Մատչելիության հղումներ

Իրանը սպառնում է հարվածել ԱՄՆ մերձավորարևելյան բազաներին


Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադե, արխիվ
Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադե, արխիվ

Պաշտոնական Թեհրանը զգուշացնում է՝ եթե միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները տապալվեն և գործը հասնի զինված հակամարտության, ապա Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմակայաններն իրանական բանակի օրինական թիրախները կդառնան։ Այս մասին այսօր հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն՝ հատուկ ընդգծելով, որ Թեհրանը զուրկ չէ նաև համապատասխան սպառազինությունից, որը կարող է ծանր կորուստներ պատճառել ամերիկացիներին։

«Հակառակ կողմը զգուշացրել է, որ եթե մենք չկարողանանք համաձայնության գալ, ապա դա հակամարտության և արյունահեղության կհանգեցնի։ Ես Իրանի ժողովրդի և Զինված ուժերի անունից լիազորված եմ հայտարարել՝ տա Աստված, որ բանակցությունները հաջողությամբ ավարտվեն, և ամեն ինչ խաղաղ կերպով հանգուցալուծվի։ Բայց եթե դա տեղի չունենա և հակամարտություն ծագի, հակառակ կողմի կորուստները շատ ավելի մեծ են լինելու։ Այդ դեպքում Ամերիկան ստիպված է լինելու լքել այս տարածաշրջանը, որովհետև նրա բոլոր ռազմակայանները մեզ համար հասանելի են։ Որևէ կասկած թող չլինի, որ մենք կթիրախավորենք տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաները», - այսօր հայտարարում էր Իրանի պաշտպանության նախարարը։

Թե հատկապես որ սցենարով կզարգանան իրադարձությունները, պարզ կդառնա այս շաբաթ, երբ վերսկսվեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունները։ Բայց նույնիսկ այդ բանակցությունների ժամկետների հարցում կողմերի միջև տարաձայնություններ կան։ Իրանի արտգործնախարարությունը պնդում է, որ բանակցությունների հերթական՝ վեցերորդ փուլը կայանալու է Օմանի մայրաքաղաքում հունիսի 15-ին։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, հայտարարել է, որ իրանական և ամերիկյան պատվիրակությունները հանդիպելու են արդեն վաղը։

Թրամփի խոսքով, ի դեպ, առաջիկա բանակցությունների շեմին ամերիկյան կողմի դիրքորոշումն անփոփոխ է՝ համաձայնագրի կնքման գլխավոր նախապայմանը շարունակում է մնալ Իրանի կողմից ուրանի հարստացման լիակատար դադարեցումը։

«Իրանցիներն այնպիսի պահանջներ են ներկայացնում, որոնք բավարարել հնարավոր չէ։ Նրանք չեն հրաժարվում նրանից, ինչից որ պետք է հրաժարվեն։ Խոսքը ուրանի հարստացման մասին է։ Նրանք դեռ պատրաստ չեն դրանից հրաժարվել։ Այլընտրանքը, սակայն, շատ տխուր կարող է լինել։ Պետք է նաև նշեմ, որ իրանցիներն արդեն իսկ ներկայացրել են իրենց մոտեցումները։ Դրանք, սակայն, մեզ համար անընդունելի են», - Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարում էր Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։

The New York Times-ի տեղեկություններով՝ Վաշինգտոնը դեռ բանակցությունների նախորդ փուլերում առաջարկել է Իրանին մաս կազմել ուրանի հարստացման տարածաշրջանային կոնսորցիումին, որը տեղակայված կլինի Պարսից ծոցի միապետություններից որևէ մեկի տարածքում։ Իրանական կողմը, մինչդեռ, պնդում է, որ խաղաղ նպատակներով ուրանի հարստացումը պետք է տեղի ունենա բացառապես իսլամական հանրապետության տարածքում։

Նման փակուղային իրավիճակում Վաշինգտոնին և Թեհրանին իր միջնորդական ծառայություններն է առաջարկում Մոսկվան։ Օրերս ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարեց, որ Ռուսաստանը կարող է իր տարածքում պահ տալ իրանական հարստացված ուրանի այն խմբաքանակը, որից Թեհրանը, ամերիկացիների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, պատրաստ կլինի հրաժարվել։

Այսօր Մոսկվայի պատրաստակամությունը վերահաստատեց Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Մենք Իրանի հետ մշտական կապի մեջ ենք, և դուք գիտեք, որ այս թեման հենց նման ձևակերպումներով քննարկվել է Պուտինի և Թրամփի վերջին հեռախոսազրույցի ընթացքում։ Անհրաժեշտության դեպքում, եթե կողմերն անհրաժեշտ համարեն, Ռուսաստանը պատրաստ կլինի նման ծառայություններ մատուցել», - նշեց Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG