Մատչելիության հղումներ

Իրանը «մեծ սխալ է գործել և կվճարի դրա համար»․ Նեթանյահու


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահու, արխիվ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահու, արխիվ

Իրանը «մեծ սխալ է գործել և կվճարի դրա համար», երեկ ուշ երեկոյան, կառավարության նիստի ժամանակ, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ շեշտելով․ - «Մենք հավատարիմ կմնանք մեր հաստատած կանոններին՝ «ով մեզ վրա հարձակվի, մենք էլ նրա վրա կհարձակվենք»։

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին էլ հայտարարել է՝ հարձակումը հետևանքներ կունենա։

«Մենք ծրագրեր ունենք, և կգործենք այնտեղ, որտեղ և երբ անհրաժեշտ կհամարենք»,- ընդգծել է Հագարին:

Նա հավելել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը կշարունակեն «գործել ողջ ուժով և հզոր հարվածներ կհասցնեն Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, ինչպես դա եղել է վերջին տարվա ընթացքում»։

Իրանական ISNA լրատվական գործակալությունը երեքշաբթի երեկոյան հայտնել է, որ Իրանը փակել է Թեհրանի օդային տարածքը։ Չվերթները չեղարկվել են մինչև չորեքշաբթի առավոտյան ժամը 10-ը:

Երեկ կեսգիշերն անց Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հաղորդեց, որ «Երևանից Դոհա և հակառակ ուղղությամբ այս գիշեր նախատեսված բոլոր չվերթները չեղարկվել են»։

Ըստ իսրայելական կողմի՝ երեկ երեկոյան Իրանից ընդհանուր առմամբ մոտ 200 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության բանակը հստակեցրեց՝ մոտ 180 հրթիռ է արձակվել։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամայել է ամերիկացի զինվորականներին օգնել Իսրայելին խոցել իրանական հրթիռները, հայտարարել է Սպիտակ տունը։ Բայդենը և ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հետևում են հարձակմանը Սպիտակ տան իրավիճակների սենյակից և պարբերաբար թարմացումներ են ստանում, X-ում ասել է Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Շոն Սավեթը:

Իրանի ղեկավարությունը Իսրայելի վրա հրթիռային հարձակումն անվանել է վրեժ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված պաղեստինյան արմատական «Համաս»-ի և Լիբանանում տեղակայված «Հեզբոլահ»-ի առաջնորդների սպանության համար:

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) նախօրեին հայտարարել էր, որ «սահմանափակ ցամաքային գործողություններ է իրականացնում հարավային Լիբանանում գտնվող «Հեզբոլա»-ի կառույցների և ենթակառուցվածքների դեմ» և այդ գործողությունները «հիմնված են ճշգրիտ հետախուզական տեղեկատվության վրա»: Լիբանանում ցամաքային գործողություններին նախորդել էին իսրայելական բանակի զանգվածային ավիահարվածները Լիբանանում գտնվող ԱՄՆ-ում ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի հետ կապ ունեցող թիրախներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG