Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց մինչև 250 հազար դրամով փոխհատուցում տրամադրել այն քաղաքացիներին, որոնց Հայաստան վերադարձի ուղիղ կամ տարանցիկ չվերթերը չեղարկվել են Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով:
Ըստ ընդունված որոշման՝ պետությունը յուրաքանչյուր անձի համար կտրամադրի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում այն դեպքում, երբ ռազմական գործողությունների պատճառով չեղարկվել են նախապես գնված ուղիղ կամ տարանցիկ չվերթերը, և քաղաքացին ստիպված է եղել ձեռք բերել նոր տոմս կամ կատարել վճարովի փոփոխություն: Եթե նոր ավիատոմսի արժեքը ցածր է եղել սահմանված առավելագույն շեմից, ապա փոխհատուցումը կտրվի փաստացի վճարված գումարի չափով:
Որոշման գործողությունը տարածվում է նաև Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատար, Քուվեյթ և Իսրայել ուսման նպատակով մեկնած ՀՀ քաղաքացիների վրա, ովքեր տուն են վերադարձել 2026 թվականի փետրվարի 28-ից մինչև մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում:
Կառավարության հիմնավորման համաձայն՝ տարածաշրջանում օդային տարածքների փակման ու չվերթերի զանգվածային չեղարկումների պայմաններում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դեսպանությունների հետ համատեղ լայնածավալ աշխատանք է իրականացրել քաղաքացիների տարհանման ուղղությամբ: Մասնավորապես, գործընկեր երկրների հետ համագործակցությամբ թույլտվություններ են ստացվել Օմանից, Լիբանանից և Հնդկաստանից թռիչքներ իրականացնելու համար:
Կառավարությունն իր պաշտոնական տեղեկանքի մեջ նշել է, որ «ԱՄԷ-ի և Օմանի ցամաքային սահմանի հնարավորությունն օգտագործելով՝ կազմակերպվել է ավելի քան 250 քաղաքացու անվճար տեղափոխումը Մասկատի օդանավակայան, որտեղից նրանք կարողացել են վերադառնալ Երևան»: Ընդհանուր առմամբ, միայն մարտի առաջին կեսին Մասկատից և Դուբայից Հայաստան է վերադարձել շուրջ 1580 քաղաքացի: Սակայն այս պահին դեռևս հստակ տվյալներ, ըստ գործադիրի, չկան, թե նրանցից քանիսն են ավիաընկերություններից ստացել չեղարկված տոմսերի փոխհատուցումը կամ նոր տոմսերի տրամադրումը:
Այս որոշումն այսօր կառավարությունն ընդունեց չզեկուցվող հարցերի փաթեթով:
Հայաստանի արտգործնախարարությունը մարտի սկզբին հայտարարել էր, որ Աբու Դաբիում մնացածներին ավտոմեքենայով Հայաստանի կառավարության հաշվին հասցնում են Օման, բայց Օմանի օդանավակայանից Երևան թռիչքի համար նրանք պետք է վճարեն: Դեպի Երևան թռիչքը թանկ էր՝ իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ավիաընկերության տոմսի գինը սկսվում էր 1100 եվրոյից:
Նախքան փոխհատուցման մասին որոշումը արտաքին գործերի նախարարը խորհրդարանում հայտարարել էր՝ իրենց խնդիրն է հոգ տանել, որ քաղաքացիները տուն վերադառնալու հնարավորություն ունենան: Իսկ Կառավարությունը չի կարող վճարել նրանց տոմսերի համար, ասել էր Արարատ Միրզոյանը:
«Մի մարդ, որը մի ամիս է համարյա Շրի Լանկայում ինչքան հնարավոր է լողազգեստով նկար է գցել, նշանակում է՝ վճարունակ է, չէ՞, տոմս կարա առնի և բան անի, ինչի՞ մասին է խոսքը», - ասել էր նա: