Ծաղկաձորի խաղատներից մեկում տեղի ունեցած միջադեպից ավելի քան մեկուկես ամիս է անցել, բայց իրավապահները դեռ փնտրում են Գագիկ Ծառուկյանի որդուն՝ Նվեր Ծառուկյանին: Նրան կալանավորելու դատարանի որոշումը կա, բայց Նվեր Ծառուկյանը չկա:
«Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով վերապահված բոլոր գործառույթները, այդ թվում նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ: Նշված գործողությունների մեջ, բնականաբար, մտնում է նաև այլ երկրների իրավապահների հետ համագործակցությունը», «Ազատությանը» փոխանցեց ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Ոստիկանությունը միջպետական հետաքննություն է հայտարարել միջադեպից շուրջ մեկ ամիս անց՝ նոյեմբերի 25-ին, իսկ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ին: Չի հստակեցվում՝ արդյոք պաշտոնապես դիմել են ռուս և բելառուսցի գործընկերներին, միջպետական հետաքննությունն էլ ենթադրում է որոնում հենց կոնկրետ երկրներում։
Իրավապահները չեն մանրամասնում, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել խաղատանը, բայց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն ավելի վաղ նշել էր՝ հնչել են կրակոցներ, տուժողներ չկան: Քրեական վարույթ է հարուցվել խուլիգանության և կողոպուտի հատկանիշներով: Հինգ մեղադրյալներից չորսը ներկայացել են Քննչական կոմիտե, երեքը կալանավորվել են, մեկի մասով միջնորդությունը դատարանը մերժել է՝ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
«Ի՞նչ կողոպուտ», - ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում ասել էր Նվեր Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը, ընդգծելով՝ խոսքը վերաբերում է տեսախցիկների ձայնագրություններին: Ըստ նրա՝ Ծառուկյանի թիկնապահը դա ոչ թե կողոպուտով է վերցրել, այլ խնդրել է՝ տվել են:
«DVR սարքերը կողոպտելը իրավական սխալ գնահատականի արդյունք է, խնդրել են, և համապատասխան աշխատակիցը տրամադրել է տեսագրությունը», - ասել էր Խաչատրյանը՝ հարցին՝ «եթե այնտեղ ոչինչ տեղի չի ունեցել, ապա ինչո՞ւ են խնդրել», արձագանքելով. - «Դրա պատճառաբանությունները հանրայնացման ենթակա չեն»:
Այսօր Էմին Խաչատրյանը հրաժարվեց հարցազրույցից: Հարցրինք՝ ե՞րբ Հայաստան կգա Նվեր Ծառուկյանը, ասաց՝ նոր բան չկա ասելու, իսկ ավելի վաղ ասել էր՝ կգա, երբ գործուղումն ավարտի:
Նվերը հոր՝ Գագիկ Ծառուկյանի հիմնադրած «Մուլտի գրուպ» ընկերության բաժնետերերից է: Փաստաբանն «Ազատությանն» ասել էր՝ ընկերության գործերով նա հիմա Ռուսաստանից Բելառուս է գնում, Բելառուսից՝ Ռուսաստան:
Մինչ դեպքից մի քանի օր անց Հայաստանի սահմանն անարգել հատած Նվեր Ծառուկյանը շարունակում է իր գործուղումը Ռուսաստանում ու Բելառուսում, Երևանում Մոսկվայի տանը երեկ նշվել է Բելառուսի Ազգային միասնության օրը, որին ներկա էր նրա հայրը՝ Գագիկ Ծառուկյանը: Հայաստանում Ռուսաստանի և Բելառուսի դեսպաններից բացի, ելույթ է ունեցել նաև Ծառուկյանը՝ ջերմ խոսքերով հիշելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:
«Ի սրտե շնորհավորում եմ բելառուսցի ժողովրդին: Հայ համայնքը դիմել էր այնտեղ նոր եկեղեցի ունենալու խնդրանքով: Գրիգորիչն առանց վարանելու անմիջապես և տարածք հատկացրեց Բելառուսի հայ համայնքին», - մասնավորապես ասել է Գագիկ Ծառուկյանը:
Չնայած Ծառուկյան-Լուկաշենկո մտերիմ հարաբերություններին, «Ազատության» հետ զրույցում Նվեր Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը վստահեցրել էր՝ կրտսեր Ծառուկյանը Բելառուսում արտոնյալ կարգավիճակ չունի:
Իսկ թե արդյոք իրավապահներին հաջողվել է ստանալ Նվեր Ծառուկյանի թիկնապահների ձեռքն անցնած խաղատան տեսախցիկների DVR սարքը, Քննչական կոմիտեից չեն մանրամասնում: Ի դեպ, տեսախցիկների DVR սարքն օգտագործվում է տեսաձայնագրությունները պահպանելու, կառավարելու և դիտելու համար: Սա ենթադրաբար այդ գործով կարևոր ապացույցներից մեկն է: