Մատչելիության հղումներ

Իշխանությունից պատմական են որակում Փաշինյանի այցը Թուրքիա, ընդդիմությունում լավատես չեն


Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը Նյու Յորքում, 24-ը սեպտեմբերի, 2024թ.
Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը Նյու Յորքում, 24-ը սեպտեմբերի, 2024թ.

Թուրքիայում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպում նախատեսված չէ, «Ազատությանը» փոխանցեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

Իլհամ Ալիևն այսօր է մեկնել Թուրքիա, Նիկոլ Փաշինյանի այցը վաղն է նախատեսված: Վաղը նախատեսվում է Փաշինյան - Էրդողան հանդիպում:

Երևանն ու Անկարան չեն բացահայտում հանդիպման օրակարգը, միայն նույնանման հայտարարություններով տեղեկացրել են, որ Փաշինյանի այցն աշխատանքային է:

«Փաշինյանի բոլոր այցերը գաղտնիության շղարշով են պատված: Այն իշխանությունը, որը ասում է «ժողովրդից գաղտնիք չունեմ», հիմա իրենց բոոր շփումները գաղտնիք են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Ընդդիմությունը կարծում է՝ շեշտը հայ - ադրբեջանական խնդիրների վրա կդրվի, իշխանական պատգամավորը՝ թե հիմնական խոսակցությունը կլինի Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման մասին:

«Այս այցը պետք է դիտարկել կարգավորման բանակցությունների համատեքստում: Ես կարծում եմ, որ սա պատմական այց է, որովհետև առաջին անգամ է, որ միայն Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կոնտեքստում Հայաստանի ղեկավար է այցելում Թուրքիա: Որովհետև նախկինում եղել են նման այցեր, բայց՝ տարբեր միջոցառումների շրջանակներում», - «Ազատությանը» ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

2021 թվականի վերջից մեկնարկած հայ - թուրքական կարգավորումը տեղից չի շարժվում, շոշափելի արդյունքներ չկան, անգամ երրորդ երկրների քաղաքացիների համար հայ - թուրքական սահմանը բացելու պայմանավորվածությունն արդեն երրորդ տարին է չի կատարվում:

«Ես ունեմ մաքսիմալիստական ակնկալիքներ, ես կուզենամ, որ այս այցից հետո Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, և գնանք ամբողջական կարգավորման, ի վերջո, մենք ունենանք ոչ միայն արձանագրված պայմանավորվածություններ, այլ նաև արդյունքներ: Իսկ արդյունքը Հայաստանի համար, ակնհայտ է, որ դա դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է և սահմանի բացումը: Բայց կլինի սա թե չէ՝ ավելի հավանական կլինի սրա մասին խոսել վաղը չէ մյուս օրը», - հայտարարեց Խանդանյանը:

«Թուրքիայի նկատմամբ բոլոր հնարավոր զիջումների խոստումներ արդեն տրվել են, նույնիսկ Փաշինյանի հայրենասիրության մոդելը՝ «Արմավիրից էն կողմ հանկարծ ոչ մի բան չսիրեք»: Թուրքիայի կողմից որևէ դրական բան տեսել ե՞ք: Թուրքիան բազմաթիվ անգամներ իր չակերտավոր բարիդրացիությունը պայմանավորում է Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների չակերտավոր բարելավումով: Իսկ Ադրբեջանը հարաբերությունների չակերտավոր բարելավումով ասում է բոլոր պահանջների անմռունչ ընդունելը», - նշեց Խաչատրյանը:

Սուղ տեղեկատվության պայմաններում, ընդդիմադիր պատգամավորն ասաց՝ միայն վարկածներ կարող է առաջ քաշել: Չի բացառում, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանը գործարքի առաջարկով կարող է գնալ Թուրքիա. - «Ադրբեջանը պահանջում էր, որպեսզի Հայաստանը Սահմանադրությունը փոխի, որպեսզի իրենք այդ թղթի կտորը ստորագրեն: Փաշինյանը հասկանում է, որ Սահմանադրության փոփոխության համար հանրային աջակցություն ինքը չունի: Ուրեմն ի՞նչ պետք է անի՝ պետք է ինչ-որ մի բան առաջարկի Ադրբեջանին և Թուրքիային, որպեսզի Ադրբեջանը իր այդ պահանջից հետքայլ քաշվի: Եվ ես չեմ բացառում, որ էստեղ թուրքական կապիտալի խնդիր կարող է առաջանա Հայաստանում հենց ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկություններում»:

«Իհարկե, ընդդիմության և այլ շրջանակների երևակայությունը շատ մեծ է: Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը քննարկել և համաձայնեցրել են երկկողմ ձևաչափով, միջնորդներ չեն եղել: Բանակցությունները, որոնք հիմա շարունակվում են խաղաղության պայմանագրի ստորագրման հետ կապված՝ տեղի և վայրի և մնացած հարցերի հետ կապված, սահմանազատման բանակցությունները, մյուս հարցերով բանակցությունները տեղի են ունենում երկկողմ ֆորմատով, առանց միջնորդների, և Հայաստանը հավատարիմ է այս ձևաչափին և շարունակում է բանակցությունները Ադրբեջանի հետ երկկողմ ֆորմատով», - հակադարձում է Սարգիս Խաչատրյանը:

Ընդդիմադիր Արթուր Խաչատրյանը չի բացառում նաև, որ Իրան - Իսրայել հակամարտության պայմաններում Թուրքիան Ադրբեջանի պայմանների բավարարման հարց դնի. - «Ես կարծում եմ, որ Թուրքիան կփորձի պապայական դեր խաղալ, Տիրանայում այդ պարալինգվիստիկ հաղորդակցությունը հավանաբար ինձ ցույց տվեց, թե ասեց՝ «դե դուք համաձայնվեցիք, չէ՞, ինչ էր ասում Ալիևը»: Հիմա անվտանգային խնդիրը բնականաբար առաջնային դեր է ստանձնելու: Ես կարծում եմ՝ Թուրքիան պետք է ասի, որ «գիտե՞ս ինչ կա, պետք ա էս զիջումները անես, հավելյալ զիջումներ նաև ինձ անես, որովհետև կարող ա ինձնով պայմանավորված լինի քո ճանապարհային երթևեկը»:

Իշխանական պատգամավոր Սարգիս Խանդանյանը ենթադրում է, որ հաղորդակցության հարց, այո, կարող է քննարկվել, բայց՝ լրիվ այլ կոնտեքստում. - «Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկվող թեմաներից մեկը՝ հաղորդակցությունների, ապաշրջափակման թեման, դա նաև տարածաշրջանային հարց է, և մեր պատկերացումը, Հայաստանի պատկերացումը, այն է՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, նաև ներառում է Թուրքիային»:

Հայկական կողմի փոխանցմամբ՝ վարչապետ Փաշինյանը նախագահ Էրդողանի հրավերով է գնում Անկարա: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարը ենթադրում է, որ վաղը Փաշինյանը նաև Էրդողանին կհրավիրի Երևան:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG