Հարավային Կովկաս, Սիրիա, պաղեստինյան խնդրի կարգավորում ու Իրանի միջուկային ծրագիր՝ այս հարցերը քննարկելու համար էր այսօր Ռուսաստանի արտգործնախարարը ժամանել Թեհրան։ Աբբաս Արաղչիի հետ հանդիպումից մեկ օր առաջ Սերգեյ Լավրովն Անկարայում թուրք գործընկերոջ հետ էր բանակցել։
«Զարգացումները Հարավային Կովկասում հետաքրքրում են Իրանին ու Ռուսաստանին, և այսօր մենք մանրամասն ու կառուցողական քննարկում ունեցանք՝ դիտարկելով բոլոր հարցերը», - հայտարարեց Իրանի արտգործնախարարը դռնփակ հանդիպումից հետո։ - «Կովկասում մենք փորձում ենք խաղաղության ուղիներ գտնել Ադրբեջանի ու Հայաստանի միջև, մենք պատրաստ ենք օգնել այդ հարցում»։
Հայ - ադրբեջանական խաղաղության բանակցություններում ամենակճռոտ հարցերից մեկը հաղորդակցության ուղիների բացումն է․ Բաքուն պահանջում է Հայաստանի տարածքով անխափան ու անխոչընդոտ միջանցք դեպի Նախիջևան, ինչին հրապարակավ դեմ է ոչ միայն Հայաստանը, այլև սահմանակից Իրանը։ Այսօրվա ասուլիսում, սակայն, ո՛չ Արաղչին, ո՛չ Լավրովն այդ թեմային մանրամասն չանդրադարձան։ Ռուսաստանի արտգործնախարարը միայն ընդհանուր գծերով նշեց․ թե երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերում ունեն ընդհանուր դիրքորոշում:
«Թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը հաստատակամ են, որ ցանկացած հակամարտություն պետք է դիտարկվի բացարապես ՄԱԿ-ի կանոնադրության շրջանակում, դրա սկզբունքների հիման վրա», - ասաց Լավրովը:
Ուղիղ մեկ շաբաթ առաջ ՌԴ ԱԳ նախարարը Սաուդյան Արաբիայում հանդիպել էր Միացյալ Նահանգների պետքարտուղարին՝ ուկրաինական պատերազմի սկսվելուց ի վեր առաջին անգամ, եռամյա դադարից հետո։ Այսօր նա իրանցի գործընկերոջն է ներկայացրել ամերիկյան կողմի հետ այդ դռնփակ հանդիպման մանրամասները՝ շնորհակալություն հայտնելով Իրանին «ուկրաինական հարցում կշռադատված ու զուսպ դիրքորոշման համար»։ Պատերազմի երեք տարիների ընթացքում Իրանը Ռուսաստանին անօդաչուներ ու ռազմական այլ միջոցներ էր մատակարարում։
«Մեր համագործակցությունը կշարունակվի էներգետիկայի, առևտրի այլ ոլորտներում», - այսօր հայտարարեց Արաղչին՝ առանձնացնելով հատկապես Թեհրանի միջուկային ծրագիրը․
- «Այս հարցում Իրանը կշարունակի համակարգել իր քայլերը Ռուսաստանի ու Չինաստանի հետ»։
Թվարկելով Միացյալ Նահանգների երկու մրցակիցների անունները՝ Արաղչին միաժամանակ ընդգծեց, որ Թեհրանը մերժում է բանակցությունները Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմի հետ, քանի դեռ այն իր քաղաքականությունը չի փոխել։ Նախընտրական շրջանում դեռ Դոնալդ Թրամփը սպառնում էր Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները հասցնել առավելագույն աստիճանի, և շուրջ մեկ ամիս առաջ մտնելով Սպիտակ տուն՝ արդեն հասցրել է հրամանագիր ստորագրել այդ մասին։ Երեկ էլ ուժի մեջ են մտել ամերիկյան նոր պատժամիջոցները Իրանի նավթային արդյունաբերության՝ իսլամական հանրապետության եկամտի հիմնական աղբյուրի նկատմամբ։
«Իրանի դիրքորոշումը հստակ է։ Մենք չենք բանակցի սպառնալիքների ու ճնշումների ներքո, և Միացյալ Նահանգների հետ ուղիղ բանակցությունների որևէ հնարավորություն՝ մեր միջուկային ծևրագրի շուրջ, այս պայմաններում չենք տեսնում», - հայտարարեց Արաղչին:
Մինչ Միացյալ Նահանգների նախագահը խոստանում է Իրանից նավթի արտահանումները հասցնել զրոյի, քանի դեռ Թեհրանը չի հրաժարվել միջուկային նկրտումներից, եվրոպական երկրներն անցած սեպտեմբերից վերսկսել են բանակցությունները Թեհրանի հետ՝ պատժամիջոցների չեղարկման ու փոխշահավետ լուծումներ գտնելու համար։ Երեկ Իրանի արտգործնախարարությունը հաղորդեց, որ Արաղչին Ժնևում այս հարցով հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի դիվանագետների հետ, այսօր էլ նա մանրամասները ռուս պաշտոնակցին է հայտնել. - «Ես արտգործնախարար Լավրովին ներկայացրեցի եվրոպական եռյակի հետ քննարկված բոլոր հարցերի մանրամասներն ու բացատրեցի իրավիճակը»:
Ռուսաստանի արտգործնախարարն, իր հերթին, պնդեց՝ Մոսկվան մտադիր է շարունակել ջանքերը այս խնդրի կարգավորման ուղղությամբ, դիվանագիտական ռեսուրսը դեռ չի սպառվել, պնդեց Սերգեյ Լավրովը՝ չհստակեցնելով՝ արդյոք Մոսկվան պատրաստ է, օրինակ, այս հարցում միջնորդ դառնալ Թեհրանի ու Վաշինգտոնի միջև։ Դոնալդ Թրամփի պաշտոնակալությունից հետո Մոսկվան ու Վաշինգտոնը մի քանի անգամ արդեն միմյանց ընդառաջ քայլեր են արել․ հենց երեկ Միացյալ Նահանգները միացավ Ռուսաստանին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Ուկրաինայի հարցով տեղի ունեցած երկու քվեարկությունների ժամանակ։