Մատչելիության հղումներ

«Քաղաքացիական պայմանագիրը» պատրաստվում է Գյումրիում ՏԻՄ ընտրություններին. ՔՊ-ական պատգամավոր


«Քաղաքացիական պայմանագիրն» օրերս Գյումրիում չորրորդ անգամ տարածքային կառույց ձևավորեց։ Իշխող ուժն այստեղ ընտրությունների նախօրեին է ակտիվանում, հետո տարածքային կառույցները լուծարում են։

Գյումրիում տեղական հերթական ընտրություններին դեռ երկու տարի կա։ «Բալասանյան» դաշինքի հետ կոալիցիան խզելուց հետո այստեղ ՔՊ-ն կես տարի է՝ ընդդիմություն է: Որ «Քաղաքացիական պայմանագիրը» Գյումրիում իշխանության գալու մտադրություն ունի, 4 ամիս առաջ ասուլիսում հայտարարել էր Շիրակի ՔՊ-ական մարզպետը, բայց չէր հստակեցրել, թե ինչպես։

«Ժամանակի հարց է, պետք է գանք հասնենք էդ փուլին, իսկ երբ որ էդ պահը հասունացավ, բնականաբար, առողջ քաղաքական պրոցես է, երբ որ էդ պրոցեսը հասունացավ, մենք էլ մեր գործողությունները պետք է կատարենք, ինչպես կատարում են բոլոր այն քաղաքական ուժերը, երբ որ պահը հասունանում է», - նշել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը:

Արդյո՞ք պահը հասունացել է և ՔՊ-ն նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների, հարցրեցինք տարածքային կառույցի ղեկավար, պատգամավոր Կարեն Սարուխանյանին։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է, այո, Գյումրու ՏԻՄ ընտրություններին, իսկ թե այդ ընտրությունները երբ են լինելու, մենք այդ մասին որևէ բան այս պահին, նման որոշում չունենք: Այո, մենք պատրաստվում ենք ընտրություններին», - պատասխանեց Սարուխանյանը:

Գյումրիի քաղաքապետին անվստահություն հայտնել «Քաղաքացիական պայմանագիրն» այս պահին չի կարող, ինչպես արեց և իշխանության եկավ Ալավերդիում, որտեղ հերթական ընտրություններում պարտվել էր։ Գյումրիի ավագանիում 6 մանդատ է պակասում, իսկ մյուս՝ ավագանիում առնվազն 2 քաղաքական ուժի հետ համագործակցելը բացառում են։

ՔՊ-ն իր արսենալում արտահերթ ընտրությունների անցկացման մեկ այլ մոդել էլ ունի, որը կիրառվեց Ախուրյան համայնքում՝ հակառակ թիմից իրենց թիմ ավագանու անդամներ բերելով։ Կարեն Սարուխանյանը խոստովանում է՝ Գյումրիում ավելի բարդ է, քանի որ մեկ մանդատի մասին չէ խոսքը։

«Քաղաքացիական պայմանագրի»՝ ընդդիմադիր դառնալուց հետո Գյումրիի ավագանու նիստերն հիմնականում լարված մթնոլորտում են անցնում, փոխադարձ մեղադրանքների պակաս չկա։ Սարուխանյանը պնդեց, թե կոալիցիան խզելուց հետո են սկսել դժգոհություններ լսել բնակիչներից, ինչն իրենց մտածելու տեղիք է տալիս։

«Քաղաքացիական պայմանագիրը» Շիրակի մարզի վեց համայնքներից չորսում է իշխանությունը։ Եթե Գյումրիում դեռ իշխանություն վերցնելու հստակ քայլեր չեն նշմարվել, ապա Ամասիայում իշխանությունը կիսելու բանավոր հայտարարություններ են հնչել, բայց դրանից հետո գործնական քայլեր չեն եղել։ Ի դեպ, Հայաստանի իշխող ուժն իր նոր տարածքային գրասենյակը բացել է քաղաքական հակառակորդ Հանրապետականի գրասենյակի ուղիղ դեմ դիմաց։

XS
SM
MD
LG