Մատչելիության հղումներ

Իվանիշվիլին «Միացյալ ազգային շարժում»-ը հակասահմանադրական ճանաչելու մասին է խոսում


«Միացյալ ազգային շարժումը» բազմաթիվ հանցագործություններ է կատարել երկրի ու ժողովրդի դեմ. Իվանիշվիլի

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը 12 տարի իշխանության ղեկին մնալուց հետո, դիմելով Մցխեթայում նախընտրական քարոզարշավի տարածաշրջանային միջոցառմանը հավաքված բնակչությանը, չորս պատճառ է ներկայացրել, թե ինչու է ցանկանում առաջիկա 4 տարիներին սահմանադրական մեծամասնություն դառնալ։

Ուշագրավ է, որ հենց առաջին քայլով իշխող կուսակցությունը խոստանում է փակել ընդդիմադիրների բերանը, ավելին՝ կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի խոսքով՝ առաջին խնդիրն է լինելու ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը հակասահմանադրական ճանաչելը։

«Մենք կսկսենք իրավական գործընթաց, որի արդյունքում կարգելվեն և՛ «Ազգային շարժումը», և՛ նրա բոլոր արբանյակային և իրավահաջորդ կուսակցությունները, ինչի համար կան բոլոր օրինական հիմքերը», - ասել է նա։

Իշխանության ղեկին գտնվող «Վրացական երազանք»-ը կարծում է, որ երկրում քաղաքական համակարգի բարելավումն «անհնար է առանց հավաքական «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը հեռացնելու»։ Ըստ Բիձինա Իվանիշվիլիի՝ ընդդիմադիր այս շարժումն այսօր էլ գնում է դեպի պատերազմ ու անկարգություններ։

«Ազգային շարժումը» բազմաթիվ հանցագործություններ է կատարել սեփական երկրի ու ժողովրդի դեմ. իրենց իշխանության օրոք նրանց ձեռագիրն էր ավտորիտարիզմը, մարդկանց սպանելը և խոշտանգելը, ռեկետը, հեռուստաընկերությունների առևանգումը, ընտրությունները կեղծելը և շատ այլ հանցագործություններ, որոնք չեն կարող անպատիժ մնալ: Հոկտեմբերի 26-ի ընտրությունները «Ազգային շարժման» համար պետք է վերածվեն «Նյուրնբերգի դատավարությունների», որտեղ վրաց ժողովրդի սահմանադրական մեծամասնությունը իր դատավճիռը կկայացնի անհայրենիք այս քաղաքական գործիչների խմբին, օտարերկրյա գործակալների ցանցին, որոնք պատրաստ են ստորագրել ցանկացած հակապետական հրաման», - շեշտել է նա։

Իվանիշվիլին հենց Միխեիլ Սաակաշվիլիի առաջնորդած շարժմանն է մեղադրել 2008-ին Վրաստանը պատերազմի մեջ ներքաշելու համար, որի հետևանքով երկիրը կորցրեց տարածքի 20 տոկոսը, սպանվեցին հարյուրավոր մարդիկ, 30 հազար վրացի տեղահանվեց։

«Վրացական երազանք»-ի կարևոր 4 կետերից մեկն էլ առնչվում էր տարածքային ամբողջականության վերականգնմանը։

Սա սպառնալիք է. պատգամավոր

Մեծահարուստ Իվանիշվիլիի թվարկած պատճառները, այդուհանդերձ, համոզիչ չեն հատկապես ընդդիմության համար, որի զգալի մասին «Վրացական երազանք»-ը ցանկանում է ոչնչացնել։

«Սա սպառնալիք է, բռնապետության բացահայտ հայտարարություն»,- կարծում է պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին, որ մտադիր է առաջիկա ընտրություններին իր «Գրաժդան» կուսակցությունով առաջադրվել «Լելո-Ուժեղ Վրաստան» ասոցիացիայի հետ։

«Բայց, ընդհանուր առմամբ այս ամենը ժպիտ է առաջացնում։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես է «Վրացական երազանք»-ը սնանկացել, որ իր կառավարման 12-րդ տարում ընտրություններից առաջ կարող է միայն խոստանալ, որ բոլորիս կբռնի, կբանտարկի, բոլոր կուսակցությունները կարգելի։ Առաջ մի կերպ մեզ խաբեց, խոստացավ, որ բնական գազն անվճար է լինելու, գյուղերին 5 միլիոն լարի է հատկացնելու, Եվրոպային կզարմացնի ժողովրդավարությամբ։ Պարզապես տխուր է այս ամենին ականատես լինել», - ասել է ընդդիմադիր գործիչը։

«Ազգային շարժման» արձագանքը

«Ազգային շարժում»-ում էլ Իվանիշվիլիին հիշեցրել են, որ ի տարբերություն «Վրացական երազանք»-ի՝ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությունում մարդիկ համախմբված են գաղափարի շուրջ։ Քաղխորհրդի ղեկավար Պետրե Ցիսկարիշվիլին Երազանքի ծրագրերը համեմատել է Հյուսիսային Կորեայի քաղաքականության հետ։

«Եվրոօպտիմիստներ» խմբի պատգամավոր Ռոման Գոցիրիձեն էլ հեգնել է՝ ասելով, որ անգամ Լուկաշենկոն այսօր նման տեքստերով չի խոսում։

Եվս մեկ աղմկահարույց հայտարարություն

Մեկ այլ աղմակահարույց հայտարարություն էլ արել է իշխող ուժի հիմնադիրը՝ ԼԳԲՏ անձանց իրավունքները սահմանափակելու մասով՝ հայտարարելով, որ «Վրացական երազանք»-ն ընտրողներին «կպաշտպանի արժանապատվության, բարոյականության և ցանկացած ինքնության ամբողջական ոչնչացման սպառնալիքից»։

«Վրացական երազանք»-ը հստակ չի ներկայացրել չորրորդ խնդիրը, որի կարգավորումը կարող է մեծ նշանակություն ունենալ Վրաստանի ինքնության և ազգային արժեքների պաշտպանության համար, սակայն այս հարցի շուրջ, Իվանիշվիլիի խոսքով, խորհրդակցությունները դեռ շարունակվում են։

Վերջին շրջանում «Վրացական երազանք»-ը մի շարք խնդրահարույց օրենքներ է ընդունել, այդ թվում՝ «գործակալների օրենք»-ը, որը Վրաստանի ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ն և ԵՄ-ն բազմիցս են քննադատել ՝ նշելով, որ այս օրենքն անհամատեղելի է Վրաստանի եվրատլանտյան նկրտումների հետ, ավելին՝ երկիրը հեռացնում է ժողովրդավարական աշխարհից:

Իվանիշվիլիի երեկվա ելույթը ընդդիմությունը ևս ժողովրդավարական արժեքներից շատ հեռու որակեց։ Քննադատների ուշադրությունից չվրիպեց նաև այն հանգամանքը, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին ժողովրդի առջև ելույթ էր ունեցել զրահապատ ապակու հետևից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG