Մատչելիության հղումներ

Կառավարությունը ՀԷՑ-ի 100 տոկս բաժնետոմսերը կճանաչի հանրային գերակա շահ

Կառավարությունն այսօր հանրային գերակա շահ կճանաչի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկս բաժնետոմսերը։ Որոշման նախագիծը ներառված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում։

Որոշման հիմնավորումների համաձայն՝ «հանրության գերակա շահի սկզբունքը թույլ է տալիս պետությանը միջամտել, երբ վտանգվում է քաղաքացիների անխափան և անվտանգ ծառայություն ստանալու իրավունքը»։

ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցվել է մոտ մեկ տարի առաջ։ Կառավարությունն առաջարկել է իր հետ համաձայնեցված կարգով օտարել ընկերության բաժնետոմսերը։ Ավելի վաղ «Ազատություն»-ը գրել էր, որ միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր կապիտալ»-ին ՀԷՑ-ի համար կառավարությունն առաջարկել էր 380 000 դոլար։ Կառավարությունը համաձայնել էր 23.3 մլրդ դրամ առաջարկել ՀԷՑ-ի բաժնետոմսերի համար, պայմանով, որ Սամվել Կարապետյանը վերադարձներ վերջին տասը տարիների շահութաբաժինները՝ 23 մլրդ 158 միլիոնը։ «Տաշիր կապիտալ»-ն առաջարկը «ծիծաղելի ու անտրամաբանական» էր որակել։

«Էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը, իրենց բնույթով, հանդիսանում են ռազմավարական ենթակառուցվածք, որի գործունեության խափանումը կարող է առաջացնել լայնածավալ սոցիալական, տնտեսական և անվտանգային հետևանքներ։ Հետևաբար պետությունն ունի ոչ միայն իրավունք, այլև սահմանադրաիրավական պարտականություն՝ միջամտելու այն դեպքերում, երբ առկա է պետության ու հասարակության անվտանգության ապահովման անհրաժեշտություն», - նշված է ՀԷՑ-ը գերակա շահ ճանաչելու՝ Կառավարության որոշման հիմնավորումներում։

Կառավարության այս որոշմամբ դեռ Կարապետյաններին գերակա շահ ճանաչելու դիմաց փոխհատուցման չափ չի սահմանվում, սակայն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շեշտել է, որ օտարվող սեփականության դիմաց փոխհատուցում տրամադրելու ընթացքում պետական բյուջեում կարող են նախատեսվել եկամուտների ու ծախսերի ավելացում կամ նվազում։ Եթե Սամվել Կարապետյանի ընտանիքը չհամաձայնի փոխհատուցման առաջարկվելիք չափին, կարող է այն վիճարկել դատարանում։


​
XS
SM
MD
LG