Մատչելիության հղումներ

IRI հարցման համաձայն՝ Փաշինյանի վարկանիշը նոր պատմական մինիմում է արձանագրել


Հայաստանի բնակչության գրեթե կեսը՝ 49 տոկոսը, վստահ է՝ երկիրը շարժվում է սխալ ուղղությամբ։ Սա են վկայում ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից հունիսի 16-ից 25-ը իրականացված հարցման արդյունքները։ Դրանց համաձայն հայաստանցիների միայն 36 տոկոսն է կարծում, որ երկրի զարգացումը ճիշտ ուղղությամբ է ընթանում։

Հետազոտության համաձայն՝ վերջին 9 ամիսներին՝ 2024-ի սեպտեմբերից ի վեր, այս ցուցանիշը նվազել է 10 տոկոսով։ Հայաստանում տիրող կացության հանդեպ առավել լավատեսորեն են տրամադրված տարեցները։ 56-ից բարձր տարիքային խմբում հարցվածների 43 տոկոսն է վստահ, որ Հայաստանը ճիշտ ուղղությամբ է շարժվում, իսկ թոշակառուների շրջանում այս ցուցանիշն էլ ավելի բարձր է՝ 47 տոկոս։ Փոխարենը,18-ից 35 տարեկան հայաստանցիների 54 և միջին տարիքի քաղաքացիների 52 տոկոսը կարծում է, որ երկրի զարգացումը ճիշտ ուղղությամբ չի գնում։

Ինչ վերաբերում է քաղաքական գործիչներին, ապա ամենաբարձր վարկանիշն ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝13 տոկոս։ Միջազգային հանրապետական ինստիտուտի նախորդ հարցման համեմատ Փաշինյանի վարկանիշը նվազել է երեք կետով։ 2024 թվականին նրան վստահում էր հայաստանցիների 16 տոկոսը։

2025-ի հունիսին իրականացված հարցման համաձայն երկրորդ տեղում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ 5 տոկոսով, երրորդն էլ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Նրա վարկանիշը հունիս ամսվա տվյալներով 4 տոկոս էր՝ նախորդ տարվա սեպտեմբերին արձանագրված երկու տոկոսի համեմատ։

Ըստ հարցման՝ նվազել է նաև ՔՊ-ի վարկանիշը

IRI-ի հարցման համաձայն նվազել է նաև իշխող «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշը։ Եթե ընտրությունները կայանային հաջորդ կիրակի, ապա այս կուսակցության օգտին կքվեարկեր հայաստանցի ընտրողների ընդամենը 17 տոկոսը, նախորդ սեպտեմբերին արձանագրված 20 տոկոսի փոխարեն։

Չորս տոկոսով երկրորդ տեղում «Հայաստան» դաշինքն է, հարցվածների ևս երկու տոկոսը որևէ քաղաքական ուժ հիշատակելու փոխարեն նշել է Ռոբերտ Քոչարյանի անունը։

Հայաստանցիների ճնշող մեծամասնությունը, սակայն, քաղաքական որևէ գործչի կամ կուսակցության հանդեպ վստահություն չի տածում։ Հարցվածների 61 տոկոսն ասել է, որ քաղաքական ոչ մի գործչի չի վստահում։ Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ապա հարցվածների 28 տոկոսը պնդում է, որ դրանց չի մասնակցի,12 տոկոսը պատրաստվում է քվեաթերթիկն անվավեր դարձնել, ևս 22 տոկոսն էլ ընդհանրապես դժվարացել է պատասխանել, թե ինչ է անելու։

Ինչ վերաբերում է երկրում գործող ինստիտուտների հանդեպ վստահությանն, ապա առաջին տեղում են բանակն ու եկեղեցին։ Զինված ուժերին ամբողջությամբ կամ մասամբ վստահում է բնակչության 72, իսկ Հայ Առաքելական եկեղեցուն 58 տոկոսը։ Նախորդ հարցման համեմատ, ի դեպ, եկեղեցու վարկանիշն աճել է 10 տոկոսով։ Հայ Առաքելական եկեղեցու վարկանիշն ամենաբարձրն է 18-ից 35 տարեկան հայաստանցիների շրջանում՝ ավելի քան 70 տոկոս։

Վարչապետի աշխատակազմին լիովին կամ մասամբ վստահում է բնակչության 38, դատարաններին 31, իսկ Ազգային ժողովին ընդամենը 24 տոկոսը։

Միջազգային հանրապետական ինստիտուտի պատվերով անցկացված հարցման հեղինակները նաև փորձել են պարզել, թե որոնք էին, ըստ Հայաստանի քաղաքացիների, կառավարության գլխավոր ձեռքբերումները վերջին վեց ամիսների ընթացքում։ Հարցվածների 11 տոկոսը նշել է ճանապարհաշինությունը, 9 տոկոսը՝ խաղաղության պահպանումը, 7 տոկոսը՝ դպրոցների և մանկապարտեզների վերանորոգումը։ Հարցվածների ամենամեծ խումբը՝ 42 տոկոսը, սակայն, համոզված է՝ վերջին վեց ամիսներին Փաշինյանի կառավարությունը որևէ ձեռքբերում չի ունեցել։

Խաղաղության համաձայնագրի կնքման, ԵՄ անդամակցության հեռանկարներ

Իսկ ինչպե՞ս են Հայաստանի քաղաքացիները տրամադրված Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման հեռանկարներին։ Դատելով Միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքներից՝ այս հարցում հայաստանցիների տեսակետները կիսվել են։

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը ամբողջությամբ կամ մասնակիորեն կողմ է հարցվածների 47, դեմ՝ 40 տոկոսը։ Խաղաղության համաձայնագրի հանդեպ ամենահոռետեսորենը տրամադրված են 18-ից 35 տարիքային խմբում։ Այստեղ խաղաղության պայմանագրի կնքմանը դեմ է հարցվածների 48, կողմ 38 տոկոսը։ Փոխարենը, տարեցների շրջանում խաղաղության պայմանագրի կնքմանը կողմ է հարցման մասնակիցների 58 տոկոսը։

Միջազգային հանրապետական ինստիտուտի հետազոտության հեղինակները անդրադարձել են նաև Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հեռանկարներին՝ ցանկանալով պարզել՝ եթե այդ հարցով հանրաքվեն նշանակված լիներ գալիք կիրակի, ինչպես կքվեարկեին շարքային քաղաքացիները։ Հարցման համաձայն՝ ԵՄ անդամակցությանը կողմ կքվեարկեր հայաստանցիների 49, դեմ 15 տոկոսը։ Եվս 31 տոկոսը նշել է, որ քվեարկությանն ընդհանրապես չէր մասնակցի։

Ուշագրավ է, ի դեպ, որ անցած տարվա սեպտեմբերին անցկացված հարցման համեմատ ԵՄ անդամակցության կողմնակիցների թիվը Հայաստանում նվազել է մոտ ութ տոկոսով։

Հետազոտության հեղինակները նաև անդրադարձել են Հայաստանի արտաքին գործընկերներին։ Պարզվում է հայաստանցիների ճնշող մեծամասնությունը՝ 89 տոկոսը դրական է գնահատում Ֆրանսիայի, 90-ը Հնդկաստանի և 85 տոկոսը Իրանի հետ հարաբերությունները։ Ռուսաստանի հետ հարաբերությունները, հայաստանցիների 55 տոկոսի համոզմամբ, վատ են։ Հարցվածների միայն 43 տոկոսն է կարծում, որ Երևանի և Մոսկվայի հարաբերությունները կարելի է դրական որակել։ Իսկ Հայաստանի հետ ամենավատ հարաբերություններ ունեցող պետությունների եռյակն, ըստ IRI-ի հետևյալն է՝ Թուրքիա, Իսրայել, Ադրբեջան։





Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG