Գյումրիի դրամատիկական թատրոնի առաջին ներկայացումը 1865 թվականին էր: 1.5 դարից ավելի կենսագրություն ունեցող թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանն ընդգծում է՝ իրենց հարուստ անցյալը փորձում են համադրել նորի հետ:
«160 թատերաշրջան է ունեցել, այս թատրոնում եղել են այնպիսի երևելի մարդիկ, ինչպիսիք են Վարդան Աճեմյանը, Խորեն Աբրահամյանը, Գրիգոր Մկրտչյանը, Ալբերտ Մկրտչյանը, Երվանդ, Հակոբ Ղազանչյանները, - «Ազատության» հետ զրույցում հիշում է նա՝ հավելելով, - Հինը երբեք չես կարող արմատախիլ անել նորը տնկելու համար: Այս թատրոնի արմատները չափից դուրս խորն են, ու ինչքան էլ լինեն «քամին, փոթորիկ», բայց թատրոնը կանգուն է մնացել, և ես կարծում եմ՝ կանգուն կմնա միշտ, քանի որ սա պայմանավորված չէ ներկայով, պայմանավորված է անցյալով՝ արմատներով, որովհետև այդ արմատները խորն են, ճշմարիտ են եղել: Ամենակարևորը՝ ինչքան էլ ուզենաս, չես կարող այդպես անել, ինքը գուցե երբեմն երերա, բայց երբեք արմատախիլ չի լինի, քանի որ այս քաղաքն ամուր է, գիտի գնահատել ու պաշտպանել իր թատրոնը»:
Այն, ինչ բեմում տեսնում է հանդիսատեսը, ետնաբեմում տասնյակ մարդկանց չերևացող աշխատանքի արդյունքն է նաև: Արդեն 34 տարի է՝ թատրոնի զգեստապահարանների շուրջ 8 հազար զգեստները խնամքով պահում, դասավորում է Ռիտա Յայլոյանը:
Գյումրիի դրամատիկականում մեծանուն դերասանների կրած զգեստները հիմնականում թանգարաններ են տեղափոխվել: Մհեր Մկրտչյանից, օրինակ, որևէ հագուստ չկա: Իսկ հին զգեստները երբեմն նոր ներկայացումների համար ձևափոխում են:
160-ամյա թատրոնում նաև խնամքով պահում են ներկայացումների դեկորացիաների մակետները: Դրանց մի մասը ցուցադրվում է թատրոնի ճեմասրահում:
Դեկորացիաների դետալները հավաքում եռակցում ու ստանում են այն, ինչ բեմում տեսնում է հանդիսատեսը: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանն ասում է՝ ետնաբեմում աշխատող ու աննկատ մնացող մարդկանց աշխատանքի ու ստեղծագործության արդյունքն է, որ ապրեցնում է թատրոնը:
Գյումրիի դրամատիկականը տարեկան 130-ից ավելի ներկայացում է խաղում միայն Գյումրիում ու ամեն տարի 5 նոր ներկայացում բեմադրում:
Մանրամասները՝ ռեպորտաժում.