Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան հայտարարում է լրագրող Հակոբ Կարապետյանին ծեծողը կամ ծեծի պատվիրատուն ինքը չէ։ Ավելին, ինքը զոհ է, լրագրողի գրավոր ու բանավոր հայհոյանքների զոհը։
«Երբ որ ես տվյալ անձին բլոկ արեցի, որ ուղղակի էլ այդ լկտիությունները չտեսնեմ, տվյալ անձը երկու օր հետո չի հանգստանում և զանգում է իմ աշխատանքային ընդունարանում, հեռախոսահամար է թողնում, պահանջում է, որ՝ «ձեր պետին ասեք՝ թող իմ հետ կապնվի», նորից չեմ զանգահարում իրեն, որովհետև իմաստ չեմ տեսնում նման մարդու հետ ցանկացած դիալոգի գնալու», - նշեց նա։
Այս դեպքում պարզ չէ՝ ինչո՞ւ է պաշտոնյան լրագրողի ահազանգից հետո նկատողություն ստացել քաղաքապետ Ավինյանից ու արձակուրդ ուղարկվել։ Հայտնի չէ գործի վերադառնալու հեռանկարով, թե՝ ոչ։
«Քննություն կա, թող քննությունը պարզի՝ ով է մեղավոր, ու մենք ինչքան շուտ պարզվի, այնքան մեր համար ավելի լավ է լինելու», - ասաց «Ազատության» զրուցակիցը։
Մեկ շաբաթ առաջ էր լրագրող Կարապետյանն ահազանգել, որ աշխատավայրից դուրս գալիս ուշ երեկոյան դիմակավոր մեկը հարձակվել է իր վրա, բռնություն գործադրել։ Լրագրողը սա կապել էր ավելի վաղ օնլայն հարթակում քաղաքապետարանի այս պաշտոնյայից ստացած սպառնալիքների հետ։
«Ուրիշ որևէ պատճառ չեմ տեսնում։ Համենայն դեպս, իհարկե, նախաքննությունը վերջնական պատասխան կտա, բայց ես ուրիշ պատճառ չեմ տեսնում։ Այսինքն՝ եղել է ուղիղ սպառնալիք և եղել է հարձակում», - նշել է լրագրողը։
Առիթը Հակոբ Կարապետյանի մի գրառում էր այն մասին, որ քաղաքապետարանի տեսուչները ավտոբուսում տուգանում են ուղեվարձը վճարած քաղաքացուն։ «Կյանքը դարձնում են ամենօրյա պայքար, կաստում-շլվարավոր տգետների արտադրած թյուրիմացության դեմ», - գրել էր Կարապետյանը և կից նկար հրապարակել, որում ավտոբուսում հինգ հոգուց մեկը պրոֆիլով կանգնած Ավետ Բաբայանն է։ Այս գրառումից հետո Բաբայանն ինքն էր գրել լրագրողին․ «Քեզնից լավ տգե՞տ, այ սուպեր մամայի վկա»։
Կարապետյանն ասում է՝ այդ պաշտոնյային չի ճանաչում և գրառման հասցեատերն էլ ոչ թե նա էր, այլ որոշում կայացնողները, բայց բորբոքվել է Բաբայանը ու ըստ լրագրողի՝ հարցը քաղաքականացրել ի սկզբանե՝ վիրավորական նամակում հիշատակելով իր նախկին ղեկավար, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին։ Վերջինս, ի դեպ, այս միջադեպին նույնպես արձագանքել էր. «Անձնական նամակներով հայհոյանքներ է գրում Հակոբին Կարապետյանին, պատկերացնո՞ւմ եք, և սպառնալիքներ, շատ կոնկրետ սպառնալիքներ, որ այնպես ենք գլուխդ ջարդելու, այնպես ենք քեզ ծեծելու, որ ինքդ քեզ չճանաչես»։
Քաղաքապետարանի պաշտոնյան պնդում է՝ ինքը չի հայհոյել, նույնիսկ ֆեյսբուքյան նամակագրության մի դրվագ էր հրապարակել, որում ինքը վիրավորում է, Կարապետյանը հայհոյում։ Ըստ լրագրողի՝ Ավետ Բաբայանն իրեն ձեռնտու հատվածներն է հրապարակել մնացածը ջնջել, բայց և չի հերքում, ինքն էլ հայհոյել է։
«Ես ընդունում եմ, այո, իհարկե, հայհոյել եմ բացառապես ի պատասխան վիրավորանքների և հայհոյանքների։ Նաև խոստովանում եմ, որ իր միգուցե ասված մի խոսքին պատասխանել եմ հինգ խոսքով», - ասաց Կարապետյանը։
Լրագրողն առաջարկում է արժանահավատ չհամարել պաշտոնյայի արդարացումները, հիշեցնում՝ միջադեպից հետո նա հայտարարել էր, որ լրագրողին ոչ միայն չի ճանաչում, այլև որևէ նամակագրություն չի ունեցել հետը. «Ես կարծում եմ՝ իր մոտ պայծառացումը կշարունակվի և հուսով եմ, որ ինքը նաև կհրապարակի այն կեղտոտ հայհոյանքները, որոնք ինքը հնչեցրել է իմ ընտանիքի հասցեին»։
Իսկ ընդհանրապես ինչո՞ւ է Ավետ Բաբայանը սկսել գրել հանրային տրանսպորտի խնդրի մասին ահազանգած լրագրողին, այն էլ վիրավորանքներով։ Բաբայանն ինքն ասում է՝ զայրացած էր տգետ բառից, ծանր ու թեթև չարեց, գիտի, որ հանրային պաշտոնյան պիտի զուսպ լինի։
Արդյոք ընկերներին պատմե՞լ է այս միջադեպի մասին, գուցե նրանք են որոշել ընկերոջ պատիվը պաշտպանել ու դիմակավորված հարձակում են ծրագրել. «Ես իմ ընկերների հետ չեմ կիսվել այս թեմայի շուրջ, քանի որ բնույթը այնպիսին էր, որ ինձ անգամ իմ ընկերների ինֆորմացված լինելը հաճելի չէր»։
Հակոբ Կարապետյանը նախ սպառնալիքների, ապա ծեծի կապը ակնհայտ է համարում։ Նա Քննչական կոմիտեում արդեն երկու անգամ հարցաքննության է հրավիրվել, ներկայացրել նաև իր ու պաշտոնյայի միջև թունդ զրույցի չկրճատված տարբերակը: Ավետ Բաբայանը նույնպես հարցաքննվել է վկայի կարգավիճակով:
Գործը հարուցվել է ֆիզիկական ներգործության հոդվածով, մի հոգի ձերբակալվել, ապա ազատ էր արձակվել: Հիմա նախաքննությունը շարունակվում է: