Տերյան 69. Հակակոռուպցիոնի հրապարակած գաղտնալսման մեջ «Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը հեռախոսազրույցում այս հասցեն է նշում: Այստեղ է գործում Սամվել Կարապետյանի ընտանիքին պատկանող «Տաշիր գրուպ» ընկերությունը:
Իրավապահները պնդում են, որ Կանդազ մականունով Արթուր Ավանեսյանը քաղաքացիներին աշխատանք է խոստացել, երբ «Ուժեղ Հայաստան»-ը գա իշխանության: Հակակոռուպցիոնում համարում են, որ սա ընտրակաշառք է, դատարանն էլ այսօր երկու ամսով կալանավորեց նախկին զինվորականին:
«Ի՞նչն էր բովանդակային հատվածը ընտրակաշառքի վերաբերյալ. այդ հարցադրումը դատական նիստի ընթացքում ուղիղ ներկայացրել ենք: Ինչի՞ համար. ընտրակաշառքը պետք է ունենա շրջանակ, պետք է ունենա առարկա, պետք է ունենա դրա նկատմամբ իրականացվող գործողություն: Պայմանականորեն՝ երկու անձինք, որոնք ընկերներ են, իրենք իրար ընտրակաշառքի հարաբերության մեջ կարո՞ղ են ողջամտորեն մտնել, թե՞ ոչ, ի դեպ՝ ընկերներ, որոնք նույն քաղաքական հայացքը ունեն», - լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական ցուցակի երկրորդ համարը՝ փաստաբան Արամ Վարդևանյանը:
Վարդևանյանն այսօր պատմեց, որ Արթուր Ավանեսյանին կալանավորած Հակակոռուպցիոն դատարանը հաշվի չառավ այլ խափանման միջոցներ կիրառելու իրենց միջնորդությունը: «Բոլոր հնարավոր այլ խափանման միջոցները առաջարկել էինք», - ասաց փաստաբանը:
Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը, սակայն, դատարանում պնդել է՝ ազատության մեջ Արթուր Ավանեսյանը կխոչընդոտի գործի քննությանը, կփորձի թաքնվել կամ էլ ազդել գործով անցնող անձանց վրա: Վարդևանյանը դատարանում հակադարձել է՝ եթե այդպես լիներ, ապա Ավանեսյանին կկալանավորեին այն ժամանակ, երբ արվել էին այդ գաղտնալսումները:
«Ապրիլին նախորդած ժամանակահատվածում արդեն ինտենսիվ գործողություններ կատարել են, տվյալներ փաստորեն չեն հայտնաբերել, հակառակ դեպքում հենց անմիջապես, պայմանականորեն՝ մարտ ամսին, լինելու էին ձերբակալումներ կամ կալանավորումներ, այդ ամենը չկա», - ընդգծեց փաստաբանը:
Հակակոռուպցիոնի հրապարակած գաղտնալսումներում քաղաքացին Արթուր Ավանեսյանին հարցնում է՝ իրեն պաշտոն կտա՞ բանակում: Նա էլ դրական պատասխան է տալիս: Վարդևանյանը պնդում է՝ սա երկու գաղափարակից ընկերների միջև խոսակցություն է, ոչ թե Քրեական օրենսգրքի խախտում: Հանցանք կդիտարկվեր, եթե մի կողմը փորձեր ազդել մյուսի կամքի վրա:
«Շատ բաներ իրենք իրար կարող են խոստանալ, կարող են պատկերացնել, կարող են հավատալ, բայց դա ինչո՞վ է դառնում ընտրակաշառք: Ընտրակաշառքի առաջնային բաղադրիչը ընտրողի կամքին միջամտությունն է շահագրգռելու միջոցով՝ դա կարող է լինել գումար, կարող է լինել այլ միջոց, բայց պետք է կամքին միջամտություն անես», - նշեց փաստաբանը:
Ընդդիմադիր ուժի ներկայացուցչի կարծիքով՝ իրենք նախընտրական տարբեր խոստումների մասին են հայտարարում, ինչը հանցագործություն չէ, այլ՝ քարոզարշավին բնորոշ հայտարարություններ:
«Արման Սարգսյանին աշխատանք եք առաջարկում նորմալ պայմաններում: Հարգելիս, համայնքի ղեկավարը ասում է՝ էս պահին 50 հոգու բանվորի ազատ տեղ ունի». - այս հրահանգը վարչապետը տվել էր մարտի 7-ին Արագածոտնի մարզպետին: Նման օրինակներ էլի կան, ասում է Արամ Վարդևանյանն ու հարցնում՝ ինչո՞ւ իրավապահները վարույթ չեն հարուցել արդեն երկու ամիս քաղաքներում ու գյուղերում շրջող վարչապետի այս խոստումից հետո: Իրավապահ կառույցներից ճշտել ենք՝ իշխող ուժի բարձրաստիճան ներկայացուցիչների դրվագներով վարույթներ իրավապահները չունեն:
«Դա ընտրակաշա՞ռք է: Հիմա, եթե այս դեպքում ընտրակաշառք է, բա էդ դեպքո՞ւմ ինչ են անում», - ընդգծեց Վարդևանյանը:
Հակակոռուպցիոնի հրապարակած ձայնագրության մեջ խոսք կա նաև անձնագրերը պատրաստելու, Տերյան 69 այցելելու մասին: Ընդամենը կուսակցությանն անդամագրվելու մասին է, վստահեցնում է փաստաբանը:
Այս գործով կա ևս երեք մեղադրյալ: Փաստաբան Ռոման Երիցյանի տվյալներով՝ դատարանը տնային կալանքի է տարել նրանցից արցախցի Գեղամ Զաքարյանին:
«Ստացվում է, որ Գեղամ Զաքարյանը ընդունել է մոտ 30-35 միլիոն ՀՀ դրամի կաշառքի խոստում է տվել, կաշառք ստանալու համաձայնություն է տվել, որպեսզի ընդամենը հինգ հոգու ձայն տա «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին, որից, էդ հինգ հոգուց չորսը անգամ ընտրելու իրավունք չունեն», - նշեց Երիցյանը:
Ըստ փաստաբանի՝ Զաքարյանը տան միակ կերակողն է, բայց տնային կալանքի դեպքում չի կարող աշխատել: Ըստ քննչական մարմնի՝ Գեղամ Զաքարյանն ընտրակաշառքի դիմաց խոստացել է ընտանյոք ընտրել «Ուժեղ Հայաստան»-ին: Նրան վերաբերող ձայնագրությունն այսքանն է. Զաքարյանը խոսում է աշխատանք գտնելու մասին, Ավանեսյանն էլ՝ պատասխանում. - «Չարչարվեցիք ընտրեցիք՝ համ գործն ա լնըմ, համ հողն ա լնըմ, համ տոնն ա լնըմ»:
Այս գործով անցնող մուս երկու մեղադրյալների մասին տեղեկություններ հայտնի չեն, Հակակոռուպցիոնը մանրամասներ դատական որոշումներից չի հայտնում: