Մատչելիության հղումներ

Իրկուտսկի մարզում հեռահար ռմբակոծիչ է կործանվել, օդաչուն զոհվել է


Տու-22Մ, արխիվային լուսանկար
Տու-22Մ, արխիվային լուսանկար

Պլանային թռիչքի ժամանակ Իրկուտսկի մարզում Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչ է կործանվել, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Անձնակազմի չորս անդամները հասցրել են դուրս նետվել ինքնաթիռից, սակայն օդաչուներից մեկը վայրէջքի ժամանակ մահացել է։

Ըստ նախնական վարկածի՝ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։

Ինքնաթիռը կործանվել է ամայի տարածքում, գետնի վրա տուժածներ չկան։ Ընկնելիս ինքնաթիռը էլեկրահաղորդման գծեր է վնասել, ավելի քան 200 տուն մնացել է առանց հոսանքի, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

Տու-22Մ-ը շահագործվում է 1970-ականների սկզբից: Նրա թռիչքի շառավիղը գերազանցում է մեկուկես հազար կիլոմետրը, այն կարող է կրել թևավոր հրթիռներ և միջուկային զենք։ Բաց աղբյուրների համաձայն՝ տարեսկզբի դրությամբ Ռուսաստանն ուներ մոտ 60 նման ինքնաթիռ, որոնցից միայն կեսն է ենթակա շահագործման։ Այս ինքնաթիռները 1990-ականների սկզբից այլևս չեն արտադրվում։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG