր գործընկերների հետ պիտի աշխատանքներ տանենք», - ասում էր Կոստանյանը:
Կարս-Նախիջևան 224 կիլոմետրանոց երկաթուղին, որի կառուցման և գործարկման դեպքում Հայաստանը կշրջանցվի, մեկնարկել է անցած սեպտեմբերին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է՝ եթե հայկական երկաթուղու կառավարման իրավունքը վերցնեն ռուսներից և այլ երկրի փոխանցեն, Հայաստանի երկաթուղին թուրք-ադրբեջանականի համեմատ կդառնա մրցունակ: Կա՞ նման երաշխիք, թե՞ սա ընդամենը հայկական կողմի պատկերացումն է: «Քաղաքացիական պայմանագրի» քարտուղարը վստահեցրեց, թե ամեն ինչ ծրագրած է:
«Մենք չենք գնում գործողությունների, որի վերաբերյալ երաշխիքներ չենք ունենում, և եթե վարչապետը խոսել է սրա մասին, եթե մենք մեր ռուս գործընկերների հետ նաև քննարկում ենք այս հարցը, ապա այս քննարկումները հենց ձեր նշած երաշխիքների մասին են», - ասաց Արթուր Հովհաննիսյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ անգամ եթե ռուսական ներդրումներ արվեն, միևնույն է՝ ընդհանուր իրադրությունն այնպիսին է, որ անգամ այդ դեպքում Հայաստանի երկաթգծից հնարավոր է՝ չօգտվեն: