Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Կառավարությունը Հայաստանի պետական պարտքը շեշտակի՝ ավելի քան կես միլիարդ դոլարով կրճատելու գործընթաց է նախաձեռնել, սակայն ոչ թե եղած պարտավորությունները մարելու, այլ՝ օրենսդրական փոփոխությունների ճանապարհով:
Մասնավորապես, առաջարկում են պետական պարտքի կառուցվածքից պարզապես հեռացնել Կենտրոնական բանկի այս պահին 522 միլիոն դոլար կազմող պարտավորությունները, ինչի հաշվին Հայաստանի պետական պարտքի մասին խոսելիս պաշտոնյաները կկարողանան այս պահի տվյալներով 14 միլիարդ դոլարի պարտքը 3.7 տոկոսով ավելի ցածր ներկայացնել:
Առաջարկվող փոփոխություններից հետո, սակայն, գլխավոր դրամատան պարտավորությունները չեն անհետանա: Իսկ ու՞մ է պարտք Կենտրոնական բանկը: 522-ից 65 միլիոն դոլարը հենց Կառավարության երաշխավորությամբ գլխավոր դրամանատանը տրամադրված արտաքին վարկերն են, այսինքն՝ եթե կառույցը դրանք չմարի, այդ բեռը կմնա գործադիրի ուսերին: Ընդհանուր առմամբ, Կենտրոնական բանկի պարտավորությունների առյուծի բաժինը՝ 54 տոկոսը Գերմանիայի պետական KfW բանկից վերցրած վարկերն են, հաջորդ խոշոր վարկատուն Եվրոպական ներդրումային բանկն է, մոտ 10 տոկոս մասնաբաժին էլ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկն ունի:
Գործադիրը հիմնավորում է՝ օրենքը պետք է փոխել, քանի որ «ոլորտի կարգավորումները ներկա իրողություններին համապատասխանեցնելու անհրաժեշտություն կա»: Հայտարարում են՝ պետք է քայլեն ժամանակին համահունչ, պնդում են՝ ամբողջ աշխարհում Կենտրոնական բանկի պարտավորությունները պետական պարտքի մաս չեն համարվում, առաջարկում են նաև չներառել Կառավարության տված երաշխիքները:
Անցած շաբաթ խորհրդարանի հանձնաժողովի նիստին առաջարկը ներկայացրած ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը հայտարարեց, թե սա արվում է Արժույթի միջազգային հիմնադրամի հորդորներին համահունչ. - «Մենք ունեինք նախապայման Արժույթի միջազգային հիմնադրամի հետ՝ որպեսզի ավելի հասկանալի լինենք մեր միջազգային ներդրողների և միջազգային պարտատոմսեր ձեռք բերող կազմակերպությունների համար, համապատասխան փոփոխությունը իրականացնել»:
Ինչո՞ւ են տարանջատում Կենտրոնական բանկի պարտավորությունները պետական պարտքից, հետաքրքրվեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը:
«Ես իրոք չեմ հասկանում՝ Կենտրոնական բանկն ինչի ա առանձնացվում, որովհետև ինքը Հայաստանի համար, Հայաստանի, լավ, անունից չասեմ՝ անունը, վերջիվերջո, Կենտրոնական բանկ, Կառավարություն առանձնացված ա՝ թղթի վրա գոնե, հիմա գա մեր օրակարգի վերջին կետը, կտեսնենք՝ թուղթը ինչքանով ա տարբերվում իրականությունից, բայց դա անում ենք, փոխարենը վերցնում ենք համայնքային պարտքը, դա մտցնում պետական պարտքի մեջ, և դա ինձ հիշեցում ա 20 տարի առաջ կոնսոլիդացված բյուջեի գաղափարը, երբ համայնքային բյուջեները մտցնում էին պետական բյուջեի մեջ, հետո հասկացանք, որ դա այդքան էլ ճիշտ չի, և դա հանեցինք», - հայտարարեց դաշնակցական պատգամավորը:
«Էս պահին Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից սահմանված պետական ֆինանսների մասին վիճակագրությունը հենց սենց ա ասում: Մենք խախտմամբ էինք հրապարակում, ինքը անընդհատ հարցեր էր առաջացնում, օրինակ՝ եվրոբոնդերի թողարկման ժամանակ ամեն անգամ մեզ ասում էին՝ «մի հատ բացվածքը ցույց կտա՞ք», ցույց էինք տալիս Կենտրոնական բանկը մեջը, ասում էին՝ «խի՞ ա Կենտրոնական բանկը մեջը, կարող ա՞ անկախ չի», - արձագանքեց ֆինանսների փոխնախարարը:
Իսկ ինչո՞ւ է Կառավարությունն այս թեմային միայն հիմա անդրադառնում՝ ընտրություններից ամիսներ առաջ, երբ պետական պարտքի մեծացումը իշխանությունների հասցեին հիմնական քննադատություններից է: Գործադիրի ներկայացրած հիմնավորումներում այս հարցի պատասխանը չգտանք:
Փոխարենը, օրինակ, Ադրբեջանի ֆինանսների նախարարության պարտքի վերաբերյալ զեկույցում հեշտությամբ գտանք կառավարության տված երաշխիքների հատվածը. Կենտրոնական բանկի պարտավորությունները թեև հիշատակված չեն, սակայն Բաքվի երաշխավարությամբ վերցված պարտքը մանրամասն նկարագրված է այն վերջին տվյալներով 5.4 միլիարդ դոլար է կազմում: Երաշխիքների մասին բաժին գտանք նաև Թուրքիայի ֆինանսների նախարարության կայքում:
Կառավարության ներկայացրած նախագիծը դեռ պետք է քննարկվի Ազգային ժողովում: