Իսրայելը հայտարարել է տասնյակ հազարավոր պահեստազորայինների զորակոչի մեկնարկի մասին՝ Գազայի հատվածում պաղեստինյան «Համաս» խմբավորման դեմ գործողությունները «ամրապնդելու և ընդլայնելու» համար:
Իսրայելի Պաշտպանության բանակը շեշտել է, որ մտադիր է
սաստկացնել ճնշումը Գազայի հատվածից պատանդներին վերադարձնելու համար և զինյալներին ոչնչացնելու գործողությունները։
Իսրայելցի զինվորականները նշել են, որ բանակը գործելու է նոր տարածքներում՝ ոչնչացնելու Արեւմուտքի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ի բոլոր ենթակառուցվածքները՝ թե՛ գետնի տակ, թե՛ գետնի վրա:
Նոր հրադարար հաստատելու և 59 իսրայելցի պատանդներին ազատ արձակելու հարցով միջազգային միջնորդների մասնակցությամբ բանակցություններում Իսրայելն ու պաղեստինյան խմբավորումը համաձայնության չեն հասել։ Հրադադարի շուրջ նախորդ պայմանավորվածությունը խախտվել է շաբաթներ անց՝ մարտի 18-ին, երբ Իսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները նորանոր տարածքներ գրավելով Գազայի հատվածում: