Երուսաղեմի ամենաբարձրաստիճան կաթոլիկ հոգևորականը՝ կարդինալ Պիերբատիստա Պիցցաբալլան, այսօր ժամանել է Գազայի հատված՝ մարդասիրական օգնություն հասցնելու և ցավակցելու պաղեստինյան անկլավի միակ կաթոլիկ եկեղեցու վրա Իսրայելի կողմից իրականացված հարձակման զոհերի հարազատներին։
Նախօրեին իսրայելական բանակի կողմից Գազայի կաթոլիկ եկեղեցու հարվածների հետեւանքով երեք մարդ է զոհվել, մի խումբ անձինք վնասվածքներ ստացել։
Հարյուրավոր պաղեստինցի փախստականների համար ապաստան դարձած քրիստոնեական մատուռի վրա հարձակումը Իսրայելի կառավարությունը «սխալմունք» է որակել և խոստացել «հետաքննել միջադեպը»։
Երուսաղեմի լատինական պատրիարքությունը հայտարարել է, որ Պիցցաբալան իր հետ Գազա է տարել նաև «հարյուրավոր տոննա սննդամթերք, ինչպես նաև առաջին բուժօգնության պարագաներ և շտապ անհրաժեշտ բժշկական սարքավորումներ»՝ շեշտելով, որ օգնությունը նախատեսված է ոչ միայն անկլավի քրիստոնեական համայնքի համար։
Երեկ Հռոմի Լեո պապը հայտարարել է, որ «խորապես վշտացած է» հարձակումից, հրաժարվելով, սակայն, մեղադրել Իսրայելին սրբավայրը թիրախավորելու համար։