Մատչելիության հղումներ

Իսրայելն Իրանում ոչնչացրել է S-300 զենիթահրթիռային բոլոր համակարգերը․ WSJ


S-300 զենիթահրթիռային համակարգ Իրանում, արխիվ
S-300 զենիթահրթիռային համակարգ Իրանում, արխիվ

Անցած շաբաթ Իրանի տարածքում ռազմական օբյեկտներին ավիահարվածների ժամանակ Իսրայելը ոչնչացրել է ռուսական S-300 (C-300) բոլոր զենիթահրթիռային համակարգերը, հայտնում է Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաներին։

Իրանի հակաօդային պաշտպանության կարևոր բաղադրիչը համարվող այս համակարգերն, ըստ աղբյուրի, կարողացել են որսալ Իսրայելի արձակած հարյուրավոր հրթիռներից մի քանիսը միայն։

Նշվում է, որ Ռուսաստանի մատակարարած չորս համակարգերից երեքը ոչնչացվել են Իսրայելի վերջին հարվածների ժամանակ, մեկն՝ ավելի վաղ։

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) տվյալներով՝ S-300 համալիրներից մեկը գտնվում էր Թեհրանի օդանավակայանի մոտ, մյուս երկուսը էներգետիկ ենթակառուցվածքներն էին պաշտպանում։ Վերլուծաբանների կարծիքով՝ այս կորստով Իրանի շատ կարևոր օբյեկտներ հրթիռային հարձակումների դեմ անպաշտպան են մնացել։

Իրավիճակը Մերձավոր Արևելքում սրվեց հոկտեմբերի սկզբից, երբ Իրանը հրթիռներով զանգվածային հարձակում գործեց Իսրայելի վրա:

Իսրայելը պատասխան քայլերով սպառնաց՝ խորացնելով մտահոգությունները, թե էներգակիրներով հարուստ տարածաշրջանից նավթի և գազի մատակարարման ուղիները կարող են խափանվել։ Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ երկիրը կարող է հարվածներ հասցնել Իրանի միջուկային կամ նավթագազային օբյեկտներին։

ԱՄՆ-ը զգուշացրել է Իսրայելին զերծ մնալ Իրանի նավթային օբյեկտներին հարվածելուց, որը նավթի աշխարհի խոշորագույն արդյունահանող երկրներից մեկն է: Իրանն, իր հերթին, զգուշացրել է, որ իր ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակման «կտա էլ ավելի ուժեղ պատասխան»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG