Մատչելիության հղումներ

Իրանին ԱՄՆ հարվածներից հետո հակամարտության ընդլայնման վտանգը մեծացել է

Լրացված

Իսրայելի և Իրանի հակամարտության 11-րդ օրը ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների զինուժի հասցրած հարվածները հսկայական վնաս են պատճառել Իրանի միջուկային օբյեկտներին: Դոնալդ Թրամփը նաև չի բացառել Իրանում ղեկավարության փոփոխությունը, թեև ԱՄՆ փոխնախագահն ավելի վաղ պնդել էր, որ դա չէ իրենց նպատակը:

«Քաղաքականապես կոռեկտ չէ օգտագործել «վարչակազմի փոփոխություն» եզրույթը, բայց եթե իրանական ներկայիս վարչակազմն անկարող է Իրանը կրկին հզոր դարձնել, ապա ինչո՞ւ չպետք է վարչակազմը փոխվի», - հայտարարել է Թրամփը:

Ամերիկյան հարվածներից հետո Իրանի բանակի գլխավոր հրամանատարը սպառնացել է պատասխան հարված հասցնել ԱՄՆ-ին: Նույնը ասել է Զինված ուժերի շտաբի պետը:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը դեռ ամբողջական գնահատական չունի, թե ինչ վնաս են միջուկային օբյեկտներին հասցրել Միացյալ Նահանգների հարվածները, թեև կանխատեսում են, որ Ֆորդոյի օբյեկտում վնասը շատ էական է: Ըստ գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսիի՝ Իրանից հայտնել են, որ օբյեկտների տարածքում ռադիացիայի մակարդակի բարձրացում չի գրանցվել: Նա նաև ասել է, որ երկխոսությունը շարունակելու հնարավորություն կա, պետք է օգտվել այդ պատուհանից, այլապես, եթե հակամարտությունն ընդլայնվի, դա անհավանական հետևանքներ կարող է ունենալ:

«Եթե այդ պատուհանը փակվի, բռնությունն ու ավերածությունները կարող են հասնել անհավանական մակարդակի, իսկ մեր իմացած միջուկային գլոբալ չտարածման ռեժիմը կարող է խարխլվել և փլուզվել», - ասել է Գրոսսին:

Այս ֆոնին Իրանի արտգործնախարարն այսօր Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի նախագահի հետ: Վլադիմիր Պուտինն ասել է, որ Իրանի դեմ ագրեսիան անհիմն է, և Մոսկվան փորձում է օգնել իրանցի ժողովրդին։

«Իրանի դեմ այս բացարձակապես չհրահրված ագրեսիան որևէ հիմք և արդարացում չունի։ Մեր կողմից մենք ջանքեր ենք գործադրում Իրանի ժողովրդին օգնելու համար», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Աբբաս Արաղչին էլ ասել է, որ ԱՄՆ հարձակումն ագրեսիայի ակտ է, որ պետք է դատապարտի ամբողջ աշխարհը։ Ըստ նրա՝ դա հարձակում է նախևառաջ ՄԱԿ-ի Կանոնադրության վրա, քանի որ ամբողջությամբ խախտում է այն։

«Դա հարձակում է միջազգային իրավունքի, միջազգային նորմերի … և ամենակարևորը՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի վրա», - ընդգծել է Իրանի արտգործնախարարը:

Հանդիպումից հետո Արաղչին ասել է, որ Պուտինի հետ քննարկել են ստեղծված իրավիճակը: Այլ մանրամասներ չի ներկայացրել:

Մինչ ԱՄՆ-ը և Իրանը սպառնում են միմյանց, Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածել են իրանական վեց օդանավակայանի, ոչնչացրել 15 ինքնաթիռ, վնասել թռիչքուղիները։ Իսրայելն ասել է, որ ցերեկն էլ հարվածել են Ֆորդոյի միջուկային օբյեկտ տանող ճանապարհներին, իսկ Թեհրանում աննախադեպ հարվածներ են հասցրել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կառույցներին, նաև Էվին բանտին և բոլոր բազաներին, որտեղից հրթիռներ են արձակվել Իսրայելի վրա։ Իրանը հերքել է լուրը, որ հարվածել են նաև պետական հեռարձակողի շենքին:

Իսրայելի վարչապետն ասել է, որ ամեն ինչ կանեն Իրանի միջուկային և բալիստիկ հրթիռների ծրագրերը վերացնելու համար: Ըստ Բենյամին Նեթանյահուի՝ Իսրայելը շատ մոտ է այդ նպատակների իրականացմանը։

«Կարող եմ ձեզ մեկ բան ասել՝ մենք չենք ներքաշվի հյուծող պատերազմի մեջ, բայց նաև չենք ավարտի այս պատմական արշավը, քանի դեռ մեր բոլոր նպատակներին չենք հասել», - պնդել է Նեթանյահուն:

Իրանն, իր հերթին, հարվածել է Իսրայելի կենտրոնական հատվածներին: Տուժածների մասին չի հաղորդվում:

Երեկ Իրանի թեմայով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծությունը վտանգավոր շրջադարձ է տարածաշրջանում, որն առանց այդ էլ ցնցվում է։ Անտոնիու Գուտերեշը շեշտել է՝ պետք է անհապաղ և վճռական գործել՝ դադարեցնելու պատերազմը և վերադառնալու միջուկային ծրագրի բանակցություններին։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է համապարփակ լուծում, որը կվերականգնի վստահությունը:

«Միավորված Ազգերի Կազմակերպությունը պատրաստ է աջակցել խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկացած և բոլոր ջանքերին։ Սակայն խաղաղությունը չի կարող պարտադրվել։ Այն պետք է ընտրվի», - ասել է Գուտերեշը:

ՄԱԿ-ում ԱՄՆ փոխդեսպանն ասել է, որ Իրանը երկար ժամանակ գաղտնի է պահել միջուկային զենքի ծրագիրը և խոչընդոտել բանակցային վերջին ջանքերին: Ըստ Դորոթի Քամիլ Շիայի՝ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, և ժամանակն է, որ ԱՄՆ-ը վճռական գործի և պաշտպանի սեփական ժողովրդին ու դաշնակից Իսրայելին:

ՄԱԿ-ում Իրանի դեսպանը հերքել է Միացյալ Նահանգների բոլոր մեղադրանքները: Ըստ Ամիր Սայիդ Իրավանիի՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը մանիպուլյացիաների միջոցով քաղաքական զենքի է վերածվել:

«Կողմերին խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օրինական իրավունքը երաշխավորելու փոխարեն, այն որպես պատրվակ է օգտագործվել ագրեսիայի և անօրինական գործողությունների համար, որոնք վտանգել են իմ երկրի գերագույն շահերը», - հայտարարել է Իրավանին:

ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանն էլ ասել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ը քանիցս փորձել են խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով, սակայն Իրանը բանակցություններն օգտագործել է ժամանակ շահելու համար, որպեսզի շարունակի իր միջուկային ու հրթիռների ծրագիրը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG