Մատչելիության հղումներ

Իսպանիայում առգրավված Ռուսաստան տեղափոխվող քիմիական նյութերը կարևոր նշանակություն ունեն Կրեմլի բանակի համար


Իսպանիայի ոստիկանության և մաքսային ծառայողներն առգրավում են Ռուսաստան տեղափոխվող քիմիական նյութերը, հոկտեմբեր, 2024թ.
Իսպանիայի ոստիկանության և մաքսային ծառայողներն առգրավում են Ռուսաստան տեղափոխվող քիմիական նյութերը, հոկտեմբեր, 2024թ.

2024 թվականի աշնանը Իսպանիայի իշխանությունները հայտարարեցին, որ պատժամիջոցների տակ գտնվող քիմիական նյութերի Ռուսաստան մատակարարումների շղթա են բացահայտել:

Առգրավված այդ նյութերը, միացությունները, ըստ պնդումների, կարող են օգտագործվել քիմիական զենք և նյարդապարալիտիկ թույն ստեղծելու համար։

Եվրամիությունից նման քիմիական նյութերի արտահանումը Ռուսաստան, բնականաբար, տագնապ է հարուցել՝ հաշվի առնելով ռուսական անվտանգության ծառայությունների կապը Կրեմլի թշնամիների, այդ թվում՝ ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի թունավորման դեպքերի հետ:

Իսպանիայի իշխանությունները մանրամասներ չեն հայտնել առգրավված 13 տոննա քիմիական նյութերի կամ քիմիական այն զինատեսակների մասին, որոնց ստեղծման համար դրանք կարող էին օգտագործվել։

Սակայն «Ազատություն» ռադիոկայանի հետաքննությունը պարզել է, որ բեռներում հատկապես մի միացություն կա, որն առանձնահատուկ նշանակություն ունի Ռուսաստանի ռազմական մեքենայի համար:

Ուսումնասիրելով իսպանական ոստիկանության հրապարակած տեսանյութերը՝ «Ազատության» ռուսական ծառայությունը պարզել է, որ առգրավված տակառների պարունակությունը լայնորեն կիրառվում է Ռուսաստանի ռազմական արդյունաբերության մեջ՝ ներառյալ անօդաչու թռչող սարքերի, միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների և միջուկային սուզանավերի համար մարտկոցների արտադրությունը։

Խոսքը N-Methyl-2-pyrrolidone միացության մասին է, հապավումը՝ NMP, որն ուժեղ քիմիական լուծիչ է։

Ուկրաինա Մոսկվայի լայնածավալ ներխուժումանն ի պատասխան՝ Եվրամիությունն արգելել է նավթի և դեղագործական արդյունաբերության մեջ լայնորեն օգտագործվող NMP-ն վաճառել Ռուսաստանին:

Այդ միացության համաշխարհային պահանջարկը ևս աճել է՝ լիթիում-իոնային մարտկոցների և միկրոսխեմաների արտադրության մեջ դրա օգտագործման շնորհիվ:

Իսպանական ոստիկանության տեսանյութում ցուցադրված տակառների պիտակները վկայում են նաև, որ առգրավված NMP-ն չինական արտադրության է։ «Ազատության» ռուսական ծառայությունը պարզել է, որ բեռն էլ Չինաստանից՝ Ցինդաո նավահանգստից է Բարսելոնա հասել։

Ուկրաինայում լայնածավալ պատերազմի մեկնարկից ի վեր չինական արտադրության NMP-ի գնումներով զբաղվում էր պատժամիջոցների տակ գտնվող ռուսական պետական "Ростех" կոնգլոմերատի դուստր ձեռնարկությունը, որն էլ, իր հերթին, ապրանքը մատակարարում է Ռուսաստանի Կուրչատովի ինստիտուտի ստորաբաժանմանը․ այս հաստատությունն զբաղվում է միջուկային զենքի մշակմամբ, անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ և գտնվում է պատժամիջոցների տակ:

Իսպանիայի իշխանություններն առգրավված բեռների հետ առնչություն ունեցող անձանց կամ ընկերությունների անուններ չեն հայտնում, նաև չեն պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի հարցմանը, թե կոնկրետ ինչ նյութ կամ նյութեր են հայտնաբերվել և առգրավվել հոկտեմբերին Բարսելոնայի նավահանգստում իրականացված խուզարկությունների ընթացքում:

«Կրիտիկական» քիմիական նյութ

Ռուսաստանը սեփական արտադրության NMP չունի, ինչն էլ կախվածության մեջ է դնում երկիրը քիմիական ոլորտի համար կարևորագույն ապրանքների ցանկում ներառված այդ միացության ներմուծումից։

Ուկրաինա ներխուժումից առաջ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրը NMP երբեմն ձեռք էր բերում նույնիսկ Արևմուտքից։

Ռուսաստանի պետական գնումների մասին պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ պատժամիջոցների ենթարկված ռուսական "Уралэлемент" ընկերությունը 2018 թվականին մեկ այլ ռուսական ընկերությունից՝ Уралтехимпорт" -ից 1.5 տոննա գերմանական արտադրության NMP է գնել։

Գերմանիայում արտադրված NMP-ի՝ "Уралэлемент"-ի կողմից գնման ուղեկցող փաստաթուղթը
Գերմանիայում արտադրված NMP-ի՝ "Уралэлемент"-ի կողմից գնման ուղեկցող փաստաթուղթը

"Уралэлемент"-ը, որը ներկայանում է որպես «ռազմարդյունաբերական համալիրի ռազմավարական ձեռնարկություն», մաս է կազմում "Тактическое ракетное вооружение" ռուսական պետական պաշտպանական կոնգլոմերատին․ այս կառույցն էլ է պատժամիջոցների տակ 2022 թվականից ի վեր:

2021-ի հուլիսին ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվորուչկոն էր այցելել "Уралэлемент" գործարան, և հաղորդվել է, որ բարձրաստիճան պաշտոնյան «կարևոր որոշումներ է ստորագրել՝ 40056 զորամասի համար "Уралэлемент"-ի կողմից հատուկ նշանակության մարտկոցների արտադրության հարցով»:

Բաց աղբյուրներում առկա տեղեկությունների համաձայն` 40056 զորամասը մաս է կազմում Խորը ծովային հետազոտությունների գլխավոր տնօրինությանը՝ ГУГИ-ին: ГУГИ-ի կողմից էր գաղտնի հսկողության «Լոշարիկ» սուզանավը փորձարկվում Բարենց ծովում, որը, սակայն, աղետալի վթարի ենթարկվեց՝ ինչպես հետագայում հաղորդվեց՝ մարտկոցի խցիկում կարճ միացման պատճառով։ «Ազատություն» -ը NMP-ի ձեռքբերման ընդհանուր առմամբ երեք տասնյակ փաստ է հայտնաբերել բաց աղբյուրներում, որոնց կեսը ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված պետական ընկերությունների գնումներն են:

«Ազատություն»-ը NMP-ի ձեռքբերման ընդհանուր առմամբ երեք տասնյակ փաստ է հայտնաբերել բաց աղբյուրներում, որոնց կեսը ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված պետական ընկերությունների գնումներն են:

«Օպերացիա փորձանոթ»

Իսպանիայի իրավապահների հետաքննությունը, որն իրականացվել է Մեքենայությունների դեմ պայքարի եվրոպական բյուրոյի կողմից, մեկնարկել է 2022 թվականին՝ Operation Probirka ծածկանունով, որը թարգմանվում է «Օպերացիա փորձանոթ»:

Իսպանական ոստիկանությունը հայտարարել է «ծագումով ռուսների կողմից կառավարվող» իսպանական մի ընկերություն չեզոքացնելու մասին, որը «դեպի Ռուսաստան արգելված քիմիական արտադրանք» մատակարարելու բարդ ցանց էր ստեղծել: Այդ ընկերությունը դուստր ձեռնարկություն ուներ Մոսկվայում, որն էլ ստանում էր քիմիական նյութերը, բայց մատակարարումների վերջնական կետը կորսվում էր երրորդ երկրներում՝ այդ թվում Հայաստանում, Ղրղըզստանում գրանցված կեղծ ընկերությունների միջոցով, պնդում է Իսպանիայի ոստիկանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG