Մատչելիության հղումներ

«Կարևոր է հասնել բոլորի ազատ արձակմանը». Ինչ ասացին Բելյացկին, Կոլեսնիկովան ազատ արձակվելուց հետո


Այսօր Բելառուսի բանտերից ազատ արձակված 123 քաղբանտարկյալների թվում էին աշխարհահռչակ իրավապաշտպան, Նոբելյան Խաղաղության մրցանակի դափնեկիր Ալես Բելյացկին, Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Վիկտոր Բաբարիկոն, հինգ տարի առաջ տեղի ունեցած բողոքի ցույցերի ընդդիմության առաջնորդներից Մարիա Կոլեսնիկովան: Ինչ ասացին նրանք Բելառուսից մեկնելուց անմիջապես հետո։

Ալես Բելյացկի. «Ինձ խորհուրդ տվեցին ներողություն խնդրել, բայց ես չարեցի դա»

Ալես Բելյացկին բանտում է գտնվել 2021 թվականի հուլիսից: Լիտվա ժամանելուց հետո Reuters-ի հետ զրույցում ասել է, որ նախորդ գիշերն անցկացրել է բանտի մեկ սենյակում՝ գրեթե 40 մարդու հետ: Նոբելյան Խաղաղության մրցանակի դափնեկիրն ասաց. «Հազարավոր մարդիկ բանտարկվել են և շարունակում են բանտարկվել... Այսպիսով, մեր պայքարը շարունակվում է»: Բելյացկին Вясна-ին պատմել է.

«Այսօր առավոտյան ժամը չորսին ինձ արթնացրեց մեր ստորաբաժանման հերթապահ սպան և երբ դուրս եկա, ինձ ասացին՝ շտապ հավաքել իրերս։ Հետո հասկացա, որ ազատ արձակման գործընթացը սկսվել է։ Սերհեյ Տիխանովսկու ազատ արձակումից հետո, իսկ նրանից հետո՝ սեպտեմբերին՝ ևս 51 մարդու, պարզ դարձավ, որ այս գործընթացը սկսվել է։ Եվ մնում էր միայն սպասել և հուսալ, որ այն չի ձախողվի։ Հետևաբար, շատ կարևոր է շարունակել կենտրոնանալ այն քաղբանտարկյալների վրա, ովքեր այժմ գտնվում են Բելառուսի բանտերում, և հասնել նրանց բոլորի լիակատար ազատ արձակմանը, որպեսզի Բելառուսում չմնա ոչ մի քաղբանտարկյալ։ Ես դեռ չեմ կարողանում ուշքի գալ, քանի որ սա շատ մեծ հուզումնալից պահ է ինձ համար։ Այս ընթացքում ես հասցրեցի խոսել միայն կնոջս հետ»:

Բելյացկու կինը AFP-ին պատմել է՝ առաջին բանը, որ բելառուսական բանտից ազատ արձակվելուց հետո ասել է ամուսնուն, այն է, որ սիրում է նրան։

«Այսօր ես ամեն րոպե ստուգում էի ժամացույցս, ամեն րոպե ստուգում էի հեռախոսս, որպեսզի բաց չթողնեմ այս լուրը», - պատմել է կինը, շարունակելով. - «Վերջապես զանգ ստացա ամերիկյան պատվիրակությունից, որը մասնակցել էր Բելառուսի քաղբանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ», - հավելեց նա՝ շնորհակալություն հայտնելով ամերիկացի բանակցողներին։ «Առաջին խոսքը, որ ես նրան ասացի, այն էր, որ սիրում եմ նրան, որ համբույր եմ ուղարկում նրան, որ ուրախ եմ լսել նրա ձայնը»։

Մարիա Կոլեսնիկովա. «Սա անհավանական երջանկության զգացողություն է»

Վիկտոր Բաբարիկոյի նախընտրական շտաբի ղեկավարը՝ 2020 թվականին։ Անազատության մեջ է 2020-ի սեպտեմբերից։ Նրա կալանավորման մասին հայտնի էր դարձել 2020-ի սեպտեմբերի 8-ին: Դրանից մեկ օր առաջ նրան առևանգել էին Մինսկի կենտրոնում և ստիպել մեկնել Ուկրաինա, բայց Կոլեսնիկովան սահմանին պատռել էր անձնագիրը և մնացել Բելառուսում:

«Хочу жить»-ի փոխանցմամբ Կոլեսնիկովան ասել է.

«Անհավանական երջանկության զգացում է, նախևառաջ, տեսնել քեզ համար թանկ մարդկանց աչքերը, գրկել նրանց և հասկանալ, որ մենք բոլորս հիմա ազատ մարդիկ ենք։ Միևնույն ժամանակ, մտածում եմ այն մարդկանց մասին, ովքեր ազատ չեն։ Ես իսկապես անհամբեր սպասում եմ այն պահին, երբ մենք բոլորս կարող ենք գրկել միմյանց։ Երբ մենք բոլորս կարող ենք տեսնել միմյանց։ Ես անկեղծորեն շնորհակալ եմ այս ամենում բոլոր ներգրավվածներին, այն մարդկանց, ովքեր օգնում են մեզ զգալ ազատության այս զգացողությունը։ Ես ողջունում եմ այս գործընթացն ու ակնկալում ենք, որ այն շատ դրական կավարտվի բոլորի համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG