Մատչելիության հղումներ

Իշխանականներն «օրենք չեն խախտել»


Արթուր Հովհաննիսյան, Տարոն Չախոյան
Արթուր Հովհաննիսյան, Տարոն Չախոյան

Խորհրդարանում իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի «վիզդ կպոկեմ վրիցդ» արտահայտությունը սպառնալիք չէ, պատգամավորն էլ որևէ պատասխանատվության չի ենթարկվի: Այսպես է որոշել Երևանի դատախազը:

Երկու ամիս առաջ Հովհաննիսյանը ոչ միայն սեռական հայհոյանքով ու այս արտահայտությամբ դիմել էր ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանին, այլև ջրի շիշ էր շպրտել նրա ուղղությամբ: Ինչպե՞ս են իրավապահները եկել նման եզրահանգման, Գլխավոր դատախազությունն «Ազատությանն» հարցմանն ի պատասխան՝ չի մանրամասնում:

Ընդ որում, սա ՔՊ-ական պատգամավորի կողմից ընդդիմադիրներին ուղղված առաջին նման արտահայտությունը չէ

«Մեր ժողովրդին մեկը բան ասի՝ լեզուն կկտրեմ, ականջներն էլ հետը», - երկու տարի առաջ կրկին խորհրդարանում ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանին էր սպառնացել, ընդունել, որ սպառնում է, բայց դատախազությունը սա էլ սպառնալիք չէր որակել:

72-ամյա Ռաֆայել Սարգսյանին, մինչդեռ, այս խոսքերի համար, հասցրել են դատարան, նստեցրել մեղադրյալի աթոռին:

«Էս ժամանակները, որ մենք ենք ապրում, ես ճար եմ ման գալիս՝ Նիկոլին բռնեմ, վիզը պոկեմ», - երկու ամիս առաջ ասել էր ծերունին հարցազրույցում, որի ընթացքում դժգոհել ու քննադատել էր վարչապետ Փաշինյանին:

Նա հիմա մեղադրվում է սպանության սպառնալիքի համար: Գործն արդեն դատարանում է, մեղադրանքը հաստատվելու դեպքում Սարգսյանին սպառնում է կա՛մ տուգանք, կա՛մ ազատության սահմանափակում առավելագույնը երկու տարով, կա՛մ էլ երկու ամսով ազատազրկում:

«Այս դեպքում, իհարկե, մենք ունենք ընդդիմադիրների նկատմամբ խտրական վերաբերմունք օրենքի կիրառելիության տեսանկյունից», - «Ազատության» հետ զրույցում նկատեց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:

Նույն կերպ պատասխանատվության չի ենթարկվի նաև վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը: Նա ֆեյսբուքյան էջում, պատասխանելով դաշնակցական գործընկերների քննադատությանը, գրել էր. «Ամեն հաչացող շան վրա պետք չէ քար նետել: Մեքենայի հետևից վազող շունն էլ է հաչում, բայց չի նշանակում, թե կարող է նստել ղեկին ու քշել: Սա ի պատասխան այն հարցմանը, թե ինչու չեմ արձագանքում իմ հասցեին էժան ստերին: Մի քանի ծակ դաշնակի կաղկանձոցը ապացույց է, որ ամեն շնագայլ իր տեղում է»:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երեք ամիս քննել ու եզրակացրել է՝ իշխանական գործիչը որևէ օրենք չի խախտել, ավելին՝ դրանք գրել է՝ ի պատասխան իր հասցեին արված քննադատության ոչ թե պաշտոնական, այլ՝ անձնական էջում, չի գրել խիստ անպատշաճ, գռեհիկ, անձնական վիրավորանք, նրա խոսքերն ուղղված են եղել քաղաքական գործիչներին, որոնք պետք է հանդուրժող լինեն քննադատության, անգամ վիրավորական խոսքի նկատմամբ:

Զարուհի Հովհաննիսյանը հիշեցնում է հեղափոխությունից հետո վարչապետ Փաշինյանի խոստումները ատելության խոսքին վերջ տալու ու հանդուրժողականության մասին: Իրավապաշտպանը պնդում է՝ հեղափոխական իշխանությունը ոչ միայն դրժեց, այլև հենց իրենք են դրանք հնչեցնում, քանի դեռ զսպման մեխանիզմները չեն աշխատում:

«Այդ ատելության բառապաշարը, ցավոք սրտի, եկել է հենց իշխանական մակարդակից և խրախուսվում է հենց այդ մակարդակով», - ասում է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG