Մատչելիության հղումներ

Չորս գյուղերի վերադարձը դրական ներդրում ունի հարաբերությունների կարգավորման գործընթացում. Բայրամով


Ադրբեջանին չորս գյուղերի վերադարձը դրական ներդրում ունի հարաբերությունների կարգավորման գործընթացում, ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է այդ երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Իսլամաբադում իր պակիստանցի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում:

Բայրամովը պակիստանցի գործընկերոջը ներկայացրել է տարածաշրջանում հետհակամարտային իրավիճակը։

«Ես նշել եմ, որ ականների երկարաժամկետ խնդիրը խոչընդոտում է մեր ջանքերին», - նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Նա ընդգծել է, որ ադրբեջանա-հայկական սահմանի որոշակի հատվածի սահմանազատման և չորս գյուղերի Ադրբեջանին վերադարձնելու մասին վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը դրական ներդրում ունի կարգավորման գործընթացում։

«Ադրբեջանը հավատարիմ է խաղաղ գործընթացին, և մենք հուսով ենք, որ այն դրական կլինի ընդհանուր տարածաշրջանի անվտանգության և բարգավաճման համար»,- ընդգծել է Բայրամովը։

  • Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները մայիսի 15-ին ստորագրեցին ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի 1976թ. քարտեզով Բաղանիս– Բաղանիս Այրում, Ոսկեպար– Աշաղը Ասկիպարա, Կիրանց– Խեյրումլի և Բերքաբեր– Կըզըլ Հաջիլի բնակավայրերի միջև սահմանագծի համաձայնեցման մասին արձանագրությունը։ Երևանի ու Բաքվի ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ այս հատվածներն այլևս համարվում են սահմանազատված։
  • Տավուշի ու Ղազախի սահմանագծի 4 գյուղերի հատվածում սահմանազատումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը «մեծ հաջողություն» է որակել։ Նրա խոսքով՝ Հայաստանի ինքնիշխանության ու անկախության հետագա զարգացման շատ կարևոր անկյունաքար է դրվել։
  • Ընդդիմությունը պնդում է՝ հանձնաժողովների ստորագրած արձանագրությունը և դրանից բխող ցանկացած գործողություն ապօրինի է և քրեորեն պատժելի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG