Մատչելիության հղումներ

Կալիֆորնիայում Թրամփի նախընտրական հանրահավաքի մոտ զինված տղամարդ է ձերբակալվել


ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփ

Կալիֆորնիայի Ռիվերսայդ շրջանում նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի քարոզարշավի ժամանակ զինված տղամարդ է ձերբակալվել։ Վարչաշրջանի շերիֆը միջադեպն անվանել է «ենթադրաբար ձախողված մահափորձ», հաղորդում է Southern California News Group-ը:

Կալիֆորնիայի հարևան Նևադա նահանգի 49-ամյա բնակչի մեքենան, ով գրանցված է որպես Ուեմ Միլլեր, կանգնեցվել է հանրահավաքի մոտ անցակետում։ Միլլերի մոտ հայտնաբերվել է որսորդական հրացան և ատրճանակ, հայտնում է Los Angeles Times-ը։ Զենքը լիցքավորված է եղել։

Ձերբակալվելիս Միլլերը ներկայացրել է Թրամփի հետ հանդիպման կեղծ VIP հրավեր և լրագրողական քարտ, հաղորդել է շերիֆ Չադ Բյանկոն։ Նրա խոսքով՝ կասկածյալը գրանցված հանրապետական է, ով 2022 թվականին մասնակցել է Նևադայի օրենսդիր մարմնի ստորին պալատի ընտրություններին։ Ենթադրվում է, որ Միլլերը աջակողմյան հակակառավարական խմբավորման անդամ է:

Միլլերը կալանավորվել է լիցքավորված զենք կրելու և արտոնվածից ավելի փամփուշտների (Կալիֆորնիայում թույլատրելին մինչև 10 հատն է) տարողությամբ պահունակ պահելու մեղադրանքով։ Թրամփի աշխատակազմը դեռ չի մեկնաբանել միջադեպը։

Շերիֆի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ միջադեպը չի ազդել թեկնածուի կամ հանդիպման մասնակիցների անվտանգության վրա:

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Դոնալդ Թրամփի դեմ երկու մահափորձ է կատարվել։ Առաջին մահափորձի ժամանակ Թրամփը հայտնվեց կրիտիկական վտանգի մեջ՝ գնդակը դիպել էր նրա ականջին: Կասկածյալը՝ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, գնդակահարվել է և սպանվել դեպքի վայրում։

Երկրորդ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին Ֆլորիդայում։ 58-ամյա Ռայան Ուեսլի Ռութին նկատել են գոլֆի դաշտում, որտեղ խաղում էր Թրամփը։ Թրամփի անվտանգությունը կրակ է բացել կասկածյալի վրա, նա փորձել է փախչել, սակայն կալանավորվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG