ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության շուրջ ձեռք բերված համաձայնությունը «վատ է Իսրայելի և ամբողջ ազատ աշխարհի համար», և Իսրայելը կշարունակի իրանական «ռեժիմը տապալելու» արշավը, հայտարարել է Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը:
«Համատեղ արշավը բազմաթիվ նվաճումներ ունեցավ Իրանի թուլացման գործում, և դրանք ապարդյուն չեն անցնի», - սոցցանցում գրել է աջ ծայրահեղական նախարարը:
«Ռեժիմը տապալելու արշավը ստիպված կլինենք շարունակել ինքներս ու ստեղծագործական եղանակներով և ապահովել, որ Իրանը երբեք միջուկային զենք չունենա», - հավելել է նա։
Սմոտրիչը խոստացել է շարունակել հարվածներն Իրանի աջակցությունը վայելող և Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ին Լիբանանի հարավում՝ չնայած հարձակումները դադարեցնելու՝ ԱՄՆ-ի ճնշմանը։
«Սա մեր պատերազմն է, մեր մարտիկների ու մեր հյուսիսային շրջանների բնակիչների անմիջական անվտանգությունը։ Ես կշարունակեմ աշխատել՝ ապահովելու համար, որ մենք անսասան լինենք և [զինվորականներին] գործողությունների լիարժեք ազատություն տանք՝ շարունակելու «Հեզբոլա»-ին հետ մղել», - գրել է նա։
ԱՄՆ-ն և Իրանը հաստատել են, որ համաձայնության են եկել խաղաղության շրջանակային համաձայնագրի շուրջ, որի ստորագրումն ակնկալվում է այս ուրբաթ՝ Ժնևում։