Մատչելիության հղումներ

Իշխանամերձ բլոգերն ու լրագրողը՝ քրեական գործի առանցքում


Իշխանական բլոգեր Ռոման Բաղդասարյանն ու իշխանամերձ «Խոսնակ» լրատվականի ղեկավար Նանե Իսրայելյանը հայտնվել են քննչականի թիրախում: Իրավապահները քննում են՝ արդյոք նրանց խոսքը ատելություն է արցախցիների նկատմամբ:

Քննչականից չեն մանրամասնում, թե բացի քրեական գործի հարուցումից ինչ քննչական գործողություններ են արել, հարցաքննել են նրանց, ու մեղադրյալ են, թե՝ ոչ: Հանցագործության մասին հաղորդում ներկայացրած «Մտքի ուժը» կազմակերպության ղեկավար Արամայիս Աղաբեկյանը ևս դեռևս տեղեկություններ չունի:

«Փողոցում տարբեր անցորդներ է գտնում, որոնք լուտանք են թափում արցախցիների հասցեին, այդ վիդեոներն է տեղադրում, առանձին հարցազրույցներ է անում քաղաքական գործիչների հետ, որտեղ խոսքը մանիպուլացնում է և որպես ատելության խոսք տարածում: «Խոսնակ»-ի դեպքում միայն արցախցիներին չի վերաբերում, նաև գյումրեցիներին», - ասաց Արամայիս Աղաբեկյանը:

«Ռոմանի մասով հետաքրքիրն այն է, որ ինքը ցույց տալու համար, որ ես թքած ունեմ ամեն ինչի վրա, անմիջապես վարույթ նախաձեռնելուց հետո ևս 3 այդպիսի գրառում է արել, և ես ստիպված եմ եղել միջնորդություն ներկայացնել՝ խափանման միջոց կիրառելու համար», - հավելեց նա:

Իշխանական բլոգեր Ռոման Բաղդասարյանն ապրիլի 8-ին ֆեյսբուքյան էջում վկայակոչել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, թե Արցախի բնակիչները Հայաստանի բյուջեից ստացել են մոտ 300 միլիոն դոլար, որի 90 տոկոսը տրամադրել է պետությունը։ Բաղդասարյանը քննադատել ու նաև վիրավորական արտահայտություններ էր գրել օգնություն ստացած որոշ արցախցիների հասցեին: Բայց արդեն երեկ իր էջում պնդել է, թե խոսքը բոլորի մասին չէ:

Երեկվա իր ուղիղ եթերում ևս Բաղդասարյանը հարցնում էր Հայաստանի կառավարությանը, թե ինչո՞ւ պետք է իր հարկերից օգնություն ստանան Արցախում պաշտոններ զբաղեցրածների ընտանիքները, նրանք, ովքեր «պատերազմի ժամանակ խուճապ էին տարածում», «ովքեր գերի էին թողնում զինվորներին, կրակում նրանց վրա, նրանք, ովքեր 35 տարի գողացել են Հայաստանի փողերը»:

Իսկ 2023 թվականին հիմնադրված «Խոսնակ» լրատվականի ղեկավար Նանե Իսրայելյանը, որ հայտնի է իր ընդգծված իշխանամետ հայացքներով, ապրիլի 17-ի գրառման մեջ արցախցիներին անվանել էր «հող հանձնողներ» ու տարբեր մեղադրանքներ տեղացել նրանց ու նախկին իշխանությունների հասցեին:

Եթե քննչականը քննություն է սկսել Ռոման Բաղդասարյանի ու Նանե Իսրայելյանի գործողությունների առնչությամբ, ապա մերժել է ուսումնասիրել ֆեյսբուքյան օգտատեր «Արսեն Արս Արշակյանի» գրառումը: Այս օգտատերը, որի էջում նշված է, թե իբր Նյու Յորքում է բնակվում, զբաղված է իշխանության գովքով ու ընդդիմության պարսավանքով:

Փաստաբան Ռոման Երիցյանն է դիմել Քննչական կոմիտե: Քննիչը, սակայն եզրահանգել է, որ Հայաստանից արցախցիների հեռանալու փաստով հրճվող Արշակյանի գրառումն իր մեջ չի պարունակում ո՛չ ատելություն, ո՛չ թշնամանք: Արցախցի փաստաբանը քննիչի այս որոշումը համարում է ոչ իրավաչափ և այն արդեն բողոքարկել է:

«Անձի արարքում միանշանակ առկա են հանցակազմի տարրերը, և նախնական գնահատական կարելի էր տալ, և վարույթ նախաձեռնելն այս պարագայում այլընտրանք չուներ, բայց քննիչը, իրեն դնելով լեզվաբանի տեղ, հայտարարել է, որ այդ խոսքերն իր մեջ չեն պարունակում ատելություն քարոզելուն ուղղված խոսքեր», - ասաց Ռոման Երիցյանը:

Փաստաբանին ուղարկված մերժման տեքստում քննիչը գրել է, որ քաղաքական խոսքի համատեքստում ասված վիրավորական, ցնցող և անհանգստություն պատճառող խոսքը չի կարող արգելվել, եթե ատելություն չի պարունակում, և եզրակացրել է, որ չկա հանցակազմ: Փաստաբանը, սակայն, հարցնում է՝ ինչո՞ւ է քննիչն առանց քննության նման գնահատական տվել: Պետք է քրեական գործ հարուցեր, հետո պարզեր դա՝ ըստ նրա:

Մինչ Երիցյանը պնդում է՝ եթե թշնամանքի ու ատելության թիրախում իշխանավորները լինեին, իրավապահները ակտիվ կլինեին մեղավորներին բացահայտելու հարցում, Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին՝ փաստաբանի մեջբերած հրապարակման բովանդակությունը չի պարունակում որևէ արտահայտություն, որին ողջամտորեն կարող է տրվել նախնական իրավական գնահատական:

Ամբողջական տարբերակը՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG