Մատչելիության հղումներ

Իշխանություններն ուզում են եթերազրկե՞լ «Շողակաթ»-ը


Վարչապետ Փաշինյանի թիմը գործնական քայլերի է անցել, որ Մայր Աթոռի հիմնադրած «Շողակաթը» զրկվի հանրային հեռարձակման հնարավորությունից:

Իշխանական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը առաջարկում են փոխել օրենքը, որ հանրային հեռարձակողների պարտադիր նվազագույն քանակը երեքից երկու դառնա:

«Մենք հնարավորինս մեղմ ու ճկուն կարգավորում ենք տալիս, որ հանրային հեռարձակողի խորհուրդն ու կառավարութունը բյուջետային ֆինանսավորմամբ կարողանան ավելի ճկուն լինել իրենց որոշումների մեջ: Առնվազն երկու հանրային հեռարձակող կլինի», - ասում է պատգամավոր Թագուհի Ղազարյանը:

Պետական միջոցների հաշվին հեռարձակվում են Հանրային հեռուստաընկերությունը, լրատվական ալիքն ու հոգևոր-մշակութային ու կրթական «Շողակաթը»: Գրականագետ Ղազարյանն ու նախկին լրագրող Գաբրիելյանն իրենց հեղինակած նախագծում հիմնավորել են, թե երեքի դեպքում որակը ցածր է: Եթե հատկացվող գումարը երկուսին տան, ապա բյուջեի միջոցներն ավելի արդյունավետ կծախսվեն: Նշել են, թե կրթական մշակութային ծրագրերի դիտումները ցածր են: Թե ի՞նչ ցուցանիշների հիման վրա են պատգամավորները սա պնդում, նախագծում տվյալներ չկան: Եվրոպական փորձի հաջողության մասին էլ են նշել՝ առանց կոնկրետ օրինակների:

«Հիմնավորում են, թե դա բեռ է պետության համար, բայց այդ բեռի ուղիղ կեսը Մայր Աթոռն է ստանձնել: «Շողակաթ»-ի արտադրանքը տարեկան 600 հազար դրամով է տրամադրվում Հանրային ալիքին: Ամսական կազմում է հիսուն հազար դրամ»,- ասում է հեռուստաընկերության տնօրեն Մանյա Ղազարյանը:

Փաշինյանի թիմակիցների հիմնավորումը «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրենին չեն համոզել: Ի՞նչ ցուցանիշների հիման վրա են նշել ցածր դիտումների մասին, ի՞նչ վերլուծությամբ են առաջնորդվել, հարցնում է Մանյա Ղազարյանը, նախագծում ոչ մի փաստարկ չի գտել: Մի կողմից, ասում է, կրթության կարևորությունից են խոսում, մյուս կողմից՝ կրթական-մշակութային հեռուստաընկերութան դեմ պայքարում:

«Հիմա երկրում լայնորեն իրականցվում է կրթությունը նորաձև է շարժումը և այդ դեպքում ինձ համար անտրամաբանական է, որ հանրային հեռարձակողի տիրույթից հանվում է մշակութային ալիքը», - ասում է Մանյա Ղազարյանը:

«Շողակաթ»-ի հարցը փակելու թեման իշխող «Քաղաքացիական պայմանագրում» սրվեց Բագրատ սրբազանի շարժումից հետո: Հենց այդ օրերին էլ ՔՊ-ականները Ազգային ժողովում ուղիղ ու բաց քննարկեցին Մայր Աթոռի ֆինանսավորմամբ գործող հեռուստաընկերության նպատակահարամությունը:

«Չի՞ լինի էդ 206 միլիոնն էլ տանք Հ1-ին, հարստացնի իր մշակութային, կրթական բազան հաղորդումների, ավելի շատ պրոդուկտ տա ու «Շողակաթ»-ի հարցը փակենք ընդհանրապես»,- ասում էր Արսեն Թորոսյանը:

«Սա ՔՊ-ական բոլշևիզմ է». Լիլիթ Գալստյան

15 տողանոց հիմնավորումը Ազգային ժողովի կրթության հանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստյանին էլ չի համոզել: «ՔՊ-ականները գործի են անցել Փաշինյանի կարգադրությամբ, փորձում է վրեժ լուծել իր քաղաքականությունը քննադատող Մայր Աթոռից», - պնդում է «Հայաստան» խմբակցության պատգամավորը. «Որևէ հիմնավորում, իրական հիմնավորում, թե ինչո՞վ, ինչո՞ւ այս կամ այն հաղորդումների որակը, որ պիտի բարձրացնեն, ի՞նչն է մեկնակետը հանդիսացել, ի՞նչ վերլուծության վրա, կարիքների ի՞նչ գնահատում է իրականացվել, որո՞նք են ներկա ռիսկերը, բացարձակապես... մտապատկերացումներ, մտասևեռումներ, նախադասություններ և տողեր, գնահատականներ, որոնք հիմնազուրկ են։ Ինձ համար ավելի քան ակնհայտ է, որ սա հաշվեհարդար է և վրեժխնդրություն», - ասում է Գալստյանը, շարունակելով. «Ըստ էության, փակվում է լրատվամիջոց, բայց մի բան ունի՝ բոլշևիզմ, սա ՔՊ-ական բոլշևիզմ է։ Թիրախավորված է հատկապես «Շողակաթ» հեռուստաընկերությունը, հեռուստաընկերություն, որը ասոցացվում է կամ կապված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ»:

«Ի՞նչ է արել եկեղեցին, որպեսզի նրա դեմ հաշվեհարդար տեսնենք». Թագուհի Ղազարյան

Նախագիծն անցած շաբաթ կառավարությունը հաստատեց, Ազգային ժողովի հանձնաժողովում առաջիկայում կքննարկվի: Եթե օրենքն ընդունվի, կառավարության կամքից կախված կլինի «Շողակաթ»-ի հեռարձակվելը, փող չեն տա ու եթերից կզրկվի: Իշխանականների նախաձեռնության քաղաքական դրդապատճառների մասին «Շողակաթ»-ի տնօրենը չի ցանկանում խոսել. «Ես ուրախ եմ, որ Հանրային հեռարձակողի խորհուրդը իր կարծիքը հայտնել է բացասական այս նախաձեռնության և ճիշտ հիմնավորումներով, որի համար շնորհակալ ենք»:

Այս փոփոխության դեպքում մշակութային և կրթական բովանդակության տարածումը հանրապետական ծածկույթ ապահովող հանրային մուլտիպլեքսով այլևս երաշխավորված չի լինելու: Դիրքորոշում է հայտնել Հանրային հեռարձակողի խորհուրդը: Ու եթե այդ բովանդակության ստեղծումն ու տարածումը Հանրային հեռուստաընկերությանը վերապահեն, ավելի շատ միջոցներ պետք է հատկացնեն: Հանրային հեռարձակողի խորհուրդը կարևորել է մշակութային ուղղվածության առանձին ծրագրի հեռարձակումը հանրային մուլտիպլեքսի միջոցով։

«Այդ հեռուստաալիքը կարող է հետո...քանի որ ինքն ունի ենթակառուցվածք, կոնտենտ, աշխատակազմ, տեխնիկա, ինքը դիմել, երբ սլոտ կազատվի և դիմեն որպես մրցակից՝ մնացած հեռուստաալիքների և եթե բավականաչափ մրցունակ լինի, ինքը հաղթահարի շեմը և դառնա մուլտիպլեքսի ալիք, որը հանրային միջոցներով չի ֆինանսավորվում, այլ միայն հանրային ենթակառուցվածքից է օգտվում», - ասում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը:

Պատգամավոր Ղազարյանը, որ նաև Մայր Աթոռից ֆինանսավորվող հեռուստաընկերության բովանդակությունը համարում է կրոնական ու խտրական, որ հանրային միջոցների վատնում է, խնդիր չի տեսնում Հանրային հեռուստաընկերության լրատվական ծրագրում, Հ1-ի սփռած բովանդակության օբյեկտիվության ու անաչառության վերաբերյալ կասկածներ չունի:

XS
SM
MD
LG