Մատչելիության հղումներ

Կարգալույծ է հռչակվել Տեր Տարոն քահանա Հունանյանը. Մայր Աթոռ


Կարգալույծ է հռչակվել Տավուշի թեմի հոգևոր սպասավոր Տեր Տարոն քահանա Հունանյանը, հայտնում են Մայր Աթոռից՝ նշելով, որ հիմք է ծառայել Տավուշի թեմի առաջնորդական տեղապահի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը, որով վերջինս.

«Ինքնակամ լքել է իր ծառայության վայրը 2024 թվականի մայիս ամսից, անտեսել է Տավուշի թեմի առաջնորդական տեղապահի հորդորներն ու հրահանգները և հարատևել կարգազանց ընթացքի մեջ, մասնակցել է կարգազուրկ հռչակված Ստեփան Ասատրյանի կազմակերպած հակականոնական արարողությանը՝ մեղսակից դառնալով կարգալուծվածին, հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և ծառայակից եկեղեցականներին, անարգալից վարքագիծ է դրսևորել եկեղեցական բարձրագույն իշխանության նկատմամբ և դրժել հնազանդության ուխտը», - ասված է Մայր Աթոռի տարածած հաղորդագրությունում։

Արդյոք քահանայի կարգալուծության հարցը վրա է հասել եկեղեցական բարքերը հրապարակային քննադատելուց ու Ստեփան Ասատրյանի հետ խորան բարձրանալուց հետո։ «Տեր Տարոնի վարքը քննարկելու առաջարկ Մայր Աթոռ եմ ուղարկել այս քննադատություններից շատ առաջ, շուրջ մեկ ամիս առաջ», - «Ազատության» հետ զրույցում պատմել էր Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ հայր Սամվելը։

Ըստ քահանայի ինքը ոչ թե ծառայության վայրը լքել է, այլ անժամկետ արձակուրդում է և արձակուրդի թույլտվություն ստացել է բանավոր Բագրատ Սրբազանից. «Սրբազանին հայտնի էին իմ անձնական խնդիրները, և այդ խնդիրները լուծելու համար Սրբազանը ինձ անժամկետ արձակուրդ է տվել, քանի որ Սրբազանը հոգևոր մարդ է և հասկանում է հոգևոր որևէ խնդրանք և ըմբռնում է»։

Քահանան ավելի վաղ հայտարարել էր. «Մայր Աթոռի կարգապահական հանձնախումբը նախ թող քննի իր անդամների կարգապահական հարցերը»։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG