Թեհրանում և Իրանի բազմաթիվ այլ քաղաքներում 12-րդ օրն է՝ հակակառավարական զանգվածային ցույցեր են: Երեկվա բողոքի ակցիաները, ըստ լրատվամիջոցների, վերջին տարիներին ուժի, թերևս, ամենամեծ ցուցադրությունն են իսլամական հանրապետության իշխանությունների դեմ:
Երեկվանից ողջ երկրում անջատվել է ինտերնետը: Դա հաստատել է նաև ինտերնետի ազատության հարցերով զբաղվող Netblocks խումբը: Սահմանափակումներով է աշխատում հեռախոսակապը, տեղական լրատվական կայքերը թարմացվում են խափանումներով, դեպի Թեհրան և այլ քաղաքներ մի շարք չվերթներ են չեղարկվել, այդ թվում՝ Դուբայից և Ստամբուլից:
Իրանական արժույթի արժեզրկման և տնտեսական դժվարությունների պատճառով բռնկված ցույցերը, ըստ իրավապաշտպան կազմակերպությունների, տարածվել են Իրանի բոլոր 31 նահանգների ավելի քան 100 մեծ ու փոքր քաղաքներում:
BBC-ի իրանական ծառայության հրապարակած կադրերում երևում է, թե Դեզֆուլ քաղաքում ինչպես են անվտանգության աշխատակիցները կենտրոնական հրապարակից կրակում ցուցարարների վրա:
Թեհրանում շենքեր, ավտոմեքենաներ են այրվել, Սպահանում էլ այրվել է պետական հեռուստաընկերությանը պատկանող շենք: «Մահ բռնապետին», - վանկարկել են ցուցարարները՝ նկատի ունենալով Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիին, և կոչ արել հեռացնել նրան իշխանությունից ու վերադարձնել Ռեզա Փահլավիին՝ հանգուցյալ նախկին շահի աքսորյալ որդուն, որն աջակիցներին ավելի վաղ կոչ էր արել փողոց դուրս գալ և բարձրաձայնել իրենց պահանջները։
«Կեցցե՛ շահը», «Սա վերջին ճակատամարտն է։ Փահլավին կվերադառնա», - Թեհրանում և այլ քաղաքներում վանկարկել են ցուցարարները, որոնք հյուսիսային Խորասան նահանգում նաև պատռել են պետական դրոշը:
Իրանի պետական լրատվամիջոցները չեն ներկայացնում երեկվա ցույցերի իրական մասշտաբները, հաճախ հերքում են, որ ցույցեր ընդհանրապես տեղի են ունեցել, և ցուցադրում են դատարկ փողոցների տեսանյութեր։
Իրավապաշտպան տարբեր կազմակերպությունների տվյալներով՝ դեկտեմբերի 28-ից սկսված ցույցերի ընթացքում 34-45 մարդ է սպանվել, այդ թվում՝ երեխաներ և իրավապահներ: Ձերբակալվել է ավելի քան 2 270 ցուցարար։
ԱՄՆ նախագահը երեկ դարձյալ սպառնացել է խիստ միջոցներ ձեռնարկել Իրանի իշխանությունների դեմ, եթե սկսեն սպանել ցուցարարներին, հետո Fox News-ին տված հարցազրույցում վերահաստատել է, որ պատրաստ են նման արձագանքի. - «Եթե նրանք անեն դա, մենք նրանց շատ ուժեղ կհարվածենք: Մենք իսկապես նրանց շատ ուժեղ կհարվածենք: Մենք պատրաստ ենք դա անել»:
Դոնալդ Թրամփն ավելի ուշ սոցցանցում տեսանյութ է հրապարակել Իրանի երկրորդ ամենամեծ քաղաք Մաշհադից՝ նշելով, որ միայն այստեղ մոտ մեկ միլիոն մարդ է դուրս եկել փողոց:
Իրանի գերագույն առաջնորդը Թրամփին կոչ է արել զբաղվել ԱՄՆ ներքին խնդիրներով, «եթե կարող է»: Այսօր հեռարձակված ելույթում այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը չի նահանջի նրանց առաջ, «ովքեր զբաղվում են ավերածություններով», վնասում են հանրային սեփականությունը՝ փորձելով հաճոյանալ ԱՄՆ նախագահին: Խամենեին զգուշացրել է՝ Իրանը չի հանդուրժի նրանց, ովքեր որպես «օտարերկրացիների վարձկաններ» են գործում:
«Երեկ գիշեր Թեհրանում մի խումբ վանդալներ և ցուցարարներ եկան և ավերեցին մի շենք, որը պատկանում էր պետությանը, ժողովրդին՝ պարզապես Միացյալ Նահանգների նախագահին հաճոյանալու համար», - ասել է Իրանի գերագույն առաջնորդը:
Խամենեին երիտասարդներին կոչ է արել միասնական լինել երկրի առաջընթացը պահպանելու համար։ «Պահպանե՛ք ձեր միասնությունը. անբաժան ժողովուրդը կհաղթի յուրաքանչյուր թշնամու», - ասել է նա։
Վաշինգտոնում բնակվող Ռեզա Փահլավին, ում հայրը` Իրանի շահը, իշխանությունից հեռացվեց 1979 թվականի Իսլամական հեղափոխության արդյունքում, շնորհակալություն է հայտնել Թրամփին իրանցի ժողովրդին աջակցելու և ռեժիմին քննադատելու համար ու եվրոպացի առաջնորդներին կոչ է արել անել նույնը:
Փահլավին սոցցանցում գրել է, որ երեկ «երեկոյան միլիոնավոր իրանցիներ են պահանջել իրենց ազատությունը», որոնց նա իր «խիզախ հայրենակիցներ» է անվանել և կոչ արել ցույցերը շարունակել նաև գիշերը։
Ռեզա Փահլավին, որը դիրքավորվում է որպես Իրանի հնարավոր առաջնորդ, անցած հունիսին հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ Իրան, եթե գործող իշխանությունները հեռանան:
Ֆրանսիան խորը ափսոսանք է հայտնել ցուցարարների մահվան կապակցությամբ՝ Իրանի իշխանություններին կոչ անելով հետաքննել մահվան դեպքերի բոլոր հանգամանքները և զսպվածություն ցուցաբերել ցուցարարների նկատմամբ:
«Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը խոսքի և հավաքների ազատությանը և կոչ ենք անում Իրանին հարգել իր միջազգային պարտավորությունների շրջանակում ստանձնած բոլոր պարտավորությունները», - ըստ Reuters-ի՝ ասել է դիվանագիտական աղբյուրը, ում անունը չի նշվում:
Եվրամիության արտգործնախարարն էլ հայտարարել է, որ Իրանի ժողովուրդը պայքարում է իր ապագայի համար, և նրանց արդարացի պահանջներն անտեսելով՝ ռեժիմը ցույց է տալիս իր իրական դեմքը։ Ըստ Կայա Կալլասի՝ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվում:
«Խաղաղ ցուցարարների նկատմամբ ցանկացած բռնություն անընդունելի է։ Ինտերնետի անջատումը և բողոքի ցույցերի բռնի ճնշումը վկայում է, որ ռեժիմը վախենում է սեփական ժողովրդից», - ասել է Կալլասը:
Թեև Իրանում առաջին անգամ չեն ցույցեր լինում, ըստ վերլուծաբանների՝ որոշ գործոններ լրջացնում են իրավիճակը: Նախ՝ պատժամիջոցները վատթարացրել են տնտեսական վիճակը, դատական համակարգում կոռուպցիան՝ սաստկացրել հանրային զայրույթը:
Երկրում կա համոզմունք, որ վերնախավի մի մասն օգտվում է պատժամիջոցներից և վերահսկում ներմուծումն ու արտահանումը, նավթային եկամուտները տեղափոխում արտերկիր, շահույթ ստանում փողերի լվացումից: Որոշ պաշտոնյաներ նույնիսկ կարծում են, որ իրավիճակի համար ավելի շատ մեղավոր են ոչ թե պատժամիջոցները, այլ դրանցից օգտվողները։
Իսրայելի հետ պատերազմը լրջորեն վնասել է Իրանի պաշտպանական կարողությունները, միջուկային ենթակառուցվածքները, ռազմարդյունաբերական օբյեկտները։ Սիրիայում իշխանափոխությամբ Իրանը զրկվել է կարևոր դաշնակցից, իսկ Իսրայելը Լիբանանում վերացրել է իրանամետ «Հեզբոլլա»-ի ղեկավարների մեծ մասին։
Արդյունքում Իրանը հիմա ունի ավելի քիչ դաշնակիցներ և ուղիներ՝ նավթադոլարները արտերկիր տեղափոխելու համար։