Մատչելիության հղումներ

Քաղաքացին 4 տարի անց մեղադրվում է ծառայությունից խուսափելու մեջ. ընտանիքը վիճարկում է


«2020-ին կամավոր ռազմաճակատ մեկնած ամուսինս 4 տարի անց ինչպե՞ս դասալիք դարձավ»,- հարցնում է Լալա Բերնեցյանն ու պնդում՝ պաշտոնապես թույլատրված արձակուրդից 4 կամ 5 օր ուշացումով է ծառայության վերադարձել, բայց նախորդ տարի դատարանից ստացած թղթում այլ թիվ է եղել:

«Ամսի 10-ին պիտի ներկայանար, 14-ին է ներկայանում: Չգիտես ինչու այդ քրեական գործի մեջ 4 օրը սարքում են 13 օր, որովհետև ծանր հանգամանք է դա կոչվում, ու 4 տարի հետո նոր որոշում են քրեական գործ հարուցել», - «Ազատությանն» ասաց նա:

Ըստ գործի մանրամասների, որ Դատալեքսում կարելի է կարդալ, Էդուարդ Զեյթունյանը 2020-ին հայտարարված ռազմական դրության պայմաններում արձակուրդից պետք է վերադառնար դեկտեմբերի 10-ին, բայց զինծառայությունից խուսափելու նպատակով ու առանց հարգելի պատճառների ներկայացել է դեկտեմբերի 23-ին: Այսպիսով, ըստ դատական գործի, նա զինծառայությունից բացակայել է 303 ժամ։

Զեյթունյանի կինը պնդում է՝ այդ օրերին ինքը քովիդով հիվանդ էր, միակ խնամողն անչափահաս դուստրն էր: «Արձակուրդ եկած ամուսինս դստերս օգնելով խնամում էր ինձ, բայց ինքն էլ քովիդով վարակվեց: Հիվանդանոցներում տեղ չկար, մենք տանը բուժվեցինք, ու հենց դա էլ մեր դեմ աշխատեց»,- ասաց նա:

2016-ի Սարի թաղի բախումների գործով անցնող 10 բնակիչներից մեկն է Լալա Մնացականյանի ամուսինը, նրանք մեղադրվում էին իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու համար:

Զեյթունյանն այս պահին էլ բանտում է, բայց մեկ այլ քրեական գործով: Նախկին խցակիցներն, ըստ կնոջ, խնդրել են, որ ամուսինը ծանրոց տանի բանտ, ու պարզվել է՝ դրանում թմրանյութ կա:

«Ոչ կապեր ունենք, ոչ էլ փող, որ կարողանայինք առաջադրված այս մեղադրանքի դեմ էլ պայքարել ու ապացուցել, որ ամուսինս տեղյակ չի եղել, թե ծանրոցի մեջ ինչ կար»,- պնդում է Մնացականյանն ու հավելում՝ սա քիչ էր, հիմա էլ դասալքության հոդվածը:

Այս գործով էլ, ըստ Լալա Բերնեցյանի, քննիչն ու դատախազն օգտվել են ամուսնու իրավագիտակից չլինելու հանգամանքից, համոզել են, որ ընդունի, թե ուշ է վերադարձել ծառայության ու արագացված դատ պահանջի: Ամուսինը, ըստ կնոջ, համաձայնել է՝ կարծելով, որ 4-5 օր ուշացման մասին է խոսքը, հետո, ասում է, դատարանում է տեղեկացել, որ խոսքը 303 ժամի մասին է:

Արդյոք քննիչներն ու դատախազն իսկապես համոզե՞լ են Զեյթյունյանին, Քննչական կոմիտեից և դատախազությունից հրաժարվեցին արձագանքել Լալա Բերնեցյանի մեղադրանքներին, ասացին՝ գործը դատարանում է, մանրամասները՝ «Դատալեքս»-ում:

Ծառայությունից խուսափելու հոդվածով մեղադրվող Զեյթունյանի կինն ասում է՝ ամուսինը կամավոր է գնացել պատերազմ, հրամանատարն էլ նրան դրական բնութագիր է տվել: Եթե պետք է խուսափեր ծառայությունից, շատերի պես չէր ընդունի ծանուցագիրն ու կփախչեր, ընդգծեց նա:

Եթե մեղադրանքը հաստատվի, Էդուարդ Զեյթունյանին 5-10 տարվա ազատազրկում է սպառնում: Այս գործով արդեն մեկ դատական նիստ եղել է: Բերնեցյանն ասաց՝ հրաժարվել են հանրային պաշտպանից և իրենց ընտրած փաստաբանին են ներգրավել:

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

Քաղաքացին 4 տարի անց մեղադրվում է ծառայությունից խուսափելու մեջ. ընտանիքը վիճարկում է
please wait

No media source currently available

0:00 0:04:00 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG