Հանրապետականը իշխանության չի հավակնում, իմփիչմենթի պայքարը իշխանափոխության համար է, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի երրորդ նախագահը:
Սերժ Սարգսյանը վստահեցրեց, որ կարողանալու են փողոցում էլ զանգվածներ հավաքել: «Փողոցն էլ է գեներացվելու, բա առանց փողոցի ո՞նց կլինի», - ասաց Հանրապետականի ղեկավարը:
Անդրադառնալով վարչապետի իրենց թեկնածուի՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի մասին բացասական կարծիքներին, Սարգսյանն ասաց, թե նա ի վիճակի է պայքարել. - «Դավիթ Համբարձումյանն ի վիճակի է պայքար մղելու: Ում էլ առաջադրեինք, ակնհայտորեն հակազդեցության էր արժանանալու, և ես ասել եմ այդ մասին, որ մեր դեպքում հակազդեցությունը մեծ է: Ով ուզում է, միայն թե իշխանափոխություն լինի: Սա ճահիճ է, ճահիճ»:
Սարգսյանը նշեց, որ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ չի քննարկել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը:
Պաշտոնաթող նախագահը խայտառակություն որակեց Ամենայն Հայոց կաթողիկոսի ու հոգևորականների դեմ Փաշինյանի սկսած պայքարը:
Քաղաքացիական պատերազմի վտանգ տեսնո՞ւմ է, լրագրողի այս հարցին Սերժ Սարգսյանը պատասխանեց, թե գործող իշխանության օրոք ամենաանհավանական բաները կարող են լինել. - «Ես բոլոր վտանգները տեսնում եմ, այս իշխանության պարագայում ամենաանհավանական բաները կարող են լինել»:
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունն անցած շաբաթավերջին Սերժ Սարգսյանի առաջնորդած Հանրապետական կուսակցության հորդորով նախաձեռնեց Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթի գործընթաց: Վարչապետի թեկնածու են առաջադրել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին:
Մանրամասները տե՛ս այստեղ