Մատչելիության հղումներ

Իրանը երկընտրանքի առաջ է «Հեզբոլա»-ի առաջնորդի սպանությանը պատասխանելու հարցում


«Հեզբոլա»-ի սպանված առաջնորդ Հասան Նասրալլայի դիմանկարով մեծադիր պաստառ Թեհրանի կենտրոնի հրապարակներից մեկում, 29-ը սեպտեմբերի, 2024թ.
«Հեզբոլա»-ի սպանված առաջնորդ Հասան Նասրալլայի դիմանկարով մեծադիր պաստառ Թեհրանի կենտրոնի հրապարակներից մեկում, 29-ը սեպտեմբերի, 2024թ.

Իրանը լուրջ և բարդ երկընտրանքի առաջ է կանգնել այն բանից հետո, երբ Իսրայելը սեպտեմբերի 27-ին Լիբանանին հասցրած ավիահարվածների արդյունքում սպանեց «Հեզբոլա» շարժման առաջնորդ Հասան Նասրալլային, որը Թեհրանի առանցքային դաշնակիցն էր։

Եթե Իրանն ուղղակի ռազմական հարված հասցնի Իսրայելին, ապա դա կարող է լայնամասշտաբ պատերազմ հրահրել իր ոխերիմ թշնամու հետ: Եթե Թեհրանն ընտրի զսպվածություն ցուցաբերել, ապա դա կարող է հարված հասցնել նրա հեղինակությանը ինչպես դաշնակիցների, այնպես էլ տարածաշրջանի թշնամիների շրջանում:

«Հեզբոլա»-ն զինված խմբավորում և քաղաքական կուսակցություն է, որը վերահսկում է հարավային Լիբանանի մեծ մասը, Իրանի, այսպես կոչված, դիմադրության առանցքի, նրա վստահելի ներկայացուցիչների և Իսրայելի դեմ կիրառվող զինված խմբավորումների ճկուն և ապակենտրոնացված կառավարվող ցանցի առաջատար անդամն է:

Շիա այս կազմակերպությունը, որը Միացյալ Նահանգները համարում է ահաբեկչական, իսկ Եվրամիությունը միայն դրա զինված թևն է ներառել իր սև ցուցակում, նաև առանցքային դեր է խաղում Իսրայելին և Միացյալ Նահանգներին զսպելու՝ Իրանի ռազմավարությունում։

«Իրանը բարդ իրավիճակում է, երբ այն հուսահատորեն ցանկանում է արձագանքել, սակայն վախենում է դա ուղղակիորեն անելու հետևանքներից», - ասում է Մերձավոր Արևելքի քաղաքականության Վաշինգտոնի ինստիտուտի փորձագետ Մեթյու Լևիտը:

Լավ տարբերակներ չկան

Փորձագետները նշում են, որ Իրանը դժվար թե ուղղակի ռազմական հարված հասցնի Իսրայելին, քայլ, որը կարող է լայնամասշտաբ թանկարժեք պատերազմ հրահրել, որից Թեհրանն այս ընթացքում ձգտել է խուսափել:

Լայնամասշտաբ հակամարտության դեպքում Իսրայելն ունի ռազմական ճնշող գերազանցություն, թեև Իրանի անօդաչու թռչող սարքերի և հրթիռների զինանոցը զգալի վտանգ է ներկայացնում, ասում են փորձագետները:

«Իսրայելի դեմ Իրանի տարբերակները տատանվում են վատի և ավելի վատի միջև՝ հաշվի առնելով նրա սովորական ռազմական թերությունները և տարածաշրջանային ահաբեկչական ցանցին հասցված հարվածները», - ասում է Վաշինգտոնում տեղակայված «Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամ» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Բեհնամ Թալեբլուն:

Իրանն ապրիլին անօդաչու թռչող սարքերի և հրթիռային աննախադեպ հարձակում գործեց Իսրայելի վրա։ Դա տեղի ունեցավ անմիջապես այն բանից հետո, երբ ենթադրյալ իսրայելական օդային հարվածները Սիրիայում իրանցի յոթ բարձրաստիճան հրամանատարների սպանեցին:

Սակայն, ըստ Թալեբլուի, իսլամական հանրապետությունը, հավանաբար, Իսրայելի վրա կրկին ուղղակի հարձակում կգործի միայն այն դեպքում, եթե սպառնալիքը լինի «գոյաբանական և վտանգ ներկայացնի երկրին»:

Քանի որ ուղիղ առճակատումը, հավանաբար, բացառված է, փորձագետներն ասում են, որ Իրանը Իսրայելին և նրա գլխավոր դաշնակից ԱՄՆ-ին վնաս պատճառելու համար կարող է դիմել իր ազդեցության տակ գտնվող մյուս անդամներին՝ ներառյալ Իրաքի իրանամետ շիա աշխարհազորայիններին, Եմենի հութի ապստամբներին և Սիրիայում գտնվող աշխարհազորայիններին։

Իրանի դիմադրության առանցքը լուրջ կորուստներ է կրել այն բանից հետո, երբ Իսրայելը 2023-ի հոկտեմբերին սկսեց իր ավերիչ պատերազմը Գազայի հատվածում՝ կասկածի տակ դնելով Իսրայելին հակահարված տալու դրա կարողությունը:

«Համաս»-ը լրջորեն թուլացել է պաղեստինյան անկլավում։ Իսրայելը վերջին ամիսներին սպանել է Նասրալլային և Լիբանանում «Հեզբոլա»-ի ղեկավարության մեծ մասին: Իսրայելը նաև թիրախավորել է Սիրիայի և Իրաքի հութիներին և իրանամետ խմբավորումներին:

Զսպվածության միտված

Իրանի առաջնորդները կարծես անսովոր զսպվածություն ցուցաբերեցին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում Իսրայելի օդային հարվածների հետևանքով Նասրալլայի սպանությունից հետո:

Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին չի սպառնացել Իրանի անմիջական պատասխանով: Դա հակասում է հուլիսին Թեհրանում պաղեստինյան «Համաս»-ի (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական խմբավորում) քաղաքական ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությունից հետո վրեժ լուծելու նրա բացահայտ խոստմանը:

«Իրանը հետ կանգնեց Թեհրանում Հանիյեի սպանությունից հետո դաժանաբար վրեժխնդիր լինելու և արյունահեղություն իրականացնելու իր խոստումից, քանի որ զգում էր, որ տարածաշրջանում ամեն ինչ, առնվազն քաղաքական առումով, իր օգտին է ընթանում», - ասել է Թալեբլուն:

«Սակայն վերջին երկու շաբաթների ընթացքում «Հեզբոլա»-ի դեմ Իսրայելի շարունակ ավելի մահացու և համարձակ դարձող գործողությունները ոչ այլ ինչ են, քան ռազմավարական շրջադարձ իսլամական հանրապետության և նրա [դիմադրության առանցքի] դեմ», - հավելել է նա:

Ցուցարարը Թեհրանում պարզել է լուսանկար, որում պատկերված են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, «Հեզբոլա»-ի առաջնորդ Հասան Նասրալլան և իրանցի գեներալ Քասեմ Սոլեյմանին, ով զոհվել է 2020 թվականի հունվարին Իրաքում Միացյալ Նահանգների անօդաչու թռչող սարքի հարվածից
Ցուցարարը Թեհրանում պարզել է լուսանկար, որում պատկերված են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, «Հեզբոլա»-ի առաջնորդ Հասան Նասրալլան և իրանցի գեներալ Քասեմ Սոլեյմանին, ով զոհվել է 2020 թվականի հունվարին Իրաքում Միացյալ Նահանգների անօդաչու թռչող սարքի հարվածից

Այնուամենայնիվ, Իրանը կարծես որդեգրում է զսպվածություն պահպանելու ռազմավարություն:

Սեպտեմբերի 30-ին Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Իսրայելի դեմ պայքարելու համար երկիրը զորքեր չի տեղակայի Լիբանանում կամ Գազայի հատվածում, քանի որ «Համաս»-ը և «Հեզբոլա»-ն «ունեն ագրեսիայից պաշտպանվելու կարողությունն ու ուժը»:

Ժնևի միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆարզան Սաբեթն ասում է, որ իր դաշնակիցների վրա Իսրայելի հարձակումներին արձագանքելու Իրանի դժկամությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանում Թեհրանի հեղինակությանը և դիրքին:

«Ըմբռնումն այն է, որ Թեհրանն ի վիճակի չէ իր կարմիր գծերը սահմանել Իսրայելի դեմ,- ասել է նա,- Նույնիսկ եթե դա ճիշտ չէ, դա Իրանին ստիպում է թույլ երևալ: Իսկ ընկալվող թուլությունն ավելի լուրջ խնդիրներ է առաջացնում»։

Ստեղծել միջուկային զենք

Նույնիսկ այն դեպքում, երբ Խամենեին կարծես զսպվածություն է ցուցաբերում, Իրանի կոշտ ուղեգծի որոշ կողմնակիցներ կոչ են արել ռազմական գործողություններ սկսել Իսրայելի դեմ: Ոմանք Թեհրանին նույնիսկ հորդորել են երկրի միջուկային ծրագիրը փոխակերպել և միջուկային զենք արտադրել՝ պնդելով, որ միայն միջուկային զսպող միջոցը կդառնա այն երաշխիքը, որ Իսրայելն ուղղակիորեն չի հարձակվի Իրանի վրա:

Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ երկիրն անհրաժեշտ աստիճանի հարստացված ուրան ունի, որպեսզի կարողանա 10 միջուկային ռումբ պատրաստել։ Սակայն փորձագետներն ասում են, որ Իրանից կարող են ամիսներ կամ նույնիսկ ավելի քան մեկ տարի պահանջվել, որպեսզի արտադրի բավականաչափ հարստացված ուրան, որով հնարավոր կլինի միջուկային ռումբ պատրաստել։

Սաբեթն ասում է, որ Իրանի հաշվարկները կարող են փոխվել, եթե այն որոշի, որ զգալիորեն վատթարացել են «Հեզբոլա»-ի հնարավորությունները, որը Թեհրանի հիմնական զսպիչ ուժն է Իսրայելի դեմ պայքարում:

«Քանի որ ներկայիս տարածաշրջանային հակամարտությունը զարգանում է, իսլամական հանրապետությունը կարող է շուտով հայտնվել «գործիր, քանի դեռ կարող ես» իրավիճակում, երբ ստիպված կլինի որոշել՝ ստեղծե՞լ միջուկային զենք [թե՞ ոչ]»,- ասել է Սաբեթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG