Արդարադատության նախարարությունն առաջարկում է Սահմանադրական դատարանի նախագահի ու դատավորների աշխատավարձը բարձրացնել: Ըստ նախագծի՝ այս պահի վարձատրությունը, որ շուրջ 1 միլիոն դրամ է, համարժեք չէ նրանց բարձր կարգավիճակին, աշխատանքի ծավալին ու պատասխանատվության աստիճանին:
«Քաղաքական միահեծան իշխանության ցանկությունները կատարելու համար պարգևատրման համակարգ է, էլի», - պնդում է Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Օրենքի նախագիծը չորս օր է՝ հանրային քննարկման է դրվել: Այս պահին քվեարկությանը վեց հոգի է մասնակցել, որից չորսը դեմ է: Արծվիկ Մինասյանը կարծում է, որ բարձր դատարանում աշխատավարձային այս առաջխաղացումը քաղաքական նկատառումներով է, Կառավարությունը խրախուսում է, որ, ըստ նրա, դատավորները «դակեն» իշխանության պատվերները:
«Դա նիկոլիզմի ամենաառարկայական և ամենաերևացող կողմն է: Ուշադիր նայենք՝ ոստիկանական համակարգ, անվտանգության համակարգ, բոլորը էդ՝ խրախուսել և հանձնարարել, իսկ նրանք էլ պատրաստ են իրականացնել ամենախայտառակ ապօրինի գործողությունները, հանուն փողի սատանային վաճառված համակարգեր են դարձել, ցավոք», - հայտարարեց դաշնակցական պատգամավորը:
Այս փոփոխություններով՝ Բարձր դատարանի նախագահի աշխատավարձը կդառնա 1 միլիոն 414 հազար դրամ, փոխնախագահինը՝ 1 միլիոն 331 հազար, դատավորինը՝ 1 միլիոն 248 հազար, և առաջարկվում է, որ մեկ աշխատավարձի չափով էլ հավելավճար ստանան: Այսինքն՝ տարեկան մոտ 138 միլիոն դրամ կհատկացվի միայն հավելավճարին: Եթե նախագիծը հաստատվի, այս գումարը կհատկացվի հաջորդ տարվա բյուջեից:
Ընդդիմադիր պատգամավոր Մինասյանը Բարձր դատարանում ֆինանսական առաջխաղացումը կապում է նաև խաղաղության պայմանագրի հետ: Եթե Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները ստորագրեն արդեն իսկ համաձայնեցրած պայմանագիրը, հետո Բարձր դատարանը պետք է որոշի դրա սահմանադրականությունը:
«Նիկոլ Փաշինյանը ուզում է իր իշխանությունը պահի, իր աթոռին մնա և պատրաստ է հայրենիքն էլ վաճառի, հանձնի, իր էդ ապօրինի հրամաններն էլ կատարողներին պարգևատրի, միայն թե ինքը մնա այդ աթոռի վրա նստած», - համոզված է դաշնակցական պատգամավորը:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ընդդիմադիր պատգամավորի պնդումը, թե աշխատավարձը բարձրացնում են քաղաքական ցանկալի որոշումներ ստանալու ակնկալիքով, մանիպուլյացիա է որակում. - «Պետական հիերարխիայում, իհարկե, բարձր պետք է լինեն, ուղղակի խնդիրն այն է, որ հենց բարձրացումը կատարվում է ընտրողաբար: Ու էդտեղ, ինչ-որ, ասել՝ քաղաքական պատվերի, կամ, չգիտեմ, պահանջների, դա արդեն ուղղակի մանիպուլյացիաներ են»:
«Ազատության» հետ զրույցում իրավապաշտպանն ընդգծեց՝ այստեղ խնդիրն այն է, որ տարբերակված մոտեցում է: Ինչո՞ւ, օրինակ, Կառավարության առաջնահերթությունների ցանկում կրթության ու գիտության ոլորտը չկա:
«Ուղղակի էստեղ խնդիրը ոչ թե որ նրանք էլ չբարձրանան, այլ ընդհանուր աշխատավարձային ֆոնդը, ասենք, օրինակի համար, ես կասեմ՝ կրթության, ասենք թե, բնագավառը, հա՞, ոչ պակաս կարևոր է, իսկ ինչո՞ւ չեն, ասենք թե, առանց ատեստացիայի ուսուցիչների աշխատավարձները բարձրացնում՝ էն դեպքում, երբ որ կրթության համակարգը ռազմավարական տեսակետից առաջնային նշանակություն ունի, եթե չասեմ՝ հիմնարար նշանակություն», - ասաց Սաքունցը:
Կառավարությունը հիմնավորում է, թե վարձատրությունը վերանայելու նպատակն է ապահովել սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմնի լիարժեք անկախությունը, նվազեցնել դատավորների նկատմամբ արտաքին ազդեցությունների հնարավորությունը և ամրապնդել Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ կայունությունն ու գործառնական արդյունավետությունը։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ դատավորների անկախության հարցում բարձր աշխատավարձը որոշիչ չէ. - «Աշխատավարձը չի որոշիչ: Դատավորի անկախության նկատմամբ ոտնձգություն կատարողը պետք է իմանա, որ պատասխանատվություն է կրելու՝ անխուսափելի»:
Վերջին անգամ ՍԴ-ում աշխատավարձերը վերանայվել էին երեք տարի առաջ: Այն ժամանակ հավելավճարը աշխատավարձի 80 տոկոսի չափով էր, նոր փոփոխությամբ՝ դա էլ նախատեսում են 100 դարձնել:
Արդարադատության նախարարության նախագիծը հանրային քննարկման հարթակում կլինի մինչև հուլիսի 27-ը: Նախագիծը դեռ Ազգային ժողով չի հասել: «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներից Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Լիլի Մինասյանը փոխանցեց, թե կկարողանա կարծիք հայտնել միայն իրենց հանձնաժողովում քննարկելուց հետո: