Իրանում հակակառավարական ցույցերի զոհերի թիվը հասել է մոտ 2600-ի, հայտնում են իրավապաշտպան կազմակերպությունները՝ զգուշացնելով, որ այն դեռ կարող է աճել: Կան նաև շատ վիրավորներ, սակայն կոնկրետ տվյալներ չեն հաղորդվում: Ցույցերի ընթացքում, ըստ նույն աղբյուրների, ձերբակալվել է ավելի քան 18,434 մարդ:
Պաշտոնական Թեհրանը շարունակում է չհրապարակել զոհերի ու ձերբակալվածների թիվը: Այսօր էլ Երևանում հրավիրած ասուլիսում Հայաստանում Իրանի դեսպանը մի քանի անգամ խուսափեց զոհերի թիվը նշել՝ միայն հաստատելով, որ սպանվածներ կան և՛ խաղաղ բնակիչների, և՛ զինված ուժերի, և, ինչպես պնդեց իրանցի դիվանագետը, «ահաբեկիչների» շրջանում:
Իրանում երեկվանից մասամբ վերականգնվել է հեռախոսակապը, սակայն ինտերնետը, որ վեց օր առաջ իշխանություններն անջատել էին տնտեսական դժվարությունների պատճառով բռնկված և վերջին տարիների, թերևս, ամենազանգվածային բողոքի ալիքը ճնշելու համար, դեռ չի վերականգնվել:
BBC-ի փոխանցմամբ՝ Թեհրանում և Քարաջում մեծ թվով անվտանգության ուժեր են տեղակայված: Տնտեսվարողները դժվարությունների են բախվում ինտերնետի բացակայության պատճառով, իշխանություններն էլ պատասխանում են՝ չգիտեն, երբ այն կվերականգնվի:
Թրամփը իրանցի ընդդիմադիրներին կոչ է արել շարունակել ցույցերը
Ու մինչ անորոշ է, թե երբ կվերականգնվի կապը, ԱՄՆ նախագահը իրանցի ընդդիմադիրներին կոչ է արել շարունակել ցույցեր՝ նշելով, որ «օգնությունը ճանապարհին է»:
«Իրանցի հայրենասերներ, շարունակեք բողոքի ցույցեր անել՝ զավթեք ձեր հաստատությունները ... Օգնությունը ճանապարհին է»,- սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահը՝ չնշելով, թե ինչ օգնություն նկատի ունի:
Թրամփն ավելի վաղ չէր բացառել ռազմական միջամտությունը, երեկ էլ 25 տոկոս մաքսատուրք սահմանեց Իրանի հետ առևտուր անող երկրների համար։
Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ չեղարկել է իրանցի պաշտոնյաների հետ հանդիպումները մինչև չդադարեն ցուցարարների «անիմաստ սպանությունները»: Ավելի ուշ նա իրանցիներին կոչ է արել հիշել «մարդասպանների և բռնարարների» անունները, քանզի նրանք «շատ մեծ գին կվճարեն»։
Իրանը ևս հաստատել է, որ Վաշինգտոն-Թեհրան ուղիղ հաղորդակցությունը դադարեցվել է:
Երեկ հաղորդվել էր, որ ձերբակալված ցուցարարներից 26-ամյա Էրֆան Սոլթանիին այսօր մահապատժի են ենթարկելու: Թրամփը CBS News-ին տված հարցազրույցում «շատ կոշտ գործողություններ» է խոստացել, եթե Իրանը սկսի կախաղան հանել ցուցարարներին:
«Չեմ լսել կախաղանների մասին, բայց եթե նրանք կախաղան հանեն ցուցարարներին, դուք ինչ-որ գործողություններ կտեսնեք... մենք կոշտ քայլերի կդիմենք, եթե նրանք այդպիսի բան անեն», - ասել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը նշել է, որ երբ սպանությունների մասին ստույգ տվյալներ ունենան, կգործեն համապատասխանաբար։
Վերջին երեք տարում Իրանում առնվազն 12 ցուցարար է կախաղան հանվել:
Արաղչի. Իրանը պատրաստ է պաշտպանվել «չարից և արտաքին միջամտությունից»
Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ «ամերիկացի պաշտոնյաների սադրիչ հայտարարությունները» միջամտություն են Իրանի ներքին գործերին: Աբբաս Արաղչին սոցցանցում գրել է, որ Իրանը պատրաստ է պաշտպանվել «չարից և արտաքին միջամտությունից»:
ՄԱԿ-ում Իրանի դեսպանն էլ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հղած նամակում Թրամփին մեղադրել է անկարգությունները խրախուսելու, բռնություն հրահրելու և Իրանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու ազգային անվտանգությանը սպառնալու մեջ։
Իրանը նաև հարևաններին զգուշացրել է, որ կհարվածի տարածաշրջանում ամերիկյան բազաներին, եթե ԱՄՆ-ն թիրախավորի Իրանին: ԱՄՆ-ն Կատարում իր ռազմբազայի անձնակազմի մի մասին հրահանգել է մինչև երեկո լքել այն:
Սթիվ Ուիթքոֆը գաղտնի հանդիպել է Իրանի վերջին շահի վտարանդի որդուն՝ Ռեզա Փահլավիին. Axios
Ու մինչ Թեհրանը մեղադրում է Վաշինգտոնին, ամերիկյան Axios-ը հայտնում է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Իրանում ցույցերը քննարկելու համար շաբաթավերջին գաղտնի հանդիպել է Իրանի վերջին շահի վտարանդի որդուն՝ Ռեզա Փահլավիին։ Ըստ թերթի՝ սա բարձր մակարդակի առաջին հանդիպումն է ընդդիմության և ԱՄՆ վարչակազմի միջև:
Փահլավին, որն իրանցիներից շատերի համակրանքն է վայելում և այս օրերին նրանց կոչ է արել դուրս գալ փողոց, Fox News-ի հետ զրույցում ասել է, որ կապի մեջ են ընդդիմության հետ՝ իշխանության փոխանցումը նախապատրաստելու համար, եթե ռեժիմը փլուզվի: Նա նշել է, որ ընդդիմադիրները «պատրաստ են միջամտել», ապա ամերիկացի օրենսդիրներին կոչ է արել աջակցել նրանց:
«Հասել ենք այն կետին, երբ մարդիկ հոգնել են այս ռեժիմից ... ցանկանում են ազատագրվել։ Նրանց պահանջը բախվում է ռեժիմի ամենադաժան արձագանքին, որը պատերազմում է իր քաղաքացիների դեմ: Մի՛ թողեք մեզ ճակատագրի քմահաճույքին՝ փորձելով բանակցել կամ հանդարտեցնել ռեժիմին, որը 47 տարի դաժան է վարվել մեր երկրի հետ», - ասել է Ռեզա Փահլավին: