Իրանի կառավարությունը ցանկանում է ջուր գնել հարևան երկրներից՝ երաշտից հետո ստեղծված ճգնաժամը մեղմելու համար։
«Եթե որևէ երկիր պատրաստ է ջուր վաճառել, մենք կգնենք այն», - ըստ «Ֆարս» լրատվական գործակալության՝ հայտարարել է էներգետիկայի նախարար Աբբաս Ալիբադին։
Իրանը վեցերորդ տարին անընդմեջ երաշտի մեջ է, Forbes-ում գրել է ՄԱԿ-ի փորձագետ Քավեհ Մադանին։ Մասնագետները պնդում են, որ պատճառը ոչ միայն կլիմայի փոփոխությունն է, այլև ոլորտի՝ տարիներ շարունակվող անարդյունավետ կառավարումը։
Անցած ամիս տեղական լրատվամիջոցները հաղորդել էին, որ բնակչության թվով երկրորդ քաղաքը՝ Մաշհադը սնուցող ամբարտակներում երեք տոկոսից էլ քիչ ջուր է մնացել։ Մայրաքաղաքում ևս խմելու ջուր մատակարարող հինգ խոշոր ջրամբարներից մեկը դատարկ է, մյուսները մոտ են դատարկվելուն։
Նախագահ Մասուդ Փեզեշքիանը չէր բացառել, որ եթե իրավիճակն առաջիկա շաբաթներին չբարելավվի, Թեհրանի բնակչությունը կարող է տարհանվել։