Թեհրանում այսօր հրաժեշտ են տվել Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիին և «Բասիջ» կիսառազմական ուժերի հրամանատար Ղոլամռեզա Սոլեյմանիին, ինչպես նաև Շրի Լանկայում ամերիկյան զինուժի կողմից խոցված նավի զոհված նավաստիներին:
Պաշտոնական Թեհրանը երեկ ուշ գիշեր՝ մի քանի ժամվա լռությունից հետո միայն հաստատեց Ալի Լարիջանիի ու Սոլեյանիի սպանությունը իսրայելական հարվածից:
Նախկին հոգևոր առաջնորդի սպանությունից հետո Լարիջանին էր փաստացի ղեկավարում երկիրը: Նրան փոխարինողի մասին դեռ չի հաղորդվում: Ավելին, վերլուծաբանները համարում են, որ Լարիջանիի սպանությունով Իրանում ղեկավարության խորը վակուում է առաջանում. նրան փոխարինող չկա այն մարդկանց շրջանում, որոնք ողջ են ու աշխատում են կառավարությունում:
Արաղչին հայտարարում է՝ Մոջթաբա Խամենեին «լիովին վերահսկում է իրավիճակը»
Իրանի արտգործնախարարը, սակայն, հայտարարել է՝ Լարիջանիի սպանությունը չի խաթարի կառավարության աշխատանքը, քանզի այն անհատներից կախված չէ: Al Jazeera-ին տված հարցազրույցում Աբբաս Արաղչին պնդել է՝ ԱՄՆ-ն ու Իսրայելը այդպես էլ չհասկացան, որ Իրանն ուժեղ քաղաքական կառուցվածք ունի՝ քաղաքական, տնտեսական և սոցիալական կայացած ինստիտուտներով:
«Մեկ անհատի առկայությունը կամ բացակայությունը չի ազդում այս կառուցվածքի վրա։ Իհարկե, անհատները ազդեցիկ են, և յուրաքանչյուր մարդ կատարում է իր դերը ... բայց կարևորն այն է, որ Իրանի քաղաքական համակարգը շատ ամուր կառուցվածք է»,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:
Իրանցի պաշտոնյան նաև պնդել է՝ երկրի գերագույն առաջնորդը փետրվարի 28-ի հարձակման ժամանակ միայն թեթև վնասվածքներ է ստացել, ողջ և առողջ է ու լիովին վերահսկում է իրավիճակը: Մոջթաբա Խամենեին, սակայն, հոր սպանությունից ու պաշտոնում նշանակավելուց հետո ոչ մի անգամ չի ներկայացել հանրությանը, այս ընթացքում նրա անունից միայն մեկ գրավոր ուղերձ է տարածվել:
Արդեն այսօր՝ պատերազմի 19-րդ օրը, Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ «չեզոքացրել են» Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբին, նաև հետախուզության այլ բարձրաստիճան պաշտոնյաների:
«Իսրայելի քաղաքականությունը հստակ է և միանշանակ. Իրանում ոչ ոք անձեռնմխելի չէ, բոլորը թիրախ են … Մենք կշարունակենք հետևել և որսալ նրանց բոլորին»,- հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարը:
Իրանի նախագահը հաստատել է նախարարի սպանության լուրը:
Խաթիբն այս պաշտոնում նշանակվել էր 2021-ին: Մինչ այդ այլ բարձր պաշտոններ է զբաղեցրել նախարարությունում և Գերագույն առաջնորդի գրասենյակում։ Հաղորդվում է, որ նա զգալի դեր է խաղացել Իրանում ցույցերի ընթացքում ցուցարարների ձերբակալությունների և սպանությունների գործում և դեռ 2022-ից ներառվել էր ԱՄՆ պատժամիջոցների ցանկում:
Ի պատասխան Լարիջանիի սպանության՝ Թեհրանը հրթիռակոծել է Թել Ավիվը
Մինչ հստակ չէ, թե ովքեր են հիմա Իրանի վերնախավում որոշում կայացնողները, երկրի գլխավոր դիվանագետը նաև հայտարարել է, թե միջուկային զենք չմշակելու մասին Թեհրանի դիրքորոշումը էապես չի փոխվի, թեև նոր գերագույն առաջնորդը դեռ կարտահայտի իր մոտեցումն այս հարցում: Արաղչին զգուշացրել է՝ պատերազմի համաշխարհային հետևանքների ալիքը նոր է սկսվել և կհասնի բոլորին:
Լարիջանիի սպանությանն ի պատասխան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը գիշերը հրթիռակոծել է Իսրայելը, այդ թվում՝ Թել Ավիվը, կա երկու զոհ: Իսրայելի Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ վերջին 24 ժամում երկրում 192 մարդ է վիրավորվել:
Իրանի բանակի գլխավոր շտաբի պետն իր հերթին սպառնացել է նոր և «ցավոտ» հարվածներ հասցնել ի պատասխան Լարիջանիի սպանության:
Իրանը նաև հարվածել է Ծոցի մի քանի երկրներում գտնվող թիրախների, նաև Բաղդադում ԱՄՆ դեսպանատանը:
Իսրայելի բանակն իր հերթին հարվածել է Իրանի հրամանատարական կենտրոնների, հրթիռների արձակման հարթակների և հակաօդային պաշտպանության համակարգերի, այդ թվում՝ Թեհրանում: Հարվածներից մեկը դիպել է Բուշերի ատոմակայանի մետրոլոգիական ծառայության շենքի հարակից տարածքին, որը գտնվում է գործող էներգաբլոկի անմիջական հարևանությամբ:
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակման է ենթարկվել Հարավային Փարսի՝ գազի աշխարհի ամենամեծ հանքավայրում գտնվող նավթաքիմիական համալիրը: Լորեստան նահանգում մեկ տասնյակից ավելի մարդ է սպանվել:
Դեռ փակ է Հորմուզի նեղուցը
ԱՄՆ-ն էլ հայտնել է, որ ամերիկյան զինուժը հարվածել է Հորմուզի նեղուցի երկայնքով գտնվող իրանական հրթիռային կայաններին՝ կիրառելով հզոր ռումբեր, որոնք կարող են թափանցել բունկերներ։
Իսրայելի բանակը նաև հարվածել է Լիբանանին՝ թիրախավորելով Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված և Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքներին: Կա առնվազն 20 զոհ, 40-ից ավելի վիրավոր:
Ռազմական գործողությունների ֆոնին դեռ փակ է Հորմուզի նեղուցը, որտեղով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20%-ը: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցների մեծ մասը հրաժարվել է ռազմանավեր ուղարկել նեղուցում նավթատար նավերին ուղեկցելու համար: Դոնալդ Թրամփն ասել է, որ դաշնակիցները «հիմար սխալ» են գործում, իսկ ամերիկյան զինուժն այլևս նրանց կարիքը չունի:
«Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն շատ հիմար սխալ է թույլ տալիս։ Ես վաղուց եմ ինքս ինձ տվել այդ հարցը. հետաքրքիր է, ՆԱՏՕ-ն երբևէ օգնության կհասնի՞ մեզ: Այնպես որ, սա հիանալի փորձություն էր, քանզի մենք նրանց կարիքը չունենք, բայց նրանք պետք է լինեին այնտեղ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Իրանի արտգործնախարարն ասել է, որ նեղուցում նոր կանոններ կգործեն՝ ապահովելու նավերի անվտանգ անցումը «հատուկ պայմաններում», որոնք կբխեն Իրանի և տարածաշրջանի շահերից: Մանրամասներ, սակայն, Աբբաս Արաղչին չի ներկայացրել:
Ու մինչ ԱՄՆ-ն և Իսրայելը շարունակում են Իրանի դեմ պատերազմը, ԱՄՆ օրենսդիները պատասխաններ են պահանջում, թե ինչ տվյալների հիման վրա ԱՄՆ-ն միացավ Իրանի դեմ այս ռազմարշավին:
Վաղը հետախուզության ոլորտի բարձրաստիճան մի քանի պաշտոնյաներ ցուցմունք կտան Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովում, ինչը օրենսդիրներին հնարավորություն կտա հարցեր ուղղել Թրամփի վարչակազմին, թե հետախուզական ինչ տվյալներ էին ստացել, նախքան պատերազմ սկսելը։
Երեկ էլ հրաժարական տվեց ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Ջոզեֆ Քենթը՝ պնդելով, թե Իսրայելն է ԱՄՆ-ին ներքաշել հակամարտության մեջ. «Ես չեմ կարող մաքուր խղճով աջակցել Իրանում շարունակվող պատերազմին»,- սոցցանցում գրել էր Քենթը՝ հավելելով՝ Իրանն ԱՄՆ-ի համար անմիջական սպառնալիք չէր, և ԱՄՆ-ն այս պատերազմը սկսեց Իսրայելի և նրա հզոր ամերիկյան լոբբիի ճնշման պատճառով։
Ակնկալվում է, որ դեմոկրատները, թերևս, հենց Քենթի մեկնաբանությունների վրա կկենտերոնանան՝ հանրապետականներին քննադատելու համար: Լսումները կշարունակվեն նաև հինգշաբթի՝ արդեն Ներկայացուցիչների պալատում, որտեղ Քենթը ևս ներկա կլինի:
«Ես բացարձակապես ոչ մի ապացույց չեմ տեսել, որ Իրանից հարձակման անմիջական սպառնալիք կար»,- հայտարարել է Կոնեկտիկուտից ներկայացուցիչ, Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի առաջատար դեմոկրատ անդամ Ջիմ Հայմսը։ Ըստ նրա՝ չկա որևէ ապացույց, գոնե այն ինֆորմացիայում, որը հետախուզական համայնքը տրամադրել է հանձնաժողովներին: