Մատչելիության հղումներ

«Իշխանությունը գլխացավանք է ունենալու փողոցի ձևով». ԲՀԿ-ում վստահ են՝ անցնելու են խորհրդարան

Գագիկ Ծառուկյանի առաջնորդած «Բարգավաճ Հայաստանում» վստահ են՝ 3 ընտրատեղամասերում, որտեղ քվերակությունն անվավեր է ճանաչվել, վերաքվեարկության արդյունքում ԲՀԿ-ն էլ ավելի շատ ձայն կստանա և կհայտնվի խորհրդարանում:

Անվավեր ճանաչված 3 ընտրատեղմասերում ՝ 35/ 65 -ում, 10/51 -ում և 12/13 -ում «Բարգավաճ Հայաստանը» ընդհանուր ստացել էր 222 ձայն:

Ծառուկյանի առաջնորդած ուժի պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը կարծում է՝ ոչ միայն իրենց ընտրազանագվածը կրկին կքվեարկի իրենց օգտին, այև չի բացառում, որ ընդդիմադիր մյուս ուժերն էլ հորդորեն իրենց ընտրողներին՝ գնալ և ձայն տալ «Բարգավաճ Հայաստանին»:

Սուրեն Սուրենյանց.- «Մեր էլեկտորատը շատ պարտաճանաչ է, որովհետև ունենք խարիզմատիկ առաջնորդ. նրա մեկ կոչով շատ արագ մոբիլիզացվում է, հետևաբար մենք էդ խնդիրը չունենք: 222-ից ավելի էլ կհավաքենք: Առնվազն այդքանը վստահ եղեք, որ կստանանք»:

«Ազատություն».- Վերաքվերակություն նշանակում է, որ մյուս ուժերի համամասնությունն էլ կարող է փոխվել:

Սուրեն Սուրենյանց.- «Ընդդիմությունը կոնսոլիդացիայի այնպիսի մակարդակ ունի, որ Ձեր ասած սցենարը չգործի»:

«Ազատություն».- Հնարավոր է մյուս ուժերը կոչ անեն ձե՞զ գնան ընտրեն:

Սուրեն Սուրենյանց.- «Թող իրենք որոշեն, բայց դրա բոլոր նշանները կան»:

Հունիսի 7 -ի ընտրություններից հետո ԿԸՀ-ն տեղեկացրեց, թե Գագիկ Ծառուկյանի ուժը դուրս է մնում 0.004 տոկոսով:

ԲՀԿ-ականները տեղի ունեցածը նախ որակեցին «աճպարարություն», ապա շտապեցին հայտարարել անճշտությունների մասին, պնդելով, որ ձայների վերահաշվարկի դեպքում խորհրդարան անցնելու համար պակասող մի քանի տասնյակ ձայնի հարցը կլուծվի:

Այս շաբաթ ընտրատարածքային հանձանժողովներում տեղի ունեցած վերահաշվարկից հետո ԲՀԿ ձայներն, իսկապես, ավելացան 147-ով, սակայն դրան զուգահեռ 222-ով պակասեցին՝ 3 տեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո:

Արդյո՞ք ԿԸՀ-ն այդ տեղամասերում վերաքվեարկության որոշում կկայացնի, առայժմ պարզ չէ: ԲՀԿ-ում, սակայն, վստահ են՝ վերաքվեարկություն լինելու է, քանի որ դա է պահանջում ընտրական օրենսգրքի 101 -րդ հոդվածը, համաձայն որի՝ ԿԸՀ-ն առանձին տեղամասերում վերաքվերակության որոշում է կայացնում, եթե ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա:

«Հակառակ պարագայում՝ գործ կունենայինք իրավական «բեսպրեդելի» կամ ամեն գնով ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելու քաղաքական որոշման հետ»,- ասում է Ծառուկյանի առաջնորդած ուժի պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը:

Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժը «փողոցային պայքարով է» սպառնում, եթե դուրս մնա խորհրդարանից:

Նկատենք՝ եթե ԲՀԿ -ն հաղթահարում է 4 տոկոսի շեմը, ապա 49.82 տոկոս հավաքած իշխող ՔՊ -ն խորհրդարանում զրկվում է 3/5 -րդից, ինչն անհրաժեշտ է սահմանադրական օրենքներ ընդունելու և կարևոր պաշտոնյաների, այդ թվում՝ երկրի նախագահի, Գլխավոր դատախազի ընտրության համար:

«Եվ կա վերջին հաշվով փողոց: Մենք ասել ենք, որ եթե արդարությունը և օրինականությունը չվերականգվեն, մենք քաղաքական պայքարի ամբողջ գործիքակազմը օգտագործելու ենք, մանավանդ, որ այդ նպատակով տեղի են ունենում քաղաքական կոնսուլտացիներ՝ իրական ընդդիմությունը մարմնավորող բոլոր ուժերի հետ»,- նշում է Սուրենյանցը:

Նրա համոզմամբ ԲՀԿ -ի խորհրդարան անցնել-չանցնելու հարցը զուտ մի քաղաքական ուժի խնդիր չէ, այլ գործընթաց, որը ցույց կտա՝ Հայաստանը մոտենում, թե՞ էլ ավելի է հեռվանում ժողովրդավարությունից:

Սուրենյանցի խոսքով.- «Մենք չենք հաշտվելու էն իրականության հետ, եթե ապօինի մեթոդներով մեզ դուրս թողնեն խորհրդարանից. իշխանությունը գլխացավաք է ունենանալու և՛ փողոցի ձևով, և՛ ընդդիմադիր կոնսոլիդացիաների»:

Մամուլը գրեց, թե իշխանությունը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին գործարք է առաջարկել և մերժում ստանալուց հետո է որոշում կայացվել, որ ԲՀԿ-ն չի հաղթահարում 4 տոկոսի շեմը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց այդ լուրերը՝ պնդելով, որ եթե ինքը որևէ գործարք առաջարկեր, ապա Ծառուկյանը հաստատ կընդուներ այն.

«Գագիկ Ծառուկյանին, ասենք, որ գործարք առաջարկենք, ծնկաչոք էդ գործարքին ընդառաջ կգար: Ո՞վ ա գործարք առաջարկել: Գագիկ Ծառուկյանը կխնդրի, ստոյկա կտա, որ ես գործարք առաջարկեմ իրան», - օրերս ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Փաշինյանը:

Սուրեն Սուրենյանցն այս թեմայով ասաց.- «Մենք ավելի շուտ էինք բացառել որևէ կոմպրոմիս, որևէ համաձայնություն ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի հետ, հետևաբար վերջինիս խորհուրդ կտամ իրեն պատեպատ չտալ ինչ-որ բան հերքելու, որը գոյություն չունի: Մենք իր հետ զրուցելու մի թեմա ունենք՝ դա իր անցնցում հեռացման տարբերակները քննարկելն է»:

Հունիսի 7-ի ընտրություններից 2 օր անց, առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մեղադրյալի կարգավիճակ ստացավ: Նրա դեմ նոր քրեական գործ հարուցվեց՝ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու համար:
Ինչպես պարզաբանել էր ՊԵԿ նախագահը՝ խոսքը տարիներ առաջ «վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի մասին է»: Ծառուկյանն անհիմն է որակում այդ մեղադրանքը:

Վարչապետ Փաշինյանը, թե՛ նախընտրական, թե՛ հետընտրական շրջանում պարբերաբար խոստացել է Ծառուկյանին բանտ ուղարկել, իսկ նրա շքեղ առանձնատունն էլ դարձնել ծերերի խնամքի կենտրոն:

Մինչ այդ՝ Ծառուկյանը կգնա խորհրդարան, թե ոչ՝ պարզ կդառնա, ամենայն հավանականությամբ, վաղը. այս ընտրությունների գլխավոր ինտրիգը կհանգուցալուծվի ԿԸՀ նիստում, որը նախատեսված է վաղը՝ երեկոյան ժամը 18:00-ին:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG