Իրանը հայտարարում է, թե Կատարում ամերիկյան ռազմակայանի վրա իրականացված երեկվա հարձակումն այդ երկրի հետ «կապ չունի» և իրագործվել է բացառապես «ինքնապաշտպանության» նպատակներով։
«Իրանը շարունակում է լիովին հավատարիմ մնալ իր բարիդրացիական քաղաքականությանը Կատարի և հարևան մյուս երկրների նկատմամբ», - X-ում գրել է Իրանի արտգործնախարարության խոսնակը։
Կատարի վարչապետը էլ այսօր հայտարարել է, որ Իրանի հրթիռային հարվածներն «անընդունելի» էին՝ «հատկապես այն դեպքում, երբ Դոհան մեծ դիվանագիտական ջանքեր է գործադրում իրավիճակը լիցքաթափելու համար»։
Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման բին Ջասիմ ալ-Թանին միաժամանակ հույս է հայտնել, որ Ծոցի երկրների միջև թշնամական գործողություններ այլևս չեն լինի։
Իրանի երեկվա հարվածներից հետո նախագահ Թրամփը հայտարարել էր, թե որևէ ամերիկացի չի տուժել։