Մատչելիության հղումներ

Իրանը և եվրոպական տերությունները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը


Իրանը և երեք եվրոպական տերությունները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը «մոտ ապագայում» Ժնևում կայացած հանդիպումից հետո։

Իրանի և այսպես կոչված E3-ի (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) բանակցողները հանդիպել են Շվեյցարիայում՝ քննարկելու մի շարք հարցեր, այդ թվում՝ Իրանի ընդլայնվող միջուկային ծրագիրը, նրա ռազմական աջակցությունը Ռուսաստանին և հակամարտությունները Մերձավոր Արևելքում:

Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին X-ում գրել է, որ շվեյցարական քաղաքում բանակցությունները կենտրոնացել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային զարգացումների վրա, «հատկապես միջուկային խնդրին և պատժամիջոցների վերացմանը»:

«Մենք հաստատակամորեն հավատարիմ ենք մեր ժողովրդի շահերը պաշտպանելուն և նախընտրում ենք երկխոսության և փոխգործակցության ուղին», - նշել է Ղարիբաբադին:

Հանդիպումից առաջ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ասել էր, որ դա կլինի «ուղեղային գրոհի նիստ»՝ պարզելու, թե «արդյո՞ք իսկապես կա ելք» ներկայիս միջուկային փակուղուց, ի թիվս այլ բաների:

Առանձին-առանձին Բրիտանիայի և Ֆրանսիայի հետախուզության ղեկավարները ահազանգել էին Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունների աճի և «նրա արագացող» միջուկային ծրագրի մասին:

Ժնևում հանդիպումը տեղի է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի 35 անդամների՝ Իրանին դատապարտող բանաձևն ընդունելուց մեկ շաբաթ անց:

XS
SM
MD
LG