Կառավարությունն այսօր հաստատեց 2024 թվականի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցը, այն ուղարկվեց Ազգային ժողով:
«Կառավարությունը որդեգրել է բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն», - գրված է զեկույցի արտաքին քաղաքականությանը նվիրաված հատվածում:
Ըստ դրա՝ «2024 թվականը վերջին 20 տարվա ամենախաղաղ և կայուն տարին է եղել արտաքին սահմանների համար, որը պայմանավորված է տարածաշրջանային և միջազգային ակտիվ քաղաքականությամբ»:
Մասնավորապես Ադբեջանի հետ հարբերությունների առումով Կառավարությունը հայտնում է, որ 2024-ի «առանցքային իրադարձությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկն էր», որի արդյունքում պետական սահմանի շուրջ 12,7 կմ հատվածի սահմանազատվել ու սահմանագծվել է:
Ըստ զեկույցի՝ անցած տարի «Հայաստանը և Ադրբեջանը շարունակել են աշխատանքը երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի վրա: Նախագծի 17 հոդվածներից համաձայնեցված է 15-ը: Չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Հայաստանի կառավարությունը հանդես է եկել լուծման առաջարկներով և սպասում է Ադրբեջանի արձագանքին»:
Անցած տարեվերջից հայտնի, որ դեռ չի հաջողվել համաձայնության գալ երրորդ երկրների ներկայացուցիչներին սահմաններին չտեղակայելու կետի շուրջ. մինչ Բաքուն պահանջում է նրանց հեռացնել, Երևանն առաջարկել է Եվրամիության դիտորդներին հեռացնել միայն սահմանազատված հատվածներից: Մեկ այլ կետ, որի շուրջ կողմերը չեն եկել համաձայնության, դատարններից միջազգային հայցերը հետ կանչելու մասին է:
Ըստ այսօր ընդունված զեկույցի՝ «Խաղաղության խաչմերուկ» Հայաստանի առաջ քաշած նախագծի շրջանակում «Կառավարությունը Ադրբեջանին լուծումներ է առաջարկել, համաձայն որոնց, կստեղծվի երկաթուղային բեռնային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև ՀՀ տարածքով, ինչպես նաև Նախիջևանի տարածքով՝ ՀՀ Երասխից մինչև Մեղրի: Ըստ առաջարկի՝ երկու երկրները միմյանց տարածքով հնարավորություն կունենան իրականացնելու նաև միջազգային բեռնափոխադրումներ:
Ի՞նչ քննարկումներ կան Ադրբեջանի հետ հումանիտար հարցերի շուրջ: Կառավարության կատարման ընթացաքի զեկույցն այս հարցին անդրադարձել է մեկ նախադասությամբ՝ «քննարկումները շարունակում են հումանիտար հարցերի լուծման ուղղությամբ»: