Միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը, գործարարի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ծավալուն հարցազրույց են տվել ամերիկացի պահպանողական հեռուստահաղորդավար Թաքեր Կարլսոնին:
«Քրիստոնեության դեմ համաշխարհային պատերազմը էլ ավելի է սրվել» վերնագրով մոտ 1.5 ժամանոց հարցազրույցում նրանք պատմում են Հայաստանում եկեղեցու դեմ իշխանությունների արշավի և եկեղեցուն աջակցելու համար արդեն գրեթե հինգ ամիս ճաղերի հետևում գտնվող Սամվել Կարապետյանի կալանավորման մասին:
Նարեկ Կարապետյանը, որը հորեղբոր բանտարկությունից հետո ստեղծված «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի նախագահն է, նախ անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը, նշում, որ 1.5 միլիոն հայերն այն ժամանակ կոտորվեցին, քանզի հրաժարվեցին ընդունել իսլամ: Ապա նշում է, որ Արցախի երկրորդ պատերազմից հետո Հայաստանի վարչապետը որոշել է կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի հետ: Բոլորն են կողմ խաղաղությանը, սակայն, Կարապետյանի պնդմամբ՝ Ադրբեջանն ու Թուրքիան դրա դիմաց պահանջում են մոռանալ պատմությունը, Ցեղասպանությունը ու փոխել եկեղեցու ղեկավարությունն ու դրա խոսույթը:
«Եվ վեց ամիս առաջ վարչապետն սկսեց եկեղեցու և նրա ղեկավարի դեմ հարձակումները, ցանկանում է գահընկեց անել նրան և փոխել 1700-ամյա եկեղեցու կառուցվածքը՝ վերահսկողության տակ վերցնելով եկեղեցին», - հարցազրույցի ընթացքում ասում է «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը:
Կարապետյանը նշում է, որ հանրությունը ցնցված է եկեղեցու դեմ իշխանության արշավից, քանզի նախկինում նման բան չէր եղել, նույնիսկ Օսմանյան կայսրության շրջանում: Ըստ նրա՝ շատերն են դեմ դրան, սակայն լռում են՝ վախենալով ճնշումներից: Հայաստանը ժողովրդավարական երկիր է, սակայն վարչապետն աստիճանաբար վերածվում է բռնապետի, իսկ պատճառը, Փաշինյանի նվազող վարկանիշն է, պնդում է նա:
Նարեկ Կարապետյանը հայտնում է, որ այս արշավի շրջանակում երեք արքեպիսկոպոս է բանտարկվել, նաև իշխանությունը զավթելու կոչի համար մեղադրվող իր հորեղբայր Սամվել Կարապետյանը, որն աջակցություն է հայտնել եկեղեցուն՝ ասելով, որ «եթե դա չհաջողվի քաղաքական գործիչներին, մենք այդ ամեն ինչին կմասնակցենք մեր ձևով»: Նա պատմում է, որ քննիչները ժամեր շարունակ Քրեական օրենսգրքում հոդված էին փնտրում՝ մեղադրանք առաջադրելու համար, քանզի, ըստ նրա, նման հոդված նախատեսված չէ այդ հայտարարության համար:
«Ես հիշում եմ՝ քննիչը մտավ սենյակ և բացականչեց. «Ես գտա մի հոդված», իսկ մյուսը ասաց․«Ոչ, դա չի աշխատի»։ Եվ 7 ժամ հետո նրանք գտան մի հոդված և մեղադրանք առաջադրեցին, թե իբր նա ասել է, որ վարչապետը պետք է գահընկեց արվի, սակայն այդ 37 վայրկյան տևողությամբ հարցազրույցում չկա ոչ մի խոսք ո՛չ վարչապետի, ո՛չ էլ այլնի մասին», - պատմեց Կարապետյանը:
Ըստ նրա՝ Սամվել Կարապետյանն ու կալանավորված հոգևորականները խիզախ մարդիկ են, քանզի դեմ են գնացել իշխանությանը: Սակայն նրանք կարող են ազատ արձակվել թեկուզև վաղը, եթե հայտարարեն, որ չեն սատարում եկեղեցուն:
Իշխանությունները նաև ցանկանում են խլել Հայաստանում Կարապետյանի բիզնեսը, սակայն այդ պարագայում ևս նա մտադիր չէ հրաժարվել եկեղեցուն աջակցելուց, ասել է նա: Կառավարությունը մտադիր է պետականացնել «Տաշիր Գրուպ»-ին պատկանող «Հայաստանի էլցանցեր»-ը և դրան միտված որոշ քայլեր արդեն արվել են:
«Սամվել Կարապետյանը կարող է ազատ արձակվել, զբաղվել իր բիզնեսով, սակայն չի գնում դրան՝ հանուն իր կրոնի, քանի որ կրոնն ու հավատքը կարևոր են: Ինչպես առաջին քրիստոնյաները, որոնք ճնշումների էին ենթարկվում, բայց պայքարում էին իրենց կրոնի համար: Նույն վիճակում է հիմա նաև Սամվել Կարապետյանը»,- ասում է Կարապետյանի եղբորորդին:
Գործարարի փաստաբանն իր հերթին ասել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը կորցրել է հավատքի իմաստը և կրոնը որպես գործիք է կիրառում արտաքին քաղաքականությունում, և ԱՄՆ կառավարությունն է որոշում, թե որ քրիստոնյաներին աջակցել, որոնց՝ ոչ: Եվ հիմա, ըստ նրա, ամերիկացի քրիստոնյաները գովաբանում են Փաշինյանին, որը փորձում է պառակտել եկեղեցին՝ մասնակցելով կարգալույծ արված քահանայի մատուցած պատարագին, հայտարարելով, որ պետք է փոխի կաթողիկոսին:
«Մարդ, որը հոգևորականներին մարմնավաճառներ է անվանում, օգտագործում է բառամթերք, որը ես՝ այս տարիքի մարդ, երբեք չեմ լսել, որ որևէ ղեկավար օգտագործի եկեղեցու առաջնորդների մասին ... Եվ ԱՄՆ կառավարությունը թույլ է տալիս, որ սա շարունակվի», - հայտարարեց Կարապետյանի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը:
Փաստաբանը նաև ասել է, որ ԱՄՆ վարչակազմը մեծ ճնշում է գործադրել, որ խաղաղություն հաստատվի, սակայն հայերը հսկայական գին են վճարում դրա համար. ոչնչացվում է Արցախի պատմամշակութային ժառանգությունը, 120,000 արցախցիներ էթնիկ զտման են ենթարկվել, 23 հայեր դեռ Բաքվի բանտերում են, և ոչ ոք չի մտածում այդ մասին:
Ըստ Ամստերդամի՝ ապշեցուցիչ է, թե ինչպես կարող է Հայաստանն ունենալ վարչապետ, որը, որպես հայ, կարծես, հրաժարվում է սեփական պատմությունից, Արարատ լեռան պատկերը հանում է կնիքներից, չի խոսում Ցեղասպանության մասին, արշավ է սկսել եկեղեցու դեմ և մտադիր է գահընկեց անել կաթողիկոսին և նորին նշանակել:
Ամերիկացի փաստաբանի խոսքով. «Անշուշտ, նա չի հասկանում, թե ինչ է Առաքելական եկեղեցին: Առաքելական եկեղեցի լինելու համար պետք է կապ ունենալ առաջին առաքյալների հետ, ինչը նշանակում է, որ կաթողիկոսի ընտրությունը պետք է սրբացվի եպիսկոպոսների, եկեղեցու առաջնորդների կողմից, ոչ թե քաղաքական գործիչների: Նա զարմանալիորեն անտեղյակ է իր իսկ կրոնից»:
Ավելի քան հինգ ամիս կաթողիկոսի ու այլ բարձրաստիճան հոգևորականների հեռացումը պահանջող Փաշինյանը պնդում է, թե նրանք տեղ չունեն հայ առաքելական եկեղեցում, քանի որ խախտել են կուսակրոնության ուխտը: Այլ մեղադրանքներ, օրինակ, գործակալ լինելու մասին, ևս հնչել են: Փաշինյանը, սակայն, կոնկրետ ապացույցներ չի ներկայացրել, վերջին ճեպազրույցում պնդեց, թե իր տեղեկությունների աղբյուրը ժողովուրդն է: