ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանը նշանակվել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ: Այս մասին վարչապետի որոշումը հրապարակված է e-gov-ում:
Անդրեասյանը համակարգին օտար մարդ չէ. նա 2021-2022-ին եղել է արդարադատության նախարար, այնուհետև՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ։ Հենց այդ պաշտոնից էլ 2024-ի նոյեմբերին հրաժարական տվեց, երբ վարչապետ Փաշինյանը իր դժգոհությունների մասին SMS ուղարկեց գործադիրից անկախ գործող ԲԴԽ նախագահին:
47-ամյա Կարեն Անդրեասյանը այս նոր պաշտոնին է նշանակվում Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի աղմկահարույց պաշտոնանկության ֆոնին: Լիպարիտ Դրմեյանը աշխատանքից ազատվեց երեկ առավոտյան՝ 24 ժամ չանցած վարչապետի այն հայտարարությունից, թե «չի կարող որևէ մեկը իր դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ», և որ «կառավարությունն ինքն է»: Պաշտոնանկ արված Լիպարիտ Դրմեյանը՝ որպես միջազգային իրավախորհրդատու, կառավարությանը խորհուրդ էր տվել կատարել «Հայաստանի էլեկտրական ցանցերի» վերաբերյալ միջազգային արբիտրաժի հրատապ որոշումը, ինչի հետ համաձայն չէ վարչապետ Փաշինյանը:
Անդրեասյանը փոխարինում է Եղիշե Կիրակոսյանին, որն էլ այս պաշտոնից ազատվել էր, ըստ մամուլի, դարձյալ Փաշինյանի հետ տարաձայնությունների պատճառով: Գարնանը, երբ արդեն նշմարվում էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը քննարկում են խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո միմյանց դեմ միջազգային հայցերը հետ կանչելու հարցը, Կիրակոսյանը դեմ էր արտահայտվել դրան, կարծիք հայտնել, թե իրավական վեճերը ոչ թե խանգարում են խաղաղության գործընթացին, այլ հակառակը՝ տարաձայնությունների լուծման քաղաքակիրթ եղանակ են: