Հայաստանի կառավարությունը նոր ընկերություն է ստեղծում Մեծամորի ատոմակայանին փոխարինող նոր միջուկային էներգաբլոկի կառուցման համար։ Գործադիրի այսօրվա նիստում տարածքային կառավարման նախարարը պարզաբանեց՝ հենց այս ընկերությունն էլ որոշելու է, թե որ երկրի առաջարկած տեխնոլոգիայով ու ինչ հզորությամբ կկառուցվի նոր ատոմակայանը։
«Այս կազմակերպությունը պետք է դառնա այն կառույցը, որը կիրականացնի ամբողջ շինարարության պրոցեսը որպես իրականացնող պատվիրատու և հսկող մարմին, որից հետո էլ հենց այս կազմակերպությունը կհանդիսանա նոր ատոմային էներգաբլոկի նաև շահագործող», - ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Մեծամորի ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ավարտին մնացել է 12 տարի։ Ըստ Գնել Սանոսյանի՝ նոր էներգաբլոկը կառուցվելու է գործող կայանի տարածքում, բայց թե կոնկրետ որ թվականին են սկսվելու շինարարական աշխատանքները, որքան գումար կպահանջվի դրա համար, նախարարը չհստակեցրեց։
Ըստ մասնագետների՝ նոր ատոմակայանի կառուցման համար առնվազն 10-ը տարի է պետք։
«Մինչև 40 թվական ռազմավարություն ունենք, որ գործող ատոմակայանի հարթակում՝ հարակից տարածքում, գործող ատոմակայանի ժամկետի ավարտից հետո էդ փուլում ունենք առնվազն նույն հզորության նոր էներգաբլոկ, որը կշարունակի գործող ատոմակայանի նման աշխատել», - նշեց նախարարը:
Այս ընկերությունը 2 տարի ժամանակ ունի, որպեսզի կառավարությանը առաջարկ ներկայացնի՝ ամերիկյա՞ն, ռուսակա՞ն, թե՞ մեկ այլ երկրի տեխնոլոգիայով պետք է կառուցվի միջուկային նոր էներգաբլոկը։ Այս ընտրությունը նաև աշխարհաքաղաքական զարգացումների հետ է կապում Հայաստանի կառավարությունը, բայց չեն բացատրում, թե կոնկրետ ինչ զարգացումներ նկատի ունեն։
«Հաշվի առնելով աշխարհում միջուկային տեխնոլոգիաների զարգացման փուլը և աշխարհաքաղաքական զարգացումները՝ կարծում ենք, որ տվյալ կազմակերպության ստեղծումից և համապատասխան անձնակազմի համալրումից հետո 1,5-2 տարվա ընթացքում կկարողանա կառավարությանը տալ հիմնավորված առաջարկ տեխնոլոգիայի ընտրության վերաբերյալ», - այս մասին նշում են կառավարությունից։
Դեռ մայիսին Երևանը հայտնել էր, որ նոր ատոմակայանի կառուցման հարցով բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Հարավային Կորեայի հետ: Սրանից երկու ամիս էլ չանցած՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ նոր ատոմակայանի կառուցման հարցով Հայաստանը առարկայական քննարկումների փուլում է Միացյալ Նահանգների հետ ու թե հիմա գնդակը ամերիկյան կողմի դաշտում է։
«Միացյալ Նահանգների հետ քննարկում ենք իրավապայմանագրային դաշտը կարգավորելու, այսինքն, առանց այդ իրավապայմանագրային դաշտի մենք չենք կարող առաջ ընթանալ: Այս պահին կարող եմ ասել, որ գնդակը Միացյալ Նահանգների դաշտում է: Ակնկալում ենք, որ ԱՄՆ-ի ներհամակարգային պրոցեդուրաներն անցնեն, այնուհետև մենք կսկսենք աշխատել», - ասել է Գրիգորյանը:
Մինչդեռ մասնագիտական հանձնաժողովից «Ազատությանը» հայտնել էին՝ դեռ վերջնականապես որոշված չէ՝ առաջարկվող որ մոդելն է ավելի շահավետ Հայաստանի համար։ Ըստ հանձնաժողովի անդամ Սուրեն Բզնունու՝ վերջնական գնահատումն ամիսներ կտևի, իսկ գնահատման հիմքում տեխնիկական, անվտանգային, տնտեսական ու այլ չափանիշներն են լինելու։
«Ներկայումս դիտարկվում են տարբեր երկրների առաջարկներ՝ Միացյալ Նահանգների, ընդ որում, Միացյալ Նահանգների կողմից մեկ տեխնոլոգիա չէ, որ Հայաստանին առաջարկվում է, 3-4 տեխնոլոգիաների մասին է խոսքը, քանի որ Միացյալ Նահանգները մրցակցային երկիր է, այնտեղ մեկ տեխնոլոգիա չկա: Ուշ աշնանը մենք կունենանք նախնական հաշվետվությունը, և արդեն գարնանը կառավարության սեղանին կդրվի որոշում կայացնելու համար պիտանի տեխնիկական նյութ, որի հիման վրա արդեն կառավարությունն իր որոշումը կկայացնի: Բայց հասկանալի է, որ կառավարությունը ոչ միայն տեխնիկական նկատառումներով է առաջնորդվում, այլև գոյություն ունի ազգային անվտանգության բաղադրիչ, երկարաժամկետ առումով Հայաստանի զարգացման ռազմավարություն և այլն», - նշեց Բզնունին։
1979 թվականին շահագործման հանձնված Մեծամորի Հայկական ատոմակայանի ժամկետի երկարաձգման, վերազինման աշխատանքներում տարիներ շարունակ ռուսական կողմն է ներգրավվել։ Ամիսներ առաջ էլ հայտնի դարձավ, որ հայկական կողմը 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը կրկին ռուսաստանյան ընկերության է վստահվել՝ «Ռոսատոմ»-ին։