Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման ուղղությամբ քննարկումները շարունակվում են, «Ազատությանը» փոխանցեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
«Նոր զարգացումների դեպքում կտեղեկացնենք», - նշեց նա:
Ռուսաստանը Սյունիքում գլխավոր հյուպատոսություն բացելու մտադրության մասին խոսում է տարիներ շարունակ: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անցած շաբաթ Երևանում ասել էր, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի հետ մանրամասն քննարկել են Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը, հավելելով, որ նախապատրաստական աշխատանքներն ընթանում են:
Թե ինչու Կապանում այդպես էլ չի բացվում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան Լավրովի Հայաստան կատարած այցից հետո հորդորել էր այդ հարցը տալ հայկական կողմին: Զախարովան ակնարկել էր, որ խնդրի լուծումը պետք է փնտրել Երևանում. «Այդ հարցը մանրամասն քննարկվել է բանակցությունների ընթացքում, մեզ պետք չէ համոզել այդ կառույցի գործունեության անհրաժեշտությունը: Առայժմ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը բացակայում է, թե ինչո՞ւ, պետք է ճշտել հայկական կողմից»: